?>

Ասա

31-12-2011

603892_460493550660968_1132677880_aՆա միշտ գալիս էր, մի փունջ մանուշակ գնում այն ծեր տիկնոջից, որը միշտ նույն խալաթն էր հագնում ու անհոգ ժպտում էր բոլորին։ Գնում էր այդ մանուշակը, թաքուն, զգույշ նայելով չորս կողմը, ու վախվորած հեռանում։ Հետո ցուցադրական բռնում էր այն ու երկար շրջում քաղաքի մարդաշատ փողոցներում։ Թող տեսնեն, թող բոլորն իմանան, որ իրեն էլ են մանուշակ նվիրում, որ քիչ առաջ իրեն էլ են անհամբեր սպասել և թրթռացող սրտով անընդհատ նայել ժամացույցին։ Թող իմանան, որ ինքն էլ է համբուրվել, ու այդ հուզումնալի վախից են ճաքճքել շրթունքները, ոչ թե բարձր ջերմությունից։

Բայց ու՞մ էր խաբում… Գուցե նրան, ով երկար կանգնած նայում էր համբուրվող զույգերին ու նախանձով շրթունքներն էր զայրացած կրծոտում, ով ամեն անգամ մանուշակի փունջը տեսնելով` տխրում էր ու մտածում, որ երևի նա ունի իր կեսը։ Երևի… Ու անվերջ կախման կետեր։ Մտածմունքներ, անքուն գիշերներ։ Բայց ավելի լավ չէ՞ր լինի ընդամենը մի քանի բառով պարզել ամեն ինչ ու ազատվել տանջող մտքերից։ Դառնալ երջանիկ։ Պարզապես ասել. «Գիտե՞ս, սիրում եմ քեզ…»։ Նոր` անվերջ լռել…

09.04.2004