Ամպերը

16-02-2013

294049_478736418836681_245908484_aԻնձ թվում էր, թե բռնել եմ քո ձեռքերը և կարծում էի այնքան մոտ ես, որ այտերս թարթիչներդ են խուտուտ տալիս…

Ինձ թվում էր… Թվում էր այգին, բազմերանգ նստարանները, նկարած ծառերը, ամպերի կտորները կարմիր կարկատաններով ու միտքը, որ երբեք երկինք չես գնա…

Ես միայն այս ժամանակ էի հիշում, որ ինձնից բոյով ես, մանավանդ, բարձր կրունկներով, այս ժամանակ էի հիշում, որ բոբիկ իջնում էինք մի օր փողոցով… Դու` որովհետև ոտքերդ ցավում էին ախմախ կոշիկներից, ես` որ մենակ չնեղվես…

Չէիր նեղվի… Այս ժամանակ էի հիշում, որ թաթերդ վարդագույն են ու բամբակի նման փափուկ, հիշում էի, թե իբր դրանք ես համբուրել եմ մի օր կամ այնքան շատ էի մտածել այդ մասին, որ հավատում էի… Ես հավատում էի, որ ձեռքերդ ձեռքերիս մեջ են ու այտերիս թարթիչներիդ հպումներն են…

Ես հավատում էի, որ ձյուն կգա հիմի վատ կարկատած այս խաղալիք ամպերից…

Այդ օրն առաջին անգամ մտածեցի, թե ինչի՞ են հավատում ամպերը… Ես այնքան շատ էի սկսել հավատալ ու պատկերացնել, որ ամպերն արդեն չէին հավատա իմ հավատացածին… Իսկ ես կարծում էի, որ ամպերն ամենաշատ հավատն են իրենց մեջ կրում, չէ՞ որ մեր բոլորի հավատով լի աչքերը միշտ ուղղվում են նրանց… Մեր դժբախտություններն ու փորձանքները անամպ օրերի չեն գալիս ու մեր հուսահատ կամ հավատալի աչքերը միշտ ամպերին են հանդիպում…

Ես մոռացել էի, որ թարթիչներ չունես, դրանք խանձվել էին մի օր արևից, երբ երանության մեջ երկինք էինք թռչում… Դու ավելի շատ էիր այդ օրը թեթև ու անզգույշ դիպար արևին… Արևից կտոր ընկավ աչքերիդ մեջ ու թարթիչներդ խանձվեցին, բայց արևի կտորները մնացին աչքերումդ, ու անգամ երբ դրանք փակ էին, ես ջերմությունն էի զգում այդ բեկորների…

Ձեռքերդ միշտ քրտնում էին իմ ձեռքերի մեջ ու դու դրանք ամոթխած հետ էիր քաշում… Բայց հիմա գիտեմ, որ թե այս պահին դրանք քրտնեն, սառցե շերտով կառանձնանան իմ ափերից…

Դու երկար, շատ երկար ես փնտրել քեզ իմ ափերի գծերում, ինչպես և ես քո գնալուց հետո… Ոչ ես եմ երբևէ գտել, ոչ էլ երևի դու, բայց դա չի նշանակի, որ իմ ափերում ուրիշ նավեր կսկսեն երևալ… Եթե գտնեիր, եթե ես գտնեի…

Հիվանդ զառանցանքս է սա հիմա կրկին… Այգին, ամպերը, հիվանդ հավատներս, թարթիչներդ… Միայն արևներիդ հուրն է ջերմացնում ինձ հիմա, խորքից, ներքևից, հողի տակից…

Ես աչքերս կբացեմ, կարթնանամ հիմա քո ծաղկեպսակների մեջ ու էլի կհամոզվեմ, որ դու երբեք երկինք չես գնա…

Google