Բարև, ԱՐԵՎ

25-06-2014

10409138_699918096734715_5610833715898067265_nՈրովհետև դու արևի նման ես… Դու ինձ համար տաքի, լավի, ամռան խորհրդանիշն ես…

Գիտե՞ս, արևը երբեք չի տխրում: Նա գիտի, որ այդպես միշտ ձմեռ կլինի: Մարդիկ միշտ էլ սիրում են արևը, և հետո՞ ինչ, որ ամռան տապին ձմռան մասին են երազում և անիծում շոգը: Ամռանն արևը շատ է լինում, այնքան, որ մարդիկ չեն դիմանում: Այդպես շատ մեկ էլ դու ես տալիս, դրա համար միշտ դժգոհ են մնում… Մի տխրիր, հիշիր, որ արևը երբեք չի տխրում, երբեք չի նեղանում իրեն ատող մարդկանցից, որովհետև նրանք չեն հասկանում, թե ինչ ունեն իրականում… Դու ինքդ գիտես, թե արևի մասին ինչքան երկար կարելի է գրել… Մտածիր:

Մի վախեցիր, որովհետև դու դեռ չես տեսել, թե ինչպես է նապաստակը հանդերի մեջ ականջները կծկած փախչում որսորդներից… Իսկ նրանք շատ են` հրացաններով… Մի վախեցիր, որովհետև դու չես տեսել, թե ինչ աչքերով են լճում լուսադեմին խեղդվողները նայում չորսկողմը: Չես տեսել, թե ինչպես են հիվանդ երեխային հսկողները անընդհատ ստուգում շնչառությունը, անընդհատ ծածկոցը ուղղում: Մի վախեցիր, որովհետև երբ դու քայլում ես, ես գալիս եմ ստվերի նման քո հետևից ու ձեռքերս պահել եմ կողքերիդ, քեզանից մի փոքր հեռու, ու ամեն անգամ, երբ թեթև երերում ես, ես լարում եմ մկաններս, որ քեզ չթողնեմ ընկնես…

Դու գիտե՞ս, ամառը գույների մեջ չէ թեև, ինչպես գարունն ու աշունը, բայց եղանակներից ամենաուրախն է, ամենաանհոգը: Ամռանն անգամ ես չեմ կարողանում տխուր բաների մասին գրել…

Ես գիտեմ, թե ինչ ես ուզում իրականում ու ինչեր չունես: Ես թեև շատ հեռու եմ քեզնից, բայց ինքս էլ եմ այդ բացերի վրա հուսահատվում: Ես կարող եմ, բայց արևը իրավունք չունի հուսահատվելու: Նրա ջերմությունից միլիարդավոր կյանքեր են կախված: Քեզ նայող աչքերն այսօր այնքան շատ են, թեև քեզ թվում է, որ շուրջդ բոլորը երջանիկ են ու անհոգ, գիտեմ, երևի թե, երբեմն թվում է, թե քեզ խղճում են նրանք` իրենց երջանկության մեջ ու աղոթում, որ ամեն ինչ քեզ մոտ լավ լինի:

Երբ դու նեղվում ես, քո թեթև հոգոցը արձագանքում է իմ սենյակում, որի պատուհանի լույսը դու երբեք չես տեսել… Իմ պատուհանին աղավնին բույն է հյուսել ու ամեն անգամ, երբ հոգոցդ ապակուն դիպչելով ընկնում է ներս, նա վեր է թռչում: Իսկ նրան չի կարելի հիմա վախեցնել, որովհետև թուխս է նստել ու բացի դա, մտածիր, թե ինչ կլինի, եթե հոգոցդ ապակիս կոտրի…

Ես քեզ այդպես էլ չասացի, բայց այսօր երազումս քեզ էի տեսել քո նկարած ծաղկած ծառերի կողքին: Չգիտեմ ինչի: Ես զգացի, որ աչքերդ տխուր են… Արթնացա ու լսեցի, թե ինչպես է աղավնիս անհանգիստ ձայներ հանում այդ ուշ ժամին… Դու նրան չես տեսել, ինչպես և իմ պատուհանը, չես տեսել նաև ինքդ քեզ, թե ինչքան լուսավոր ես, երբ անհոգ ու անկեղծ ժպտում ես…

Ա.Կ.-ին

Google