Բարի գիշեր

31-12-2011

531146_460527723990884_344506544_aՀամակարգիչն աղոտ նկարում է քո դեմքը, որը մթի ու կիսագույնի մեջ ստացել է վախենալու երանգներ, չնայած աչքերդ ժպտում են հաստատ:

Էկրանի վրա ինչ որ բաներ են գրվում, մշուշի միջից լսում եմ կիսատ բառերդ… Անիմաստ ու սուտ է թվում հիմա ամեն ինչ…

Ես հարբած եմ այսօր…

Երեկ ամեն ինչ կարող է և լավ էր, հաստատ չեմ հիշում… Գիշերն ինչ որ բաներ էիր ասում, չեմ հիշում, թե ինչից էինք խոսում… Չէ, հաստատ, ես էլ չէի կարող շարունակել, դրա համար վեր կացա ու գնացի… Դա չես հասկանա, չես հավատա երբեք, թե ինչպես կարող է սիրտդ ճզմվել անորոշությունից, ինչպես կարելի է վիրավորանքից շնչահեղձ լինել…

Բառերն ամենաուժեղ զենքն են, մանավանդ, երբ դրանցով խոցում է հարազատդ…

Երեկ հարբած չէի… Չնայած, երևի ավելի լավ էի հասկանում, թե ինչ է կատարվում շուրջս, քան հիմա…

Ճանապարհները սառած են, մեզ մոտ ձմեռ է, այնպիսին, ինչպիսին դու երբեք չես տեսել…

Հիմա ժպտում ես երևի, ես չեմ կարողանում տարբերել արդեն, թե ինչպես են աչքերդ նայում, ինձ համար հիմա ամեն ինչ լղոզվում է մթում… Ես հատ հատ հաշվում եմ սրտիս զարկերը…

Երեկ ես գնացի ինքս ինձանից փախչելու, երեկ ես գնացի խեղդելու ամեն ինչ իմ մեջ, սպանելու բոլոր բոլոր կարոտներն ու սերերը, որոնք չնայած շատ են, բայց մի տեսակ եկել հավաքվել են կոկորդումս ու չեն թողնում շնչել:

Երևի ուշքս գնաց մի պահ, ես հիշում եմ միայն, թե ինչպես մեքենաս դուրս թռավ մայրուղուց ու անվերջ ծառերի ճյուղեր էին երևում աչքիս… Կանաչ ու ծաղիկներով ամբողջ… Դրանից հետո ինչ որ մարդիկ էին ռուսերեն խոսում, հետո ուրիշներն էին… Հիշում եմ, որ աղմուկ էր… դժժացող ու զարհուրելի… Ինձ թվաց մի պահ, թե դու ժպտում ես ինձ քո խոշոր խոշոր աչքերով, հետո հիշեցի մի պահ մորս… Նա մի կողմում կանգնած ծառի ծաղկած ճյուղերից երկու պսակներ էր գործում… Ես անընդհատ ուզում էի աչքերս բացել, որ համոզվեի, չէ՞ որ դրսում ձմեռ էր ու սպիտակի մեջ էին չորացած ու մերկ ծառերը երեկ օրորվում…

Հիմա ես նստած եմ դիմացդ, դու տեսնում ես իմ դեմքը, որն առաջվա նման անխռով ու անփոփոխ նայում է քեզ…

Ես հարբած եմ այսօր… Երբ խմում ես, ասում են, թե արյունդ ջրիկանում է… Հիմա, թե մի ձեռքս դնեմ մյուսի վրա, կզգամ, թե ինչպես է երակներիս միջով արյունը պտտվում… Դրանք ձգված են ու ես տեսնում եմ հստակ այդ ուրվագծերը…

Ես չեմ հասկանում, թե դու ինչու ես լարված, չէ՞ որ քիչ առաջ ժպտում էիր… Ես մշուշված հայացքով նայում եմ քեզ…

Ինձ բան չի եղել, դու երբեք էլ չես իմանա ոչինչ…

Դու անընդհատ լաց ես լինում, անընդհատ ես չեմ կարողանում անել այնպես, ինչպես դու կուզեիր, ես միշտ սայթաքում եմ, միշտ սխալվում եմ… Դու արդեն հոգնել ես…

Ես այդպես էլ չկարողացա տալ քեզ այն, ինչին դու արժանի ես… Բարև, արևս… Ժպտում եմ մի կերպ քեզ… Դու հիմա մտածում ես, թե ես հիմար եմ… Հիմա՞ր… Չէ, ես գնում եմ ազատագրելու քո երազները իմ ավելորդությունից ու քեզ պարգևում քո առաջվա անհոգ ու թեթև, իմիջիայլոց կյանքը… Դու կատաղած անջատում ես համակարգիչդ…

Սիրում եմ քեզ… Երևի, մտքիս մեջ ասում եմ ես…

Արյունս ինչ որ կերպ դուրս է եկել երակներիցս ու լցվում է ստեղնաշարի վրա… Այն կարմիր կարմիր է ու տաք… Հիմա հասավ շալվարիս…

Բարի գիշեր, արևս… Ու ես փակում եմ աչքերս…

Google