Ամրագոտին

14-06-2014

13463688785_bc21386c3f_zԵս երբեք այլևս չեմ կարողանա բարձրանալ այս մուտքի աստիճաններով, ուր ժամանակին ամեն օր էի լինում: Թերևս, նա ՝ նույնպես…

Ես նրանից մեծ եմ մեկ ամսով կամ մի փոքր քիչ: Ես ծնվել եմ այս բակում, ուր ապրել են պապերս, նրանց պապերը և այդպես շարունակ, չնայած, վստահ չեմ, որ այս բակն այդքան հին է, որովհետև մեր բանվորական թաղամասն, ասում են, բավականին երիտասարդ է: Տաս տարեկան էի, երբ նա եկավ մեր բակ: Ինքն էր և տատը: Տեղափոխվել էին կենտրոնից: Հենց առաջին օրից չէի սիրում նրան, որովհետև շատ կոկիկ և նրբլիկ տղա էր: Իսկ մենք ընկերներով ման էինք գալիս միշտ կեղտոտ մռութներով ու մաշված շորերով: Նա ձմռանն անգամ շարֆ էր կապում և գլխարկ էր դնում: Զվարճալի տեսք ուներ, երբ իջնում էր ձնագնդի խաղալու: Գլխի վրա երևում էին միայն աչքերը, քանի որ շարֆը ծածկում էր դեմքի մի կեսը, գլխարկը՝ մյուս: Մենք բակի հներով միշտ «նեղում» էինք նրան, թավալում ձների մեջ, ֆուտբոլի ժամանակ հրում գցում: Նա երբեք կռիվ չէր անում և չէր պատասխանում մեր ծաղրանքներին: Ժամանակի հետ ես ավելի ու ավելի էի զզվում նրանից, որովհետև ի սկզբանե չէի սիրում խեղճերին և թույլերին: Այդպես հետզհետե նա հեռացավ մեր ընկերական շրջապատից և սկսեց համարյա բակ չիջնել: Մի տարի հետո լրիվ մոռացանք նրա մասին…

Մորաքույրս Մոսկվայում էր ամուսնացել և ես նրան, գրեթե, չէի տեսել, չնայած, ամեն շաբաթ կամ շաբաթը երկու անգամ մերոնք խոսում էին հեռախոսով հետը: Այդ ժամանակ Հայաստանից արտերկիր խոսելը բավականին թանկ էր քաղաքային հեռախոսով, բջջայինները նոր էին հայտնվել և հասու չէին բոլորին, մերոնք էլ խոսում էին մորաքրոջս հետ ինտերնետ հեռախոսակապի ծառայությունների միջոցով: Տանից պատվիրում էին, հետո մեկ շաբաթվա ընթացքում տեսուչը մոտենում ու կտրոնով վերցնում էր գումարը: Այդ օրը մենակ էի մնացել տանը, մերոնք գնացել էին գյուղ՝ ծիրան բերելու, ինձ էլ պատվիրել էին տանից դուրս չգալ, որովհետև տեսուչի հետ պայմանավորվել էին գումարի համար: Ես մտքիս մեջ անընդհատ հայհոյում էի տեսուչին, որ ամառային այդ հրաշք օրով պիտի նստեմ տանը՝ լողավազան գնալու փոխարեն: Ժամը չորսն էր, երբ դուռը թակեցին: Ես ուրախացած վազեցի բացելու, բայց տեսուչի փոխարեն Սմբատն էր, ում մասին արդեն լրիվ մոռացել էինք:
– Ի՞նչ ես ուզում, – կոպիտ հարցրի ես:
– Բարև, Գուգ, եկել եմ հեռախոսի փողը տանեմ:
– Ի՞նչ հեռախոս:
– Որ Մոսկվա եք խոսել:
– Դու ի՞նչ գիտես:
– Ես «Տելնետում» եմ աշխատում, տեսուչն եմ:
Այդ պահին ես չեմ կարող բացատրել, թե ինչ զգացի, բայց այն բոլոր
զգացողությունները, որ ունեցել էի նրա հանդեպ մինչև այսօր, մի ակնթարթում կորան: Իմ դիմաց կանգնած էր տասներկու տարեկան տղամարդ, ով արդեն աշխատում էր, ով իր մանկությունը փոխանակել էր գոյատևման հետ: Ով ուներ տատ և ուրիշ ոչինչ:
Ես տվեցի նրան գումարը, նա վերադարձրեց մանրն ու գնաց: Երկար
ժամանակ չէի կարողանում փակել տան դուռն ու գնալ ներս: Նույնիսկ լողավազանի տրամադրությունն էր կորել: Հագնվեցի ու գնացի նրանց տուն: Դուռը երկար թակեցի, բայց ոչ մեկ չբացեց: Ստիպված իջա ներքև, մուտքի մոտ սկսեցի սպասել նրան: Երեկոյան տասնմեկն էր, երբ եկավ:
– Սմբատ, – ձայն տվեցի նրան: Մոտեցավ: Չգիտեի ինչից սկսեի, ինչպես ընկերանայի հետը:
– Վաղը կգա՞ս իջնենք «20 կոպեկնոց»:
– Չէ, վաղը գործի եմ:
– Ինչի՞ ես աշխատում:
– Որ փող ունենամ:
– Ինչքա՞ն:
– Շատ:
– Ինչքա՞ն շատ:
– Շատ – շատ: Ես ուզում եմ հարուստ լինեմ:
– Ինչքա՞ն ժամանակ ա, որ աշխատում ես:
– Մի շաբաթ:
– Հավաքում ե՞ս:
– Հա: Արդեն 2000 դրամ ունեմ: Պիտի դարձնեմ 3000, որ հեծանիվ առնեմ:
– Հեծանի՞վ: Բա դու ասում ես ուզում ես հարուստ լինես, որ հեծանիվ առնես, փողերդ կվերջանան:
– Չէ: Հեծանիվն ինձ փող կբերի:
– Ո՞նց:
– Կիմանաս, – ու գնաց տուն:
Ես անընդհատ ուզում էի շփվեի հետը, ուզում էի ես էլ փող աշխատեի, ուզում էի նրա կողքին լինեի, որովհետև զգում էի, որ նա արտասովոր էր: Նրա կողքին կանգնած ես մի տեսակ էներգիա էի զգում, որ գալիս էր դեպի ինձ: Մի անբացատրելի ուժ կար մեջը, անբացատրելի ձգողականություն:
Դեպքից տաս օր էր անցել համարյա: Չնայած իմ ցանկություններին, այդպես էլ չէի կարողանում բռնացնել նրան: Սկսել էի քաշվել, սկսել էի զգալ նրան բացարձակ առավել իմ նկատմամբ: Այդպես թրև էի գալիս բակում, երբ երկու տղա մոտեցան, 17 – 18 տարեկան.
– Ապեր ջան, ձեր բակում հեծանիվ սարքող տղա կա, որտե՞ղ ա ապրում: Անունն էլ՝ Սմբատ ա:
Հեծանիվ սարքո՞ղ: Մեր բակում մի Սմբատ կա, ով մի քանի օր առաջ հեծանիվ էր ուզում առներ… Մի՞թե: Խառը մտքերը ճնշում էին գլխիս կաղապարը ներսից, բայց առանց ինձ կորցնելու ասացի.
– Հա, իհարկե: Իմ ընկերն ա, եկեք տանեմ ցույց տամ:
Ես նրանց հետ բարձրացա Սմբատենց տուն: Դուռը բացեց նրա տատը, ում առաջին անգամ էի տեսնում: Փոքրամարմին, բարի աչքերով ծեր կին էր:
– Եկեք ներս, – ասաց նա, – Սմբատը բալկոնում ա:
Երեք սենյականոց հին տուն էր: Չհասցրեցի լավ աչքի անցկացնել, որովհետև առաջին ննջասենյակի միջով դուրս եկանք բաց պատշգամբ: Ննջասենյակում փոքրիկ մահճակալ էր դրված, մահճակալի վերևի պատից մի քանի պատվոգրեր էին կախած, մյուս պատի տակ սպասքի պահարաններ էին դրված՝ մեջն ամբողջությամբ գրքեր: Կարծես, գրադարան մտած լինեինք: Սմբատը պատշգամբում նստած էր ծառի քոթուկի վրա, դիմացը կապրոնե թաս էր սև հեղուկով, որի հոտից ենթադրի, որ սևացած բենզին էր: Նա այդ բենզինի մեջ հեծանիվի շղթա էր լվանում, ձեռքերն ամբողջովին մրոտ էին: Տեղ – տեղ էլ մուրը քսվել էր դեմքին, երևի, քրտինքը սրբելուց ու մի քանի լաքաներ էին մնացել այտերին ու ճակատի մոտ: Նա դաստակով բարևեց բոլորիս:
– Պատրաստ ա, – ասաց հետիս տղաներին ու կողքից հեծանիվի զույգ ոտնակներ մեկնեց նրանց:
– Ապրես, ապեր, – ասաց նրանցից բարձրահասակն ու ավելացրեց, – ի՞նչ պիտի տամ:
– Երկու հազար, – ասաց Սմբատը: Տղան գրպանից հանեց երկու հատ հազարանոց, մեկնեց Սմբատին և հաջողություն ասելով գնացին: Սմբատը տեղից չշարժվեց, ես նրանց ճանապարհեցի ու հետ եկա: Պատշգամբում հեծանիվի մասեր էին թափթփված, պատից շղթաներ էին կախված, աստղիկներ, ղեկ:
– Ի՞նչ ես անում, – հարցրի նրան:
– Էս ցեպը պոկված էր, սարքել եմ, հիմա լվանում եմ, որ գան տանեն: Տեսա՞ր, որ ասում էի հեծանիվն ինձ փող կբերի…
Ես չգիտեի ինչ ասեի, իսկ նա խորամանկ աչքերով նայում էր ինձ:
– Ես էլ եմ ուզում աշխատեմ, կգա՞ս իրար հետ գործ անենք:
– Ի՞նչ կարաս անես:
– Ինչ ասես:
– Լավ, բայց ես եմ որոշելու, թե ինչքան փող տամ քեզ:
– Ինձ փող պետք չի, ուղղակի, բան չունեմ անելու:
– Չէ, եթե աշխատելու ես, ուրեմն փողով, եթե չէ, ուրեմն նստի նայի:
– Չէ, ուզում եմ օգնեմ:
– Լավ, – ասաց նա: Ու մենք ընկերացանք:
Ես ամեն օր ավելի ու ավելի էի զարմանում նրա վրա: Նա այնքան շատ բան գիտեր ու այնքան շատ բան էր կարողանում, որ իմ աչքին նրա փոքրիկ կերպարանքը հետզհետե հսկայի էր նմանվում: Ինձ թվում էր, թե նա կարդացել է իրենց տան բոլոր գրքերը, որոնք մյուս սենյակներում ավելի շատ էին, որ նա կարող է ամեն բան, որ նա մասնագետ է ամեն ինչում և ամեն ինչով ինձնից ու բոլորից առավել: Նա Սմբատն էր:
1993-ի պարետային ժամի ժամանակ միլիցիան կամ ԽՍՀՄ զինվորները սպանել էին հորն ու մորը, երբ վերջիններս իջել էին ձորից փայտ բերելու: Ես այդքանը գիտեի այն ժամանակ, մինչև հետո կպարզեմ, որ իրականում Սմբատի հայրը հանցագործ էր, իսկ մայրն էլ օրինական կինը չէր: Կպարզեմ, որ հոր անունը կապված էր հանցավոր աշխարհի շատ ու շատ կարկառուն ներկայացուցիչների հետ, ինչի մասին Սմբատի հետ երբեք չեմ խոսի: Այս ծեր կինը նրա մորական տատն է՝ պրոֆեսոր, գիտնական: Այս բոլոր գրքերը նրանն են ու նա հաստատ կարդացել է բոլորը: Ժամանակի ընթացքում ես այդ կնոջը՝ Լիդային, ավելի շատ կսիրեմ, քան իմ բոլոր տատերին: Ժամանակի ընթացքում Լիդան ինձ համար տատիկ կդառնա:
Սմբատը մոտի եղած գումարով հեծանիվ էր առել, քանդել և սկսել էր մաս – մաս վաճառել, որպես պահեստամաս: Այդպես քառակի ավել գումար էր աշխատում: Շարունակում էր աշխատել տեսուչ: Ես ամբողջ օրը նրա հետ էի: Շաբաթական երկու անգամ մենք Հանրապետության հրապարակի «Արհմիությունների կոնֆեդերացիա» ցուցանակով շենքի երկրորդ հարկի նեղ ու երկար միջանցքի ձախակողմյան վերջին սենյակից վերցնում էինք մեր թաղամասի՝ 4-ով սկսվող հեռախոսահամարների զույգերի (42,44,46,48), կտրոններն ու ոտքով գնում դրանց վրա նշված հասցեներով: Ամառվա երևանյան տապին ցերեկները պատշգամբում նստած հեծանիվի մասեր էինք քանդում, սարքում, գնում, վաճառում, իսկ երեկոյան դուրս գալիս հեռախոսակապի գումարները գանձելու: Ինձ չափազանց հետաքրքիր էր նրա հետ: Ամեն օր մի նոր բան էի սովորում, երբեք չէի ձանձրանում և իսպառ մոռացել էի խաղերի, մյուս ընկերների մասին: Ամեն օրվա վերջում նա իր կամ մեր աշխատած գումարի տաս տոկոսն ինձ էր տալիս: Առաջին անգամն էր միայն, որ չէի վերցնում և առաջին անգամ էր, որ տեսա նրա «ատամները»: Նա չափազանց վճռական էր, իշխող և ես արդեն վախենում էի նրանից, ակնածանքով վերաբերում: Նա անընդհատ գործեր էր բռնում, գործեր էր գտնում: Մենք շենքերի մուտքերով գովազդային այցեքարտեր էինք բաժանում, ակնոցներ էինք տեղափոխում արտադրամասից խանութ, կիլոգրամով ցելոֆանե տոպրակներ էինք առնում, 100 – ական դասավորում, գրամեքենայով և պատճենաթղթով պիտակներ սարքում, փակցնում դրանց վրա և եռակի թանկ վաճառում: Նա կարողանում էր օդից փող ստեղծել: Ամեն տեղ ծանոթներ ուներ, ընկերներ:
Պատից կախված այն պատվոգրերը հրաձգության մրցումներից էր ստացել: Տաս տարեկանից պարապում էր ԴՈՍԱՖ-ում: Ուսուցչի հետ խոսել էր և շուտով արդեն միասին էինք հաճախում մարզումների: Ես զենքի ու հրաձգության հետ սեր չունեի, ինձ ձանձրալի էր, բայց քանի որ դա նրա տարերքն էր, ավտոմատ կերպով ես էլ էի սկսել սիրել, ինձ էլ էր չափազանց հետաքրքիր դարձել: Նա լավ էր կրակում: Լավից մի բան էլ շատ: Ես միշտ երազում էի նրա նման լինել, նրա նման կարողանալ անել, բայց երբեք մտքովս չէր անցնում նրանից լավը դառնալ, քանի որ նա ինձ համար իդեալական էր, դրանից այնկողմ տեղ չկար:
Դասերի ժամանակ նա սովորում էր: Լավ էր սովորում: Մինչև հինգերորդ դասարան գերազանցիկ էր: Նրա մեջ խելահեղ էներգիա ու եռանդ կար: Թվում էր, թե երբեք չի հոգնում: Երազում էր ռազմական օդաչու դառնալ:
Տասնյոթ տարեկան էինք, երբ Սարի Թաղում ինտերնետ ակումբ բացեցինք:
– Նայի, – ասաց ինձ նա, – համակարգիչները նոր – նոր են հայտնվել ու քաղաքն արդեն զբաղված ա ինտերնետ ակումբներով: Իսկ Սարի Թաղում ոչ մի հատ չկա: Ու եթե չհասցնենք, շուտով ուրիշները կունենան:
Հասցրեցինք:
Նրան բանակում ծառայության համար ոչ պիտանի ճանաչեցին: Հարթաթաթ էր: Ռազմական օդաչուի մասին երազանքը հօդս ցնդեց:
– Ես վարչապետ եմ ուզում դառնամ, – մի օր ասաց նա: Հետո ընդունվեց պետհամալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Առավոտյան գնում էր դասի, հետո գալիս էր ինտերնետ ակումբ, ես գնում էի քնելու: Երեկոյան գալիս էի, նա էր գնում քնելու: Հետո ես գնացի բանակ, ԼՂՀ Մարտունի: Ամեն ամիս գալիս էր ինձ տեսակցության: Մեկ տարի հետո մեքենա էր առել՝ 1993 թ. «Վոլկսվագեն»:
– Լսի, – ասաց ինձ հերթական այցի ժամանակ, – մարդիկ սկսում են հեռախոսով մտնել ինտերնետ: Գործը շուտով կմեռնի: Բոլորը համարյա համակարգիչ ունեն: Մի հատ ծանոթ եմ գտել, Չինաստանից ապրանքներ ա բերում, ես էլ տոնավաճառում տեղ եմ վերցրել: Ներքնազգեստ, գուլպա ու գոտի: Հայաստանում դեռ ոչ մեկ դրանով չի զբաղվում…
Բանակից եկա, նա արդեն քաղաքի բոլոր տոնավաճառներում երկուական վաճառակետ ուներ: Մեկ ամիս էլ չէր անցել, արդեն ինքն էր գնում Չինաստան ու սկսեց նաև մեծածախ առևտրով զբաղվել…
Մեքենան փոխել էր: «Տոյոտա» ջիպ էր:
Մի օր միասին գնում էինք պահեստ՝ ապրանք բաց թողնելու, դիմացներովս զինվորականներ տեղափոխող բեռնատարների ավտոշարասյուն էր ընթանում: Նա արագացրեց մեքենայի ընթացքը, բավականին անցավ նրանցից, սուպերմարկետի մոտ կանգնեց, վազելով մտավ ներս, քիչ անց դուրս եկավ, ձեռքով արեց: Գնացի:
– Լսի, – օգնի էս սիգարետները հանենք, – ու մատնացույց արեց մի քանի արկղ սիգարետը: Մենք դրանք բոլորը լցրեցինք մեքենայի մեջ: Երբ զինվորականների ավտոշարասյունը մոտեցավ, նա կտրուկ թեքեց մեքենայի ղեկը, փակեց դիմացից եկող բեռնատարի ճանապարհն ու միջից արագ իջավ: Շարասյունը կանգնեց: Ոստիկաններն ու ուղեկցողները սկսեցին սուլել, ձայնային ազդանշաններ տալ, իսկ նրա պետքն էլ չէր: Մինչև կհասցնեի կողմնորոշվել, նա արդեն մեքենայից հանում էր արկղով սիգարետներն ու ամեն մեքենայի մեջ մեկական նետում: Դա տևեց մոտ յոթ րոպե: Մինչ կհասկանային կատարվածը, նա արդեն մեքենայի ղեկին էր, իսկ մենք պահեստի ճանապարհին:
Հրաշալի վարորդ էր: Մի օր խնդրեցի ինձ էլ սովորեցնի մեքենա վարել: Սկզբում զարմացավ, հետո զայրացավ, թե ինչու՞ մինչև հիմա չգիտեմ ու նոր եմ դրա մասին ասում: Ուղիղ մեկ շաբաթ, ամեն երեկո նա ինձ մանրամասն սովորեցնում էր, տալիս էր, որ քշեմ: Ցերեկները, երբ ինքն էր քշում, անընդհատ խորհուրդներ էր տալիս, օրինակներ բերում:
Այդ օրը գնում էինք Բագրատաշեն: Սահմանին վրացիները ապրանք էին բերում, պիտի վերցնեինք: Երբ Երևանից դուրս եկանք, խնդրեցի նրան, որ քշեմ: Դեռ ցերեկով երբեք չէի քշել: Մայրուղին էլ համեմատաբար քիչ է ծանրաբեռնված: Նա առանց վարանելու համաձայնեց: Չարենցավանի մոտ տեղափոխվեցինք ու ղեկին ես նստեցի:
– Լսի, – ասաց նա, – ես քեզ ի՞նչ եմ ասել:
– Ի՞նչ:
– Ամրագոտիդ կապիր, – խիստ տոնով ասաց նա: Ես ուզում էի հարցնել, թե ինքն ինչու՞ չի կապում, բայց տոնն այնքան հրամայական էր, որ առարկել չհամարձակվեցի: «Ես՝ ես եմ», – կասեր նա:
Նա ինձ այնքան լավ էր սովորեցրել քշելը, որ վստահ էի ինձ զգում ու բացարձակ չէի հուզվում: Առաջին անգամ կյանքում ես մեքենան վարում էի 90 կմ / ժ արագությամբ: Մայրուղին ընդարձակ էր, իսկ մեքենան խելոք ենթարկվում էր: Նա հանգիստ նստած էր կողքիս հեռախոսով խաղ էր խաղում: Ես օգտվելով նրա ուշադրության բացակայությունից ավելի հանգիստ էի և ինքնավստահ: Սիգարեթ վառեցի: Կիսաբաց լուսամուտին հենված ես մի ձեռքով ղեկն էի բռնել, մյուսով՝ սիգարեթը: Երբ սիգարեթս տարա պատուհանի մոտ, որ թափ տամ մոխիրը, արագության քամին մատներիս արանքից հանեց գլանակն ու նետեց ներս: Սիգարեթս դիպավ ուսիս և ընկավ նստատեղիս ու դռան արանքը: Ինձ թվաց հիմա հրդեհ կբռնկվի, որովհետև մեքենայի սրահի հատակը բրդյա գորգից էր: Չէի կարողանում նորմալ շարժվել, որովհետև ամրակապված էի: Փորձեցի կռանալ, որ մատներիս ծայրով վերցնեմ այն, բայց մոռացել էի, որ մյուս ձեռքս ղեկին է և մեխանիկորեն ձեռքս մարմնիս հետ թեքեցի: Զգացի, թե ինչպես ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, ճամփեզրի արգելապատնեշների սև – սպիտակը բարձրացավ երկինք, մոտեցավ, մոտեցավ ու ես տեսա ծառը…
…Արդեն երեք տարի է անցել այդ օրից: Աշխարհի բոլոր խոշորագույն կլինիկաներն ուղարկել են իրենց պատասխանները. «Չի քայլի»: Նա երեք տարի է այդպես անօգնական ու անշարժ պառկած է տանը: Տատը խնամում է: Տատը նրան ջուր է տալիս, կերակրում, փոխում շորերը, լողացնում: Նա անգամ վիզը չի կարողանում շարժել: Այս երեք տարվա մեջ ես երբեք նրա մոտ չեմ գնացել, չնայած, որ մեր տները մի քանի մետր հեռավորության վրա են, չնայած, որ նա ամեն ամիս 450 կիլոմետր անցնում էր, որ ինձ տեսնի ու նույնքան էլ հետ էր գնում: Նա այդպես անշարժ պառկած է, չնայած ինձնից լավ ոչ մեկ չգիտի, թե ինչքան շատ կյանք կա մեջը ու ինչպես է հիմա էներգիան ու աշխուժությունը եռում մեջը: Ես երբեք կյանքում չեմ կարողանա տեսնել նրան այդ վիճակում, չնայած գիտեմ, որ երեք տարի ամեն օր նա սպասում է ինձ: Գիտեմ, որ մեր ընկերները մի անգամ իմ անունն են տվել մոտը ու տեսել, թե ինչպես է արցունքն աչքի ծայրից դուրս պրծել ու այտոսկրի վրայով կաթացել բարձին: Ես երբեք չեմ հավատա, որ նա երբևէ կլացի, անգամ, այս վիճակում: Ես երբեք չեմ կարողանա նայել նրա աչքերի մեջ, չեմ կարողանա տեսնել նրա աչքերը, որոնք ուզում եմ իմ հիշողության մեջ մնան այն ձմռան պես՝ շարֆի ու գլխարկի արանքից երևացող կամ պատշգամբում նստած խորամանկ նայելիս: Ես չգիտեմ, թե ինչ կլինի մի օր, երբ նրա տատը դադարի խնամելուց, դադարի շնչելուց… Ես երազում եմ, որ հետ գա այն օրը ու ես մեջս տղամարդկություն գտնելով՝ չլսեմ նրան, չկապեմ այդ անիծյալ ամրագոտին…

 

Google