Արի դառնամ

12-03-2014

ruka

Արի դառնամ ճամփիդ ընկեր ու բախտակից համառ

Ապրեմ, քայլեմ, շնչեմ քո հեշտության համար:

Բեռդ կիսեմ, օգնեմ, նեցուկ լինեմ նեղիդ

Բալասանդ լինեմ ու անունը դեղիդ:

 

Օրդ ինձնով սկսես, ամեն րոպե ժպտաս,

Լաց լինելդ թողնես ու վշտերդ ինձ տաս:

Պայծառ լինես, ինչպես գարունն այս նոր

Լինես արև, ցերեկ ու մայրամուտ բոսոր:

 

Ինձ նվիրես ամեն փակվող օրդ,

Գրկես, այնպես, ինչպես չեղած հորդ,

Գիշերներդ դառնան խաղաղ ու անվրդով

Երգս դառնաս ու հնչյունս հոգեթով:

 

Բեր ես բռնեմ սառած ձեռքդ ու ասեմ,

Որ աշխարհս քո հետ միայն կկիսեմ,

Որ եկել եմ դառնամ մեջք ու հենարան,

Քեզ օգնող ձեռք ու տանիքիդ մի գերան:

 

Մի վարանիր անցնել երկար այս ճամփան

Կգամ քեզ հետ մինչև մահ ու գերեզման

Ու թե կեսից հանկարծ հոգնես, քեզ կօգնեմ

Ամբողջ կյանքդ քեզ ձեռքերիս կտանեմ…

Google