Երազիս մասին

05-02-2014

931222_540519295991726_769402961_aԵս հիշում եմ գիշերը, ցերեկը, այն իմաստուն սերը, որ մենք ունեինք… Այսօր արդեն ոչ թե քո կարիքն ունեմ, այլ պահանջում եմ, որ դու լինես…Այսօր արդեն, ինձ կյանքի պես թանկ` օդի, ջրի նման պետք ես… Ամեն ինչ փլվում է առանց քեզ հիմա, ես չեմ կարողանում կառավարել կյանքս, ես չեմ կողմնորոշվում, թե ուր պետք է գնալ և ինչեր են ուզում, որ չեմ կարողանում տալ… Քեզանից հետո անընտանիք է մեր միասնությունը, որում փորձում եմ գոյատևման ձևեր գծագրել: Փորձում եմ կանոններ մտցնել,տոներ, հիշվող կամ հիշատակի օրեր, որ ընտանիք դառնան այն մարդիկ, ում թողեցիր մի օր… Թվում է , թե կարողացել եմ գտնել իդեալական մոդելը, քո երազած ընտանիքի կերպն ու դիրքը,բայց պակասում է մեր օդի մեջ ջերմությունն այն, որ կար այն ժամանակվա անկանոնության արանքներում…

Այսօր,ինչպես անընդհատ ավելի հաճախ, նորից հիշել էինք քեզ ու մի լավ քրքրեցինք մեր հին օրերը…Նրանք այնպես են խոսում, կարծես ամենաշատն են ունեցել քեզ, կարծես իրենք վերցրել էինքեզ ինձնից ու դու դարձել էիր իրենցը… Նրանք այդպես էլ չճանաչեցին քեզ, այդպես երբեք էլ չունեցան… Գիտե՞ս, ահագին շատ մահեր եղան քեզանից հետո, որ մի լավ կցավացնեին ներսդ: Հիմա չեմ իմանում տեղյա՞կ  ես, թե՞ չէ,բայց բեր չմանրանանք տխուր տոնի վրա…

Միամիտ հիշեցի, որ ինձ մի քանի չնչին րոպեներ պետք եկան Սևանից քաղաք հասնելու համար ու ես ավելի շուտ էի հասել հիվանդանոց, քան քեզ տանող «Շտապօգնության» մեքենան: Դու բարկացար, նեղացար բոլորի մոտ, իսկ ես չէի էլ զգացել այդ ամենը… Միայն հիմա հիշողությանս միջից լողացին այդ տեսարանները…Ես այնքան նոր բաներ ունեմ հիշելու…

Հիմա ու՞ր ես, ինչու՞ մի բան չես ասում: Մի՞թե ես ամեն ինչ ճիշտ եմ անում, այն էլ` առանց քեզ… Դժվար… Նույնիսկ այն ժամանակ էիր ամեն ինչիս մեջ սխալներս բռնում ու ցույց տալիս հատ-հատ: Միայն գիշերն էիր երազիս մեջ եկել, բայց բան չէիր ասում, երևի, զգում էիր, որ քեզ արդեն չափից շատ եմ կարոտել ու ինձ հիմա կարիք չկա նեղել… Ես կյանքում առաջին անգամ, երևի, ու այն էլ երազում, քեզ ամուր-ամուր գրկել ու համբուրում էի: Այնքան ամուր, որ հիմա անգամ վախենում եմ հիշել… Հիշում եմ միայն, որ իմ բոլոր-բոլոր կարևոր գործերը վերջապես մի կողմ էի շպրտել ու երկար եկել էի քեզ մոտ, եկել էի մնալու, որովհետև երազը տեսնելուց առաջ գիտեի, որ արդեն չկաս, իսկ այն ժամանակ, նույնիսկ մտքովս էլ չէր անցնի… Տատ, կարոտել եմ քեզ…

08.05.2013թ.

Google