Արևածաղիկ

31-12-2011

197097_460517170658606_1020709317_aՕրն անսովոր կսկսվեր, եթե առավոտյան հորիզոնում չերևար նրա ուռած բաճկոնը, եթե չգար նա աթոռը ձեռքին, մյուս ձեռքին` մեծ կտորե տոպրակ: Անիմաստ կշարունակվեր օրը, եթե խաչմերուկին նրան չսպասեր հին ու մաշված զինվորական շինելը հագին, բանալիների խուրձը միշտ գոտուց կախ, մունդշտուկով սիգարետը բերանին և թզբեհը ձեռքին այդ հին կերպարանքը:

Մի մեծ քաղաքում, մեծ խաչմերուկում շատ մեծ շուկա կար, ուր ամեն առավոտ ժամը յոթին հանդիպում էին երկու հարազատներ` Օֆիկն ու Ռուբիկը:

Մինչ հորիզոնում կերևար նրա ուռած բաճկոնը, Ռուբիկը բացում էր դարպասները, հանում ու դրանց ձախ կողմում դնում երկաթե մեծ աղբամանը, բացում փոքր դուռը, մի կարտոնե ցուցանակ հանում, կախում դարպասներից, որի վրա գրիչով մի սլաք կար և ավելի մուգ գրված էր. «Զուգարան 50դ.»: Հետո այդ փոքր դռան հետևից երկու պլաստմասսայե արկղ էր հանում, դնում դռների դիմաց և խաչմերուկին անհամբեր սպասում, մինչ կհայտնվեր նա:

Օֆիկը գալիս էր դանդաղ, բայց շտապելով: Երբ իրենց փողոցից թեքվում էր, միշտ աչքերը խաչմերուկին հարազատ ուրվագիծ էին որոնում ու ամեն անգամ փորձում էր քայլերն արագացնել, երբ խառնիխուռն խայտաբղետության մեջ նշմարվում էր կիսականաչ շինելը: Նա մոտենում էր և միշտ վստահ էր, որ  արկղերն արդեն շարված են, բայց ամեն անգամ հարցնում էր. «Էս արդեն դրել ե՞ս»: Դա «բարի լույսի» պես բան էր: Բարի լույս էր նաև կարմիր սրճեփով բերած սուրճը, որն ամեն առավոտ լցնում էր Ռուբիկը: Օֆիկը բարձրացնում էր բաճկոնն ու գոգնոցի գրպանից հանում երկու կարամելները, դնում սուրճի բաժակների կողքին` արկղերի վրա: Բացում էր ալյումինե ծալովի աթոռակը, նստում, խմում էին սուրճը, հետո, մինչ Ռուբիկը կլվանար սրճեփն ու բաժակները, ինքը տոպրակներից հանում ու արկղերին էր շարում էմալապատ, կապույտ երկու թասերը, տոպրակի միջից հանում էլի երկու տոպրակ, արևածաղիկը լցնում թասերի մեջ, ապա լրագրի էջերից սարքած «կուլոկները» խրում դրանց մեջ ու նստում:

Նրանք, գրեթե, չէին խոսում: Երբեմն Օֆիկի մոտ մի աղջնակ էր գալիս անսովոր մեծ, վարդագույն դպրոցական պայուսակով: Օֆիկն էլի բարձրացնում էր բաճկոնն ու գոգնոցի գրպանից կարամել հանում, տալիս աջնակին և կիսաթաց աչքերով նայում: Այդ մեկ երկու ժամը, որի ընթացքում աղջնակը լինում էր Օֆիկի կողքին, Ռուբիկը նստում էր փոքր դռնակի մոտ, անտարբեր հայացքով թզբեհի հատիկներն էր հաշվում և աչքի պոչով նայում, թե դեռ չի՞ գնացել աղջնակը:

Այդ պահերին Օֆիկը, կարծես մոռանում էր Ռուբիկի մասին և ամբոջ ժամանակ զրուցում էր աջնակի հետ, իսկ նա էլ շատ ժամանակ արտասանում էր, տետրերը ցույց տալիս, հետո մի օր մի տոպրակ հին տետրեր էր բերել Օֆիկին, որ դրանից «կուլոկներ» սարքի: Աղջկա գնալուց հետո ամբողջ օրն Օֆիկը տետրերից «կուլոկներ» էր սարքում և հաջորդ առավոտյան, տոպրակից հանեց արդեն տետրերի սպիտակ թթերից պատրաստած «կուլոկները»: Ռուբիկը, թեև բան չասաց, բայց դռան հետևում հավաքված լրագրերի կապերը թաքուն տարավ տվեց կարմիր պղպեղ վաճառող Սվետային:

Ժամանակի հետ աղջնակն ավելի հաճախ էր գալիս` ամսական 3-4 անգամ, և մի օր Ռուբիկը որոշեց շուն պահել: Շուկայի տակ պահեստներն էին, այնտեղ շներ էին պահում և գիշերները բաց թողնում, որ գողերին վախեցնեին: Դրանք անընդհատ բազմանում էին և շատ անգամ այնտեղ աշխատող ջահելները տանում ու խեղդում էին դրանց` շուկայի կողքով հոսող կոյուղաջրերի առվում: Ռուբիկը զգուշացրել էր, որ այս անգամ ջոկեն ու ամենաաշխույժ քոթոթին իրեն տան:

Մի առավոտ տղաներից մեկը բերել ու Ռուբիկին էր տվել սպիտակ, սև մռութով մի քոթոթ, որի աչքերը հազիվ նոր էին բացվել: Առավոտյան, երբ Օֆիկը թեքվեց իրենց փողոցից, խաչմերուկում չտեսավ կիսականաչ շինելն ու ամբողջ ճանապարհին անհանգիստ փնտրում էր ծանոթ ուրվագիծը: Երբ արդեն տեղ հասավ, տեսավ, որ թեև , արկղերն արդեն շարված են, բայց Ռուբիկը նստած է դռան մոտ ու ինչ-որ քոթոթի փորձում է կաթ խմացնել:

«Բարի լույս»,-կյանքում, երևի, առաջին անգամ ասաց նա Ռուբիկին և առաջին անգամ էլ լսեց պատասխանը: Նա, ըստ հերթականության հանեց էմալապատ թասերը, շարեց, սեղանը կարգի բերեց, թասերի մեջ խրեց տետրի սպիտակ թղթերից պատրաստված «կուլոկներն» ու նստեց: Աչքի տակով անընդհատ նայում էր, թե ինչպես է Ռուբիկը խաղում շան հետ ու անընդհատ ինչ-որ բանի էր սպասում:

Այդպես նստեց մի երկու ժամ: Հետո, հանկարծ տեսավ, որ կարտոնե ցուցանակը չկա ու խառնված ձայն տվեց. «Ռուբի՞կ, պլակատը չես կախե՞լ»: «Չէ, հեսա Զավենը նորն ա բերելու` պլաստմասսից»: Ռուբիկը մոտեցավ, նրա շինելի օձիքի արանքից քնած քոթոթի մռութն էր ցցվել: Նա բերեց կարմիր սրճեփով սուրճը, բայց Օֆիկը մի տեսակ էլ չէր ուզում: Չհասկացավ, ժամն էր արդեն անցել, թե՞, ուղղակի, էլ սուրճ չէր ուզում: Ու մի տեսակ կասկածանքով, վախվորած, հանեց գոգնոցի գրպանից կարամելներն ու դրեց սեղանին: Ռուբիկը բացեց թուղթն ու կոնֆետը շան քնած մռութին մոտեցրեց: Շունը հոտոտեց այն, սկսեց լիզել, Ռուբիկը կոնֆետը դրեց շան բերանը: Քոթոթը լպստեց, լպստեց ու չուզենալով դուրս թքեց այն: Ռուբիկն էլ ոտքով այն կողմ տշեց: Քիչ հետո եկավ բանվորական շորերով մի տղա` Զավենը: «Ձյաձ Ռուբո, տես լավ ա՞»,- ու ձեռքի սպիտակ, պլաստմասսայե ցուցանակը մեկնեց Ռուբիկին, որի վրա հավասար, կապույտ ու գեղեցիկ տառերով գրված էր` «Զուգարան: 50 դրամ»: Ռուբիկն ինքնագոհ ու հիացած ժպտաց, թփթփացրեց Զավենի ուսին և խնամքով կախեց նոր ցուցանակը:

Անցավ որոշ ժամանակ: Ամեն առավոտ Օֆիկը գալիս էր առանց Ռուբիկի հայացքի, դեռ հեռվից, աչք էր ծակում նոր ու լուսավոր ցուցանակը: Գալիս էր, Ռուբիկին տեսնում շան հետ խաղալիս, լուռ դասավորում էր իր թասերն ու նստում: Այլևս սուրճ չէին խմում: Աղջիկը վաղուց չէր եկել, իսկ Օֆիկի «կուլոկները» արդեն վերջանում էին ու չհաշված դա, նա մի մասը պահել էր, որ Ռուբիկը նկատի պակասն ու իր համար նոր լրագրեր բերի: Բայց սովորականի պես Ռուբիկը չէր գալիս կանգնում իր կողքին` արևի տակ, ամբողջ ժամանակ նա շան հետ էր, արդեն փորձում էր ինչ-որ հրամաններ սովորացնել:

Ու մի առավոտ Օֆիկը չեկավ: Ռուբիկը դա նկատեց միայն կեսօրին, երբ զգաց, որ արկղերը հենց այնպես դրված են դրսում ու չկա ուռած բաճկոնակը: Նա մի տեսակ մենակ զգաց իրեն, դուրս եկավ, կանգնեց արևի տակ: Մի բան պակաս էր: Շունը եկել մտել էր ոտքերի արանքն ու լեզուն կախ էր գցել: Գրեթե, ամբողջ օրը նա այդպես կանգնեց անհանգիստ խաղալով թզբեհի հետ:

Հաջորդ առավոտյան նա խաչմերուկում էր: Ժամանակն անցնում էր, բայց Օֆիկը չկար: Շունը կլանչում էր, սոված էր: Ռուբիկը չէր էլ զգում շանը: Այդ օրն էլ անցավ երկար ու դատարկ: Չէր իմանում, թե ինչ պետք է անի, գոնե այն աղջնակը գար: Հետո, այս երկու օրվա մեջ, հասցրել էր բավականին թերթեր հավաքել ու մտածում էր, թե ինչքան կուրախանա նա: Հաջորդ առավոտյան, երբ դարպասներն էր բացում, տեսավ, որ մոռացել է փակել զուգարանի դուռն ու շունը չկար: Հետո, կեսօրին, Զավենն եկավ ու ասաց, որ գիշերը գամփռները գզել են, խոստացավ նոր քոթոթ բերել, բայց Ռուբիկը չուզեց:

Վեց օր շարունակ նա ամեն օր հանում ու շարում էր արկղերը, կանգնում խաչմերուկին, սպասում Օֆիկին, տարբեր կերպարանքներ փորձում նմանեցնել նրան, բայց ապարդյուն: Ու իր համար մեկ էր արդեն շան լինել չլինելը, որովհետև Օֆիկից հետո շանը սկսել էր չնկատել…

Յոթերորդ օրը հորիզոնում երևաց ուռած կերպարանքն ու առաջին անգամ Ռուբիկն ինչ-որ անհասկանալի ու դողացող բան զգաց: Նա գալիս էր հպարտ, մի ձեռքում տոպրակը, մյուսում` ծալովի աթոռակը և ամբոխի խայտաբղետությունից տարբերվում էր նրա ուռած բաճկոնը: Ուժեղ քամի էր, բայց Ռուբիկը կանգնել էր երջանիկ և չէր զգում, թե փոշին ու ծառի մանր սերմերն ինչպես են ծակծկում աչքերը: Ռուբիկը վազեց ներս, բերեց ու արկղերին շարեց բաժակներն ու տաք սուրճը լցրեց:

Օֆիկը մոտեցավ, նայեց բաժակներին, աթոռը բացեց, նստեց, գոգնոցի գրպանից հանեց կարամելներն ու ցածր, արդարանալու նման  ասաց. «Հիվանդ էի»: Քամին կատաղի պոկեց, ամբողջ ուժով գետնին զարկեց պլաստմասսայե սպիտակ ցուցանակը ու փշուր-փշուր արեց: Օֆիկը ձայնից ցնցվեց, իսկ Ռուբիկը վազեց ներս, հանեց հին, կարտոնե «Զուգարան:50դ.»-ն, կախեց, ապա վերադարձավ Օֆիկի մոտ` ձեռքին հին լրագրերի կապոցը…

 

Google