Անհեքիաթ

19-04-2013

original_mirrorՄի երկու կամ երեք սուտ ամսից կգնաս… Չգիտեմ ուր, չգիտեմ ինչու… Հիմա այսպես մտածել եմ ուզում, որ չկենտրոնանամ հետևիցդ գալու մտքերի վրա… Ես չեմ ուզում գալ, որովհետև դու թեև լավն ես, թեև կաս իմ կյանքում, բայց ժամանակավոր հերթական իմ կամակորությունն ես… Արդեն գիտեմ, որ այն միակն ու հավերժը չկա, չի լինելու կամ անցել-սպառվել է… Դու կգնաս մի ինչ-որ հեռու տեղ, ուր աստղեր չկան, ուր չկա բարձունքից բացվող քաղաքի տեսարանը… Իմ, քո Երևանի…

Ուր չկան բարի ոստիկաններ, ովքեր որ ժամն էլ լինի կներեն մեզ հասարակական կարգը խախտելու համար… Ուր չեն լինի այսքան ծանոթ ու խուլ վայրեր, որտեղ անգամ ամենասուր ականջն ի զորու չէ որսալ կրքակորույս աղմուկդ… Դու կգնաս անկիրք ու ամեն ինչ կթողնես ինձ…

Ամեն անգամ ես պատկերացնում եմ տեղը, ուր դու լինելու ես… Միշտ սև-սպիտակ գույներով… Մռայլի ու ստվերների մեջ… Ինչպես այն ինչ-որ մեկի պատկերասրահի նկարները, ուր մտել էինք, որովհետև անձրև էր… Ու լավ էր, որ հսկիչը ծեր, կիսախուլ կին էր ու ալարում էր գալ մեզ մոտ: Դու չգիտես, բայց մեզանից հետո այդտեղի բոլոր սենյակները վառ երանգներ ստացան, կենդանացան… Պատերն իրենց մեջ պահում են մեր տեսքերը…

Ես գիտեմ նաև, որ թեև ամեն օր քեզ ափսոսանքով նայողների ու ինձ նախանձողների բանակը շատացնում ես, բայց մի օր գալու է քո մատներն օղակելու ժամանակը… Ես ճանաչում եմ ծնողներիդ… Քեզ… Նպատակներդ… Ու կանցնի այդ կարճ ժամանակը, կհասնի երազածդ պահը: Դու ձեռքերումդ կբռնես աշխարհի ամենամեծ ձեռքբերումդ, աշխարհի ամենաարև փոքրիկին… Քո, նրա… Այն աստղերի պես, որոնք ուրիշ ոչ մի տեղ չկան, մեծ ու փայլփլուն աչքերով: Մեծ, փայլփլուն, իսկ ներսում` ամենախորքում, միշտ իմոնց տխրությունը: Ինչպե՞ս: Ես քեզ կասեմ… Հետո…

Այդտեղ կվերջանա հեքիաթը մեր հյուսած… Այն, որը մի օր վերջանալու էր հենց այստեղ, առանց խնձորների: Դու կկերակրես նրան, կաթի ծանրությունից կրծքերդ կկախվեն, հետո ամեն ինչ կանցնի, իսկ դու կկորցնես կերպարն աստվածուհու ու կդառնաս … կով… Նրանց նման, ում միշտ անհոգ ծաղրել ես… Հետո էլի, էլի լիքը ածանցներ, լիքը բայցեր… Դու կդառնաս այն, ինչից փախնում էիր միշտ… Փախնում էիր ինձ մոտ… Իմ անապագա, աններկա ու անհոգ կյանք…

Դու կգնաս, հաստատ… Ու սուտ կլիներ, եթե հիմա ասեի, թե` մնա, մնա ու ձեռքերումդ բռնի իմ ու քո հրաշամանուկին, մնա, որովհետև ես քեզ կսիրեմ այդպես կախված կրծքերով, այդպես ածանցներով, այդպես կով… Ես քեզ հիմա էլ չեմ սիրում, ես քեզ երբեք էլ չեմ սիրի… Ու դու չես, որ մեղավորն ես դրա… Ես ուրախ եմ, որ իմ կիրքն ես, իմ աստղազարդ ու ցուրտ գիշերների մուսան… Իմ անսխալ ու կատարյալ կերպարը… Իմ հորինածը…

Գնա…

Google