Աղաղակող մարդիկ

11-02-2012

Աղաղակող մարդիկՄենք կբաժանվենք նորմալ մարդկանց նման և ծուխը մի պահ կանշարժանա օդում: Հետո լուռ քայլերով կհեռանամ քեզնից, իսկ օդում կանգնած ծուխս կցրեն աղաղակող մարդիկ…
Ես եկա քեզ մոտ ուրբաթ ուշ գիշերին, երբ քնած էին բոլորը հանգիստ և անգամ շունն էր անտեղյակ այդ ուշ ժամի շարժից: Դու սպասում էիր, որ գայի, այնպես, ինչպես գիտեի, որ վերջին գիշերն է սա լուսանալու կողքիդ… Փակ աչքերով քնատ, դու ինձ բարևեցիր և մահճիդ կողքին ես նստեցի ծանր… Ընդհատ շնչառությունդ վերսկսում էր հազով և ես աղոթեցի անձայն` հոգուդ հանգստություն… Մենք խոսեցինք երկար և լույսն էլ կբացվեր, եթե արդեն ես ինքս ինձ հուսախաբ չանեի ու շարունակեի հավատալ երազներին մարգարեական… Քեզ թողեցի մենակ, որ ուժասպառ չլինես և չմտածեցի, որ ես եմ հենց ուժ տալիս, որ այս մի վերջին, այս մութ վայրկյաններին դու թողնում ես ինձ իղձերդ անկատար… Պատգամներդ բոլոր ուսերիցս կախած ես գլխիկոր արդեն, իմաստավորված ու լուռ, քեզ թողեցի մենակ, որ քնես… հավիտյան… Ինձ շոյում էր մի ձայն, մի խոսք հավատավոր. «Մի տխրիր, բարի է լուսաբացը…»:
Լուսաբացն եկավ աղաղակող մարդկանց տեսքով, ոմանք ժամը կանգնեցրին պատի, ոմանք ճերմակ սավաններ նետեցին հայելիներին, ոմանք սկսին լացել, ես ձեռքիս ափով կամաց փակեցի աչքերդ հավետ… Դու չտեսար նրան, նա չճանաչեց քեզ, ես ափսոսեցի միայն այդ կորստի համար, արցունքներին բոլոր ես ստիպեցի չքվել, որ համբարձումդ չվերափոխվի սուգի…
Քո տված իմաստուն խորհուրդներով հիմա, ես կշարունակվեմ գլորվել կյանքն ի վար, գուցե լինի վերելք, գուցե անվերջ վայրէջք, բայց ի վերուստ տված ճանապարհն իմ ուղիղ ես կանցնեմ ազնիվ, քո նման արդար ճակատով… Եթե առաջ մի պահ ես ինչ որ բան կանեի ու կփորձեի խաբել ինձ, ինչ է` դու չես տեսնում, ապա հիմա հաստատ ես զգոն պետք է լինեմ, որովհետև ամեն ամպի ու արևի ամեն շողի միջից դու կարող ես նայել իմ ապրածի պարզին…
Աղաղակող մարդիկ բազմապատկվեցին, շշուկները կամաց փոխվեցին լացի, տեղ տեղ եղավ քրքիջ, մեկն ինչ որ բան հիշեց, ծուխս ցրվեց օդում ու ինձ հանգստացրին… Դարակներիդ վրա ինչ որ ախմախ գիրք էր` օրվա համար սիրուն, հանճարեղ վերնագրով. «Горе победителям»…: Երկնքի դատավորներն ավելացան մեկով… Մնաս բարով…

Google