Բալերինան

31-12-2011

36558_460521490658174_172038299_aՍպիտակ թագ, թեև երբեք չէր դնում գլխին ու ոտքերը մի քիչ կարճ էին, բայց նա աշխարհի ամենալավ բալերինան էր… Աշխարհի ամենանուրբ վզով տիկնիկը: Երբ ես մինչև ծնկներս խրվում էի կյանքի մեջ, գրկում էի նրա հպարտ ուսերն ու նա ինձ սովորացնում էր սահել աշխարհի վրայով: Երբեք չէր հավատում երկրի ձգողականության ուժին ու փետուրի պես միշտ թեթև էր իմ ձեռքերում… Երբ կարապի պես սահում էր բեմում, հազարավոր շնչառություններ մի քանի ակնթարթ դադարում էին սպասումից, հազարավոր աչքեր քարանում էին անշարժ, իսկ նա, կարծես մենակ, կարծես անկախ գետնից, թեքում էր վիզն ու շարունակում հանդարտ: Փետուրի պես նա իջնում էր գետնին, այնքան զգույշ ու կամաց, որ թվում էր, թե վախենում է վնասել գետինը, որ վախենում է փչացնել այն: Հետո լսվում էին ծափեր, դղրդում էր դահլիճը անսահման ու վարդեր էին թռչում, ծաղիկներ բազում` նրա ոտքերի տակ, նրա համար միայն: Նա ժպտում էր մի կերպ, ասես կես-պատասխան, խոնարհում էր վիզն ու մեծ թռիչքից հետո, հանգրվանում ձեռքերիս մեջ, այտս թեթև շոյում ու պարուրում թաքուն, կիսաքրտնած լռում: Ամեն անգամ մեծ թռիչքից հետո նա վստահ էր, որ կամ, նա գիտեր, որ կիջնի ու կհանգրվանի իմ գրկում, աշխարհի ամենաապահով վայրում: Ու նախանձով էին նայում ամբոխները ինձ, նախանձով էին տեսնում, թե ինչպես եմ ես ձեռքերիս վրա տանում նրա թեթև մարմինն ու հետևիցս երևի հայհոյում էին ինձ… Եվ ու՞ր էր, թե բոլորը պարզապես հայհոյեին ու անցնեին առաջ, մեր ուժը մեզ ստիպում էր անցնել մաղձի միջով, անցնել ամեն պատնեշ ու գնալ առաջ: Նրան մեծ բեմեր էին խոստանում, տարբեր թագեր ու փառք, բայց նրա համար այս կյանքում իմ ձեռքերի մեջ լինելուց ավելի լավ բան չկար: Ու հասկացան այդժամ, որ անկաշառ է նա, որ ինձանից բացի ուրիշ ոչինչ չկա, ոչ մի փոշի անգամ չի գլորվում երկրով, երբ կանգնած եմ կողքին, երբ սիրում եմ նրան… Ու մի ցերեկ մի խաժ, մի անիմաստ աղջիկ, իր անկայուն ու չար կերպարով մթի, ինձ գողացավ թաքուն դահլիճներից բոլոր… Նա խոնարհվեց էլի ու թռիչքից հետո իջավ, որ ձեռքերիս մեջ լինի, իջավ որ իմ այտը շոյի, որ համբուրի վիզս ու քրտնած ժպտա… Բայց ես չկայի արդեն ու նա ընկավ գետնին, մեծ թռիչքից հետո ջարդուփշուր եղավ, բեմը մի պահ սառեց, դահլիճը քարացավ, հետո լսվեց ծիծաղ ու հոգոցներ կիսատ… Տրորվեցին ծաղիկները տեղում ու անգամ բեմ չհասան, սուլոց սկսվեց մի պահ ու ցրվեցին նրանք… Իսկ նա գետնին ընկած, զարմանում էր միայն… Ու լռում էր անցավ…

Google