Երազներս

31-12-2011

Երազներս կարմիր գորտնուկի են նման,

Ուր կաս դու ու չկաս նաև,

Եվ ապրում եմ ես քորվելով իմ մեջ,

Հույսեր ցրելով թե իմ,և թե քո երազանքների համար:

Ես նկարում եմ ինձ միայն քեզ համար`ուրիշ մաշկի մեջ,

Հավատ դառնալու անցածդ կյանքի փոխարեն,

Որ չցրվեմ ես, չփոշիանամ օրերիդ վազքում,

Ու լինեմ ուրիշ, լինեմ հարազատ, այն նույն կերպարով,

Որով դու մի օր երազել ես ինձ, ու թաքուն գրել բարակ թղթերին,

Որ հետո այրես ու կուլ տաս` շամպայնիդ քաղցր ումպերի հետ`

Տարվա վերջին րոպեների տակ:

Դու համ կոճղ ես ու համ էլ մուրճ,

Իսկ ես ընդամենը մի երկաթե սեպ,

Որ քո շնորհիվ ամեն բառիս հետ խրվում եմ խորը:

Արթնացիր զնգոցների ձայներից,

Ես արդեն բավականին ճեղքել եմ կյանքդ,

Մի հարված ևս, և հին կոճղի պես դու ել կկիսվես`

Համառ ու ամուր քո հարվածներից, որոնց համար ես

Չեմ խնայում ոչինչ , թեև ափսոսում եմ այն,

Որ խաբելու եմ նորից…

Ես, որ հորդորում եմ միշտ վստահել ինձ, ու դա ստացվում է,

Զարմանում եմ քո աղջկական հիմար հավատի վրա:

Սթափվիր, քո հարվածներով քո կյանքն ես ճեղքում,

Իսկ ինձնից հետո միայն ավերակներ են,

Փոշի, ափսոսանք…

Դադարիր ափսոսալ անցյալիդ համար,

Նայիր աչքերիս, ես վատնում եմ քեզ, ջարդում ամեն ինչ…

Դու կու՞յր ես, ինչ է, տես թե ինչպես են

Չարագուշակ կռռոցով ագռավները հավաքվել գլխիդ:

Բացիր պատուհանդ, ու երազներիդ միջից թող, բաց թող,

Որ ամպի պես սլանամ երկինք ու հօդս ցնդեմ ,

Թե չէ իզուր են նպատակներդ, բախտագուշակներդ բոլոր…

Մի կարծիր քոնն եմ…

Comments

  1. syune says:

    փշաքաղվել կարելի է, ասես ատամների կռճտոց լսվի տողերի միջից, զգացմունքների ստույգության տեսքով որ բառացի վերծանվել է մտքերիցդ….

Google