Ամանորյա հեքիաթ

31-12-2011

480593_460514143992242_860955905_aԼուռ ցավեր են ծնվում, երբ գալիս ես տուն և դրսի լույսը վառած չի լինում:

Լուրջ դեմքերով մարդիկ շտապում են տուն տոպրակները ձեռքներին, փակված իրենց տոպրակներում, իրենք էլ` տոպրակների մեջ: Կարմիր քթերով Ձմեռ պապեր են թափառում աջ ու ձախ ու իրար հետ ծխում` մորուքները դեմքներից իջեցրած:«-Արի նկարվենք»,- գոռում են քեզ նորից ու դու հիշում ես, թե ինչպես օրերի մեջ հին, մի մարդ կար: Նա փակում էր ննջասենյակի դուռն ու ապարատից միասին հանում էիք ժապավենը զգույշ, որ լույս չտեսնեն թանկ կադրերը: Հետո թասով ջուր կար երևակման համար, և քմծիծաղով ասում ես մտքումդ. «Կորեք ձեր կեղծ ֆոտոներով»:

Հողը չի դիմանում: Գետնից հայհոյանքներ են բարձրանում երկինք, դժգոհություններ` հաճախ անտեղի, ու… մաղձ: Օդում… օդը ծանր է… Քաղաքում օդ չկա… Քաղաքում երբեք ամանորյա հեքիաթ չի լինում:

Մի տուն կա նրբանցքից այնկողմ, երկհարկանի: Մարդն այնտեղ էր ապրում: Ամեն տարի նա տուփերից հանում էր եղևնին, խաղալիքները և լույսեր, շատ, գունավոր… Նոր տարին պետք է լուսավոր լինի:

Ու մի տղա կար այդ տանը, նա միշտ մի խաղալիք կոտրում էր եղևնին զարդարելիս: Գանգուր մազեր ուներ, ու մեծ, սև աչքեր: Ժամանակի ընթացքում աչքերն իրենց գույնը փոխեցին, խաղալիքները քչացան, բայց Նոր տարին ամեն անգամ լուսավոր էր, քաղաքում օդ կար շնչելու:

Մարդը, որը ամենևին էլ Ձմեռ Պապ չէր և նույնիսկ մորուք էլ չուներ, այդ տղայի բարձի կողքին նվերներ էր դնում: Տղան քնում էր հանգիստ, և ի տարբերություն շատերի ուշ էր արթնանում: Նա հանգիստ էր, գիտեր, որ նոր տարվա առաջին օրն ինքն անպայման մի բան կգտնի անկողնում… և տարին լավ էր անցնում: Նա տղա էր, որը նաև, տոնածառը հավաքելուց էր մի խաղալիք ջարդում:Հիմա ունեցած խաղալիքները քիչ են, ու նորերը չկան: Խանութներում հիմար բաներ են վաճառում` անհեքիաթ, անփայլ ու անխորհուրդ:

Մի խաղալիք կար ժամացույցի նման, սլաքներով: Միշտ տասներկուսին հինգ պակաս էին ցույց տալիս դրանք: Դա առաջինն էր կախվում` ամենավերևում` աստղի տակ: Նրբանցքից այնկողմ` երկհարկանի տանը, մուտքում միշտ լույս էր վառվում,  սև աչքերով տղան խաղում էր աղյուսներով, իսկ երեկոյան անընդհատ նայում պատուհանից:

Հետո փողոցներում պարետային ժամ էր: Նույնիսկ այդ մուտքում լույս չկար: Հատուկենտ կրակոցներ էին լսվում երեկոյան, իսկ պատուհանին մոտենալն արգելվում էր: Կամաց-կամաց խաղալիքներ էին պակասում արկղերից, իսկ առավոտյան նվերներ չկային…

Google