Ապրում եմ

14-04-2014

523713666            Ես ապրում եմ հիմա, ինչպես կիսատ երկտող, որ դողացող ձեռքերի մեջ սիրահարի թրջվել է, իր միակին մոտենալու վախից քրտնած ափերի մեջ ճմռթվել է… Ես ապրում եմ հիմա թաքուն, այնպես, ինչպես անցած դարում հարևանի ուղարկած նամակի պատասխանին սպասող ազատամիտ, ըմբոստ հոգի… Այնպես, ինչպես մուկն է ապրում բազմահարկի տանիքի տակ ու գիշերը դուրս է գալիս կշտանալու…

Ոչինչ չունեմ ես տանելու ու ձեռքերս էլ վստահաբար ես կարող եմ թողնել դրսում, ինչպես մի օր մի հին տիտան ու իմաստուն: Չեմ վախենում այդ գնալուց: Տիեզերքի մեծ հանելուկ այդ վիճակից, որից հետո կամ լինում ես կամ մնում ես կամ ծնվում ես, մարդ չգիտի, բայց դե լավ է այնտեղ հաստատ, որովհետև մարդ չի եկել մինչև այսօր: Վախենում եմ ես ձեզ համար, ում համար էլ ամեն անգամ զգուշանում եմ: Մտածում եմ ինչ կլինի ինձնից հետո կամ առանց ինձ: Դրա համար ամեն անգամ, երբ նստում եմ վստահ ղեկին, ես նայում եմ ձեր նկարին ու մտովի խաչակնքվում, աղոթում եմ, որ չմնամ ճանապարհին, որ այսօր էլ այդքան վստահ վերադառնամ:

Ես ապրում եմ հիմա միայն ձեր ինձ նայող, լույսով լեցուն աչուկների փայլի համար: Այն կարոտի որ զգում եմ ես ձեր գրկում ամեն անգամ, երբ բացում եմ տանս դուռն ու ներս եմ մտնում: Այն հավատի ու բերկրանքի, որ ամեն ժամ հեռախոսի միջով լսում ու զգում եմ: Առավոտ շուտ սեղանի շուրջ կատակների, խենթ ու խելառ ձեր ժպիտի, ձեր անհամար նվերների, չարաճճի ու կամակոր մռութների: Ու երբ հոգնած ամեն գիշեր ես փլվում եմ բազկաթոռին, դուք սկսում եք պատմել անվերջ հերթ չտալով մեկդ մյուսին, թե ինչպես է անցել օրը, ինչ եք կերել, ինչ եք արել: Հոգնությունս այդ պահերին վերանում է, ես լսում եմ ինչ եք ասում, բայց մտովի վերանում եմ կյանքի բոլոր զգայական հարթույթներից ու ժպտում եմ… Ինչքա~ն արագ անցավ կյանքս ու մեծացաք: Ես զգում եմ, որ շատ դանդաղ, բայց և վստահ հեռանում եք դուք ինձանից ու ձեր կյանքն եք արդեն ապրում, ուր ես չկամ կամ էլ կողքից: Ուր կան գործեր, դասեր, նոր կյանք, ընկերական մեծ շրջապատ, սիրած էակ… Ես կորցնում եմ կապս ձեզ հետ հետզհետե… Այնպես, ինչպես ծառի շիվ ես մի օր տնկում` մեծանում է: Ժամանակին դու ուղղում ես, կապում փայտին, որ դիմանա քամիներին, ուղիղ աճի, կտրտում ես վատ ճյուղերը, խնամում ես, շուրջը մաքրում, որ լավ աճի, առողջ լինի ու գեղեցիկ: Բայց դե մի օր այն դառնում է մի հաստաբուն ու շատ մեծ ծառ: Եվ խնամքի կարիք չկա…

Ես ձեր անվերջ խնամողն եմ, ձեր ծեր այգեպանը, լուռ զրուցակիցն ու բժիշկը, ձեր ապաշխարանքն ընդունողն ու ձեզ քայլել, ապրել սովորեցնողը: Թույլ տվեք այսօր նստեմ ձեր մեծ շվաքին ու լաց լինեմ անցած գնացած կյանքիս համար, տեսնեմ ձեր փարթամ, կանաչ ճյուղերն ու պտուղները և հանգիստ փակեմ աչքերս: Մի օր դուք ինքներդ կհասկանաք այն ամենն ինչ երբեք չեմ ասել…

Google