Ես այլմոլորակային եմ

28-02-2014

longer-diffraction-lines

Նա հավատարիմ էր… Այնպիսին, ինչպիսին չես ու  չես լինի դու ու մնացյալը…

Նրա աչքերում կրակներ կային, կյանքի ու կենդանության հուր, կրքի հրդեհ: Քո աչքերում չկա ոչինչ, միայն երբեմն ես: Լսիր, չեմ ուզում լցնել ինձնով աչքերդ ու դրանցում սեփական եսս տեսնել: Ես վախենում եմ, որ մի օր անզգուշաբար կկոտրեմ աչքերիդ ապակին ու կկուրանաս: Իսկ ես ուզում եմ ապրես և տեսնես: Ուզում եմ, որ կյանքը սովորես ուրիշ մեկի հետ, ուրիշ մեկի համար, որովհետև դու ի սկզբանե իմը չես ու չես էլ լինի: Դու չունես այն ընդունակությունները, որ գաս ինձ մոտ դասերի: Ես «սլուխ» չունեի ու զզվում էի, երբ ինձ ստիպելով տանում էին ջութակի: Երևի, դասատուս էլ էր զզվում ինձանից: Ես թեև քեզնից չեմ զզվում, բայց դու երբեք չես սերտի իմ դասերը, ինչքան էլ ճիգեր գործադրես, աշխատես քեզ վրա: Բնությունը քեզ չի օժտել այդ ընդունակությամբ:

Ես չգնացի ջութակի, փոխարենը լավ սպորտսմեն դարձա: Ուզում եմ, որ դու էլ գտնես քոնը, որովհետև ես ու դու անհամատեղելի ենք: Միևնույնն է, ես քեզ չեմ տա այն կամ գոնե այնքանի կեսը, ինչ տվել եմ նրան: Նա իմ կյանքի միակ գիրքն էր, որը գրեցի ու վերջացա, սպառվեցի: Ես արդեն ոչինչ չունեմ ու ոչ միայն քեզ տալու, այլ ինքս իմ համար պահելու էլ: Ես գնացի նրա հետ ու չկամ:

Չեմ ուզում քարշ գալ հետդ, որպես ֆիզիկական կերպար, որպես դատարկ մարմին, որը ներկա չէ, չկա: Դու ջերմության և սիրո կարիք ունես, իսկ ես չեմ ուզում ինձ խրտվիլակ զգալ:

Երբեմն նա գալիս է ինձ հյուր: Ճիշտ ես, նա ուզում էր, որ ես երջանիկ լինեի ու հիմա ևս: Ես նրան խոստացա լինել այնքան երջանիկ, ինչքան ինքը չհասցրեց: Ու եղա:

Նա գալիս է ուշ-ուշ: Հազվադեպ, բայց գալիս է ու մենք միասին սավառնում ենք անհնարինի անեզրության մեջ ու պատմում իրար օրերի մասին, որոնք կլինեին… Մենք վերապրում ենք չեղած անցյալն ու երբեք չլինող ապագան: Մենք երջանիկ ենք մեկս մյուսով, իրար հետ: Նա` իմ ժամանակավոր գոյությամբ, ես իր հավերժ սպասումով:

Նա գիտի ամեն ինչ բոլորի մասին: Քո մասին ևս: Երբ հայտնվեցիր, նրա ուրախությանը չափ չկար: Նա տեսավ, որ ժպիտս այնքան նմանվել է այն ժպիտին, որով նրան էի ժպտում ու եկավ ինձ հրաժեշտ տալու: Բայց ես խոստացել եմ, որ երբեք նրան չեմ թողնի, ինչ էլ լինի ու ես միշտ պահում եմ իմ խոստումները: Իսկ մեզ ոչ ոք չի կարող խանգարել: Ես նրան մենակ չեմ թողնի:

Դու ոչ մի մասնիկ չունես նրանից, ոչ մի կաթիլ: Ես երբեք չեմ հասկանա քեզ ու դու երևի թե ինձ: Ես այլմոլորակային եմ, ապրում եմ հեռու, միլիոնավոր լուսային տարիներ այնկողմ, նրա հետ, նրա մոլորակում…

Google