Սոնետ

31-12-2011

Թող դիակները սոնետներ հյուսեն ոտքերիդ համար,

Թող մուսաները բամբասեն նորից վերջալույսի մեջ

Դողացող ուսիդ ու մաշկիդ թավշե քնքշության մասին…

Թող ես վարակվեմ այսօր ուրիշով ու կենաց դառնամ

Նրանց շուրթերին, թող վեր բարձրանամ երազներից քո,

Թող դառնամ անցյալ ու լինեմ օտար……….

Ես քոնն եմ վաղուց, դու դրոշմել ես ինձ ու կապարակնքել

Մեր օրերում այն ուր վազվզում էինք երկինքներում յոթ,

Ուր պառկած իրար նամակ էինք գրում…

Արցունքներիս մեջ այսօր կօրորվես,

Կլողաս մի պահ մեղքերիս շարքում,

Կոնյակ կլցնի ինձ մի հին ընկեր

Ու կպատմեմ ես նրան քո մասին…

Ես կպատմեմ այն դողը գիժ մաշկիդ,

Խաղերդ ցնոր և զրնգոցդ,

Կպատմեմ ինչպես քո լույս էությամբ

Սենյակներս էիր լցնում ծիծաղով…

Ու բնավ էլ դու մի նայիր մութին,

Ուր էլի չկամ ու չեմ էլ գալու,

Գիտես, իմ ծաղիկ, ես ամեն գիշեր

Ուր էլ որ լինեմ, քեզ եմ տենչալու…

Հիմա ազատ ես, ու ստացել ես

Քո նախկին տեսքը արքայադստեր,

Որով հենց սկզբից ինձ փաթաթեցիր

Ուռկաններում քո անսահման սիրո…

Հիմա հպարտ ես , ուժեղ ու սիրուն,

Ինչպես եղել էիր և մինչև ինձդ…

Միթե ստվեր եմ եղել ես միայն

Ու միշտ ծածկել եմ ժպիտդ խելառ….

Դու թագուհի ես, դու այն ես ինչ կաս,

Ինչքան էլ հիմա բորենիներս

Կրծում են միսդ, ինչքան էլ այսօր

Քեզ ցավեցնում են իմ հին որբերը…

Կներես նրանց, ես դա էլ գիտեմ,

Նրանց պատժել է Երկինքը արդեն,

Նրանց իմաստն էլ միշտ փչացնելն է,

Միշտ խառնշտելը. դու ես Արարիչ:

Դու հենց կոչված ես, որ միշտ արարես,

Այնտեղ ուր միայն կավացեխ է հում,

Դու պետք է քարից դղյակներ սարքես,

Դա է քո դերը, իմ աստվածուհու….

Ու բեր լինեմ ես միշտ ցավդ,

Բեր միշտ արցունք դառնամ աչքիդ,

Թող չփակվի ինձնով օրդ,

Գիշերներում ինձ որոնի,

Բայց խնդրում եմ, թույլ տուր նորից,

Ուսերդ նուրբ ես համբուրեմ…

Comments

  1. syune says:

    ցնցված եմ……… շատ գեղեցիկ ես գրել ու շատ ներդաշնակ…..միտքդ հստակ հանձնել ես թղթին-զգացմունքներիդ հետ….ապրես, ուղղակի ամեն գործից հետո փշաքաղվում եմ, աչքերս սառում տողերի մեջ….

Google