Ապակիներ

15-05-2014

image_561802121200366783223            Ես լսում եմ քո ձայնն ու այն, ինչպես ես քայլում տան մեջ… Գիշեր, դատարկություն և ես բարձրացնում եմ բաժանման ու ցավի մասին ինչ-որ ֆրանսիական երգի ձայնը, որ չլսեմ քեզանից ոչինչ… Ինչ որ բան ինձ ճզմել է ու խոհանոցի կեղտոտ բաժակների և ափսեների վրայի յուղը գալիս, կաթում է ուղեղիս ու սիրտս սկսում է ճարպակալել: Իրականությունն այնպես ակնհայտ է, բայց քեզ ինչպես միշտ անհայտ, որ հիշողություններս կոտրվում են փշրվող հայելիների հետ, ապակիների միլիոնավոր բեկորների տեսքով ցաքուցրիվ լինում: Մի պահ ինձ թվաց, թե դու ժպտում ես և ուզում ես գրկել, բայց դա իմ ինքնաներշնչումի դրսևորումն էր ինքնաարդարացման կամ ինքնամեղադրանքի մշուշով հյուր եկած: Դու ինձ երբեք չես գրկել, անգամ, երբ շատ ունեի դրա կարիքը…

Ես հիմա չեմ իմանում ավելի հեշտ է ասել գնա՞, թե՞ կանչել ու պատմել, որ քո գնալով ամեն ինչ ավելի է փշրվում, որ գնալդ ստիպում է ավլել եղածի փշուրներն ու աղբի պես թափել… Ու էլ բացարձակ ոչինչ չի մնա: Ես չգիտեմ, ավելի հեշտ է հիմա անվերջ մեղադրելը՞, թե՞ արդարացնելը, բայց անիծում եմ հիշողություններիս ժապավենը, որը հիմա թունավորում է սիրտս զղջման տեսքով, որը կարդիոգրամայի նման վերելքից ու վայրէջքից է` մեկ ատելություն է կաթացնում մեջս, մեկ խիղճ, մեկ զայրույթ, մեկ ներում: Կներես ինձ այն սիրո համար, որ երկուսով ավիրեցինք, որ ոչ մի անգամ չափսոսեցինք գիտակցական կորուստները: Կներես այն արյան համար, որը, թեև ասում են չի դառնում, բայց ջուր դարձավ: Կներես այն քսան տարիների համար, որի ընթացքում չկարողացանք ընտանիք դառնալ: Կներես, որ այսքան ժամանակ թատրոն էր ամեն ինչը մի քանի հանդիսատեսի և միակ անկեղծ սրտացավի համար: Բայց նա չկա արդեն և իմաստ էլ չունի թատրոն խաղալ վաղուց: Կներես, որ իմ համբերությունն ընդամենը երկու տարի տևեց:

Դու պատրաստ չէիր ու չես եղել երբեք պատասխանատվություն վերցնելու համար: Չնայած, բոլորին մեր կյանքը միշտ թվացել է գունավոր թղթիկներից սարքած երազանքների ալբոմ, բայց դա մի հասարակ կոլեյդոսկոպ է` օպտիկական խաբկանք նայողի համար, ընդամենը գունավոր ապակիներ և վերջ: Թող չորանա տեղը, որտեղից ես եկել եմ, թող այսօրը լինի սկիզբը վերջի, որ էլ ոչինչ չկրկնվի, որ ստիպված չլինեմ փակել ականջներս ձայնդ չլսելու համար, որ ստիպված չլինեմ տուն չգալ քեզ այնտեղ չտեսնելու համար:

Չկա արցունք, ցավ, խղճահարություն: Ատելությունն ու արհամարհանքը մկրատի նման ամեն ինչ կիսել են մի քանի մասի: Ես գիտեմ, որ շատ անգամ դու փորձել ես մոտ լինել ինձ, մտնել հոգուս մեջ, բայց ճիշտ ճանապարհը երբեք չես գտել: Ես միշտ կոչված եմ եղել լինել մենակ աստղերի արտացոլանքների հետ ու ապրել որբությունս մի կերպ թաքցնելով ընկերներիս մեջքերի ետևում… Մեզ կապող բոլոր հայտանշաններն այդպես էլ մնացին չբացահայտված: Կար ծննդյան վկայական ու վերջ:

Ճիշտ ես, մեզանից ոչ մեկ պարտավոր չի մյուսի համար: Մեր կարողությունների չէ, ոչ էլ հնարավորությունների, այլ մեր չալարածի չափով արել ենք իրար համար: Դա մի բան էլ շատ է անարմատ ապրողներին: Ես շնորհակալ եմ, որ չունեմ ոչինչ քեզանից իմ մեջ: Այս խորը փոսից մենք երբեք դուրս չենք գա, ճիշտ ես, եթե միայն ես… Բայց միշտ ես եմ: Հիմա արդեն ես էլ չկամ ու ժամանակն է դադարեցնել բառախաղն ու բամբասանքը, որ ավելի ու ավելի անիմաստ է դառնում ամեն բացվող օրվա հետ…

Ես ապաշխարել եմ… Ու ես ներված եմ…

Google