Իմ մասին

31-12-2011

Ես չեմ հիշում գիշե՞ր էր, թե՞ ցերեկ… Ասում են` լուսադեմ էր կամ երեկո, բայց հաստատ սեպտեմբեր էր, ամսի 14-ը, կիրակի:

Մարգարյան ծննդատունն էր: Ծնվեցի: Կանցնի ժամանակ ու կխաբեն, որ ինձ դալանի տակից են գտել, մեր բակից դեպի Բայրոնի փողոց դուրս եկող, ու ես կհավատամ ու կլացեմ:
Մեր շենքի դիմացի դպրոցն ընդունեցին, այնտեղ համ մայրս էր սովորել, ավարտել, համ տատս, համ մորաքույրներս, մի խոսքով, մեր ցեղի մեծ մասը: Առաջին ուսուցչուհուս լավ եմ հիշում… Ընկեր Նիկոլյանն էր, հետո բողոքեցին, թե ինչ, նրան փոխեցին երրորդից ու ընկեր Մովսիսյանը ստանձնեց “Դ” դասարանի դասղեկությունը: Հետո լուսահոգի Ներսիսյանն էր, ապա Մխիթարյանը, ում հետ էլ ավարտեցինք…

Մանկուց երազում էի ռազմական օդաչու դառնալ, ամեն ինչ անում էի դրա համար գիտակցական կյանքիս ընթացքում, բայց դպրոցից հետո պարզվեց, որ պիտանի չեմ շարային ծառայության, այն էլ խաղաղ պայմաններում ու ԴԻՄՈՐԴ 2003-ից ընտրեցի այն ԲՈՒՀ-ն ու բաժինը, որտեղ կարող էի ընդունվել:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի “Գրական ստեղծագործություն” ֆակուլտետն ավարտեցի ՀԳՄ քարտուղար Դավիթ Մուրադյանի ղեկավարությամբ:
Հետո ընդունվեցի ԵՊՀ “իրավագիտության” ֆակուլտետի հեռակա բաժինը, ապա՝ Պետական կառավարման ակադեմիայի Հանրային կառավարում ֆակուլտետը:

Թատերականի առաջին կուրսում էի, երբ կուրսի երեխաներից մեկը TVալիք հեռուստառադիոծրագրերի շաբաթաթերթում կարդաց հայտարարություն, որ երիտասարդ ստեղծագործողներին հրավիրում են նույն թերթի Շավիղ պատանեկան խմբագրություն` թղթակցելու: Ամբողջ կուրսով գնացինք: Բայց ժամանակի ընթացքում ամեն մեկը գնաց իր գործերով, իսկ ես մնացի: Ինը տարուց ավել տպագրվեցի այդտեղ:
Ճակատագրական էր Շավիղը, որտեղ ծանոթացա իմ գրական ուղու և կյանքի ամենամեծ ուսուցչին` Սերգեյ Հարությունյանին: 

Գրական ուղուս ընթացքի վրա ամենամեծ ազդեցությունն ունեցավ հենց Նա:

Ստեղծագործել սկսել եմ դպրոցական տարիքից: Տպագրվել եմ տարբեր թերթերում, պարբերականներում, ունեմ գրական մրցանակներ, այդտեսակ տարբեր թիթիզ բաներ: Ես ինձ չեմ համարում գրող: Գրում եմ ինձ համար ու բոլոր նրանց, ովքեր իմ տողերում ինչ-որ հարազատ կամ ծանոթ զգացողություններ կամ պատկերներ են տեսնում…

Այժմ Պետական Կառավարման Ակադեմիայում տնտեսագիտության ասպիրանտ եմ:

Ամուսնացած եմ, ունեմ մեկ տղա (դեռ)
Թերևս, այսքանը…

Google