Ամեն ինչ լավ կլինի…

31-12-2011

63172_460512090659114_572510846_aՁյուն է իջել նորից լուսնին… Ու այդ սպիտակը ատելով` ես օրեր եմ հիշել կրկին ճերմակ-ճերմակ ու անպտուղ: Ճերմակ պատեր, շորեր, սփռոց, ճերմակ սավան ու առաստաղ: Մինչ այդ իմ մեջ երկու ձայներ էին մնացել: Մեկը քոնն էր. “Չկարոտես, ես շուտ կգամ”: Մյուսն էլ… Այդ աղմուկից վերև, անջատող ու ատելի. “Երևան – Մադրիդ չվերթի ուղևորներին խնդրում ենք…”: Դու թողեցիր ինձ այն պահին, երբ ամենաշատն էիր հարկավոր: Դրանից հետո լռություն էր: Գիշեր: Լուսավոր մայրուղի: Հատուկենտ լուսարձակներ և անիմաստ լուսաֆոր:

Տանն անմիջապես քանոնով քարտեզը չափեցի: Երևան – Մադրիդ` 2,7 սմ: Եվ որպես մխիթարություն` մի կարճ բանաձև` 1սմ=1500կմ: Ինչ-որ մեկը գիտեր երևի, որ օրերից մի օր ես քանոնով իմ ու քո սրտերի արանքը կչափեմ:

“Չծխես, ալկոհոլ, կծու, թթու չօգտագործես”, – քո “չկարոտես”-ից երկու օր առաջ ասաց բժիշկը, բայց այս անգամ չասաց. “Ամեն ինչ լավ կլինի”: Ու իմ մեջ թաքուն վախեր ծնվեցին: “Ամեն ինչ լավ կլինի` ասում են նույնիսկ մեռնողին”, – սրանից շատ օրեր առաջ ընկերներիս հետ ծիծաղում էի ես, բայց սենյակից դուրս գալուց առաջ զգացի, թե ինչքան անհրաժեշտ են ինձ այդ բառերը: Գուցե մոռացա՞վ: “Գուցե մոռացավ”-ը դարձավ անհավատի աղոթք, խեղդվողի փրփուր ու անհայտ կորածի մոր աչք: Ու քո անտեղյակությունն ինքնաթիռն իր հետ պոկեց երկրից և ժամեր հետո հասցրեց ինձանից 2,7 սմ հեռու: Քո նամակներն այդպես էլ չկարդացի, որովհետև քո ահռելի կարոտը, հավատը, որ ինձ մոտ ամեն ինչ լավ է, կկոտրեր, ու կթքեի ամեն տեսակի սենյակների վրա: Ես կյանքը գնահատեցի ավելի թանկ, քան քեզ, ու… պառկեցի…

Դուրս գրվելուց հետո չդիմացա ու անմիջապես զանգեցի: Էլի խաբեցի` ասելով, որ ամեն ինչ լավ է, որ ամեն օր նամակ կգրեմ: Բոլոր աղջիկներն էլ լավն են, չնայած նույն նամակներն են գրում, և ես քեզ պատասխանելու ոչինչ չգտա մինչև այսօր:

“Ե՞րբ եմ հասնելու քեզ, ե՞րբ ես ինձ գրկելու, համբուրելու… Խնդրում եմ, էլ ինձ չթողնես, չթողնես, որ գնամ այսքան հեռու… Շուտով միասին կլինենք, մի մոռացիր իմ մասին…”: Այս մի քանի տողը շալակած, առաջին անգամ ուզում եմ, որ մեր հանդիպումն ուշանա… Ուզում եմ, որ էլ չգաս, մնաս այդտեղ…

Չորս ժամից ինքնաթիռը, որը երկու ամիս առաջ քեզ ինձնից տարավ, նորից կսահի նույն փայլուն ասֆալտով: Ես քեզ համար 63 հատ կարմիր, 63 հատ դեղին վարդեր կառնեմ: Դրանք իմ ու քո սպասումի օրերն են: Կգամ, կգրկեմ քեզ ամուր-ամուր, կհամբուրեմ ու կպատմեմ, որ քո այդքան հեռուն ընդամենը 2,7 սմ էր, կպատմեմ, թե ինչպես բժիշկը մոռացավ ասել. “Ամեն ինչ լավ կլինի”, ու այսպես ստացվեց, կպատմեմ լուսնի, ձյան, ճերմակի ու գիշերվա մասին, որտեղ երկու ձայն կար, մեկ անիմաստ լուսաֆոր ու հատուկենտ լուսարձակներ… Ու երևի դու էլ ինձ պես կատես այդ սպիտակը, որը մեղք չուներ, և որտեղ կորան իմ ու քո հավերժ միասին լինելու երազները:

Հետո երկար կքայլենք` արագիլների ու կաղամբների մասին հեքիաթներին անմնացորդ հավատալով: Հեքիաթներ, որոնցով, ափսոս, մեզ չեն խաբել…

2005 թվ.

Google