***

31-12-2011

Մենակությունս թող թքի իմ երեսին

Մեղավորությունս` արցունքներ կորզի,

Անցողիկն եմ ցավոք այս կյանքի

Վայրկյանը դատարկ, ժպիտն անտեղի…

Արշալույսը իմ էլ գույներ չունի,

Կարոտներս` հասցե:

Բաժակ ինձ պետք չի այս գինետանը,

Հայհոյանքներս միայն մի անուն գիտեն…

Խաչմերուկները ինձ կյանքով տանող

Եղան փակուղի,

Հավատներս հոնորարով ծախված

Ինձ դարձրին անսուրբ…

Ու կորցնելու համար եղած չունեցող,

Գտնելու համար արդեն ծուլացած,

Ներումի համար անվերջ ուշացող,

Շոյանքի համար արդեն պառաված,

Ես` շնացողի իմ արվեստներով,

Կնքվեցի անտեր…

Ինձ…

Գործածեցին կրակելու համար,

Որպես փուչ փամփուշտ,

Կարոտի համար`

Հին լուսանկար,

Արձանի համար`

Բետոնե պատվար,

Համբույրի համար`

Ատամի մածուկ,

Կաշառքի համար`

Մի սպիտակ ծրար…

Ես` չունենալու իմ սովորությամբ,

Սկսեցի մուրալ,

Ձեռքերիս համար`

Տաք շնչառություն,

Մազերիս համար`

Հոգատար մատներ,

Ուսերիս համար`

Ամուր հենակներ…

Ու չունենալու իմ սովորությամբ

Ինձ գտան առանց իմ երազի,

Վերցրեցին մարմինս ցեխերի միջից,

Որ լավ լվանան կարիքներից բոլոր…

…Ու ինձ ունեցան, ինչպես շներին…

Comments

  1. syune says:

    Որպես ստեղծագործություն շատ գեղեցիկ է, բայց բովանդակության մեջ էլի դաժանությւոն է շպրտվում ընթերցողի մտքին, հեղինակի սրտից, ամոքիր քեզ, որ հանճար գործերիդ մեջ մի քիչ մեղմություն իջնի….

  2. syune says:

    գեղեցիկ, առատ համեմատությամբ, ինչպես միշտ չափից դուրս տիպիկ

Google