Աշուն

10-10-2014

teaԴու գիտե՞ս, որ ես քո անունով հեքիաթ ունեմ հյուսած և աչքերիդ մասին անվերջ ու կիսատ տողեր: Դու գիտե՞ս, թե ինչպես են ստվերները մաշկիդ վերածնվում կտավներիս մեջ ու առավոտյան ինչպես է քամին քո ձեռքերով շոյում:

Աշունը լարում է մարդկանց և թողնում նրանց թախիծի հետ մենակ…

Իսկ դու գիտե՞ս, թե ինչքան անտեր փողոցներ կան, որոնցով մարդիկ շտապում են վերարկուների մեջ կիսափաթաթված ու կանայք ձայն են տալիս մուտքից դուրս չեկած. «Կմրսե~ս, ցուրտ է, դոշերդ կոճկիր»:

Անկիրք վարգ կա աշնան խտության մեջ ու սառող մարմիններ: Առավոտն իր հետ սառնություն է բերում, ստիպում վախենալ լողանալուց, գիշերը հոգատար ձեռքերն են ծածկում. «Կմրսես, վրադ ծածկիր, ցուրտ է»:

– Ինձ սև թեյ, խնդրում եմ:

Սա արդեն ափսոսում է ժպտալ, թող հոգիդ միշտ տաք լինի բերածդ թեյի պես, մռթմռթում է մեկը: «Թո~ղ», – քրթմնջում եմ ես:

Դու չգիտեմ, թե որ մայրաքաղաքում ես, կապուչինո ես խմում կամ կակաո գուցե, բայց աչքերդ ցուցափեղկի միջով արտացոլվում են թեյիս խորության մեջ:

Աշխատանքային ժպիտով ռոբոտները քեզ «այ էմ սոռի» կասեն կամ էդպիսի մի բան, բայց ինքդ էլ չես հասկանա, թե ինչի, դու կմտածես, որ ժամանակին մեկը պիտի ասեր ու չի ասել մինչև այսօր: Ոչ ոք չի ասի, որ Երևանում մի տղա քո աչքերն է պատվիրել իր թեյի բաժակի մեջ ու հիմա ափսոսում է խմել, որ արտացոլանքը չաղավաղվի:

Ցուցափեղկի մոտ նստելը լավ է, եթե կողքերդ լացող անդաստիարակ լակոտ չկա, անգամ գնացքում կամ երթուղայինում: Ցուցափեղկի մոտ լինելը նշանակում է մոտ լինել տարածական ազատությանը, չզգալ քառակուսի պատերն ու բանտում չլինել: Ես երբեմն մտածում եմ, որ մեզ բանտարկում է մութը, ոչ թե պատերը, որ հերիք է մի լուսավոր ապակի ու ազատ կլինենք մեր մենության մեջ:

Ես քեզ երբեք չեմ ասի «այ էմ սոռի», ոչ էլ հայերեն կասեմ ու ոչ մի լեզվով, որովհետև քո գիտակցության մեջ նստած է, որ պիտի ասեմ, բայց ինչու՞` ոչ մեկ չգիտի, անգամ` ես:

Երևանում հեշտ է: Այստեղ դու գիտես, թե ով ինչ է ասում ու ինչու: Այստեղ հարցերն են շատ, հարցնողները: Դու լիքը անպատասխան թողած հարցեր ունես այստեղ, որոնցից և ոչ մեկ այդտեղ չեն տա երբեք: Գուցե, ինչ – որ մեկը նայի անմատանի մատներիդ ու իմ մասին հարցնի, գուցե` ոչ: Չէ, դրանց համար մեկ է այսօրն ու վաղը, ուր մնաց հիշեն երեկվա մասին: Ես գիտեմ, որ դու անպատասխանատու միջավայրեր շատ ես սիրում, որոնցից ես հաճախ փրկել, չէ, պրծացրել եմ քեզ:

Իմ մարմնի շարունակությունը այս քաղաքն է, ասֆալտի ամեն նորացվող շերտի հետ իմ արմատներն ավելի ու ավելի են թաղվում Երևանի մեջ, իսկ դու կուզեիր կտրել ինձ, մի քանի շաբաթ դնել ջրի մեջ, որ նոր արմատ տամ… Մի տարիք կա, երբ էլ չեն տեղափոխում… Ծաղկած ծառերը դրանից չորանում են…

– Մենք փակվում ենք, – գուցե կասի մեկն ինձ, դեռ չեմ իմանում:

– Կներեք, – քթիս տակ ցածր կասեմ ես աչքերիդ արտացոլանքին ու կում կանեմ սև թեյիցս…

 

Google