Անլուսին

22-09-2017

 

 

 

Ամենահով երեկոն է այսօր այս ամռան,

Անլուսին երկնքի լացն է տարուբերում

Պատուհանիս դիմաց ծերացող բարդին:

Ագռավները շարվել ու սպասում են ձեռքիս,

Իսկ ես ձեռնունայն եմ, կամ՝ մի գավաթ սուրճ:

 

Գիշերվա սառնությունը նրա հոտն ունի,

Ով անդավաճան քնած է հիմա մեջքիս ետևում,

Ով մի ամբողջ կյանք կողքիս է եղել,

Ով մի ամբողջ կյանք պահել է իրեն,

Որ մինչև վերջին մասնիկը եղած

Ինձ նվիրաբերի…

Իսկ դու ինձ խորթ ես…

Վերցնովի աղջիկ՝ ինչ – որ ուրիշի,

Ում ժամանակին դու նվիրվել ես

Կամ նվիրել ես մասնիկդ վերջին…

 

Գիշերվա մութը անթափանցելի

Նրա աչքերի գույնն է նկարում,

Ինչպես որ որդիս իր այն նկարում,

Ուր չգիտակցված ամուր բնազդով

Իր մորն է գրկում…

 

Կար մի ժամանակ, որ թեյ էի սիրում

Եվ միշտ ահռելի, մեծ ու գունավոր

Բաժակներ էի ես նվեր ստանում:

Պահել եմ դրանք խորը դարակում

Ու պարզաջրել տարբեր տեսակի

Աչքերի գույնից՝ թեյիս մեջ սուզվող:

Սև թեյիս նման անհատակ են այն՝

Հավատարիմի աչքերը նրա…

 

Ես մեծացել եմ ու ձանձրանում եմ

Սիրախաղերի նման պարուրող

Այս անվերջանալի մեղկ պիեսներից,

Ուր կամ լալիս են անցյալն հիշելուց

Կամ փոշմանում են կիսատ մնալուց,

Վերադառնում են ուսիս լացելու

Եվ խեղճ սփոփանք են փնտրում իմ ներսում:

 

Ինչքա՜ն մենակ մնացած և չքամված լացեր կան,

Ինչքա՜ն հառաչանք ու ափսոսանքի սվսվոց…

Իսկ ես վերադառնում եմ գրկելու իմ փոքրիկ տունը,

Նրան՝ հավատարիմի սաթե աչքերով,

Եվ դեռ միակին՝ անկողնու շարժից թույլ նվնվացող…

 

Անագռավ գիշեր է լինելու…

 

Google