Եվ դու՜, Բրուտո՜ս…

17-06-2014

juliuscaesar_510Դու միակն ես, ում ես ասել եմ «գարուն»:
Դու միակն ես, ում ես վստահեցի, ում նկատեցի միլոնավորների մեջ ու երկար, շատ երկար ժամանակ անց:
Մեղադրելը միշտ հեշտ է, երբ իրականությանը քո սեփական աչքերով ես նայում…
Մի անգամ ասել եմ, որ ցանկացած հարցում ես կարող եմ ապացուցել, որ դու ճիշտ ես և` հակառակը: Գուցե, ես եմ սոփեստ, գուցե` աշխարհում ամեն ինչ ունի իր հակառակը, ինչպես դրական և բացասական բևեռները, արուներն ու էգերը, լույսն ու մութը… Եվ այլն…

Խրատներ տալ չեմ պատրաստվում, ոչ էլ հիմա վերլուծություններ եմ անում, բայց նաև չեմ ուզում, որ դու գնաս այդպես մտածելով…
Եթե կյանքի մի ասպարեզում կա երկրորդ փուլ, ուրեմն այդտեղ մի բան այն չէ… Ես զզվում եմ այդ երկրորդ փուլ կոչվածից: Ասենք` ընտրությունները: Եթե դրանք անցնում են երկու փուլով, ուրեմն թեկնածուներից մեկն այնքան ուժեղ չէ, որ բացարձակ առավելություն ունենա մյուսի կամ մյուսների նկատմամբ: Իսկ թույլերի մրցակցությունը չի տեղավորվում այն հարթությունում, ուր կան ուժեղներ: Դա բերքատու ծառի բերքը չհավաքելու նման է, երբ ժամանակն անցնում է ու ողջը թափվում, նեխում է բնի մոտ… Կամ ինչպես առողջ երեխայով հղիությունն են արհեստական ընդհատում: Երկրորդ փուլը վիժեցնող է: Կոմայից դուրս եկած մարդու կյանքն այլևս առաջվանը չի լինում: Երկրորդ դասարանը, երկրորդ կուրսը, երկրորդ սերը, երկրորդ տեղը, երկրորդ երեխան, ամուսնությունը… Դրանցից և ոչ մեկ երբեք չի կարողանա ունենալ առաջինի ուժը, զգացողությունը, անմոռացությունը… Բոլոր կանանց մոտ առաջին տղամարդը ցմահ հիշելու համար է: Այլ հարց է` լավ, թե վատ…

— Ես երբեք չեմ խաբում:
— Ես էլ…

Այն, ինչ սկսվեց այդքան պատահական, բայց բուռն, այն, ինչ ներկեց ձմռան գույները ու մեզ թույլ չտվեց մրսել` առաջինն էր: Վստահ եմ, որ ամեն ինչ կարող էր շատ լավ լինել և ունենալ հաստատակամ շարունակություն, եթե…

— Դու ինձ բան չունե՞ս ասելու:
— Չէ:
— Դու ինձ հաստա՞տ չես խաբում:
— Հաստատ:
— Կա՞ այնպիսի բան, որ ես չգիտեմ, բայց պիտի իմանայի:
— Ինչի՞ հետ ես:
— Չեմ ասում, թե ինչ ես կերել մի ամիս առաջ կամ ինչ է մորաքրոջդ տղայի անունը…
— …Ես մորաքույր չունեմ…
— Կարևոր չի: Մի բան, որն ուղիղ առնչվում է ինձ, քեզ, մեր հարաբերություններին…
— Չէ, դու ամեն ինչ գիտես:
— Դու ինձ չե՞ս խաբում:
— Չէ:
— Կլինի՞ ես փորփրեմ համոզվելու համար, որովհետև վստահ եմ, որ ինձ խաբում ես:
— Հանգիստ փորփրի:
— Վախենալու ոչինչ չունե՞ս:
— Չէ:
— Հաստա՞տ:
— Հա: Ի՞նչ ա եղել:
— Դու ինձ խաբում ես:
— Ես էլ քո պես երբեք չեմ խաբում:
— Դու ինձ հիմա խաբում ես:
— Չեմ խաբում, երդվում եմ:
— Ազնիվ խո՞սք:
— Ազնիվ խոսք:
— Հանգիստ փորփրե՞մ:
— Հանգիստ:
— Լավ:

Ընդամենը երեք օր տևեց այն, ինչը կարծում էիր, որ կարիք չկար ես իմանայի… Ու դա ամենևին էլ տոհմածառիդ վերծանումը չէր, ոչ էլ վերջին երեք տարվա սննդաշրջանառությունդ: Խաբելուցդ հետո ես չէի էլ ուզում դեմքդ տեսնել: Դավաճաններն ինձ համար մեռած մարդիկ են, որոնք երբևէ չեն էլ ապրել:

— Բեր էլի փորձենք:
— Էլ չի լինի:
— Ես կյանքում քեզ չեմ խաբի, ուղղակի…
— Դու արդեն ինձ խաբել ես:
— Էդ հաշիվ չի…

Գիտե՞ս հաշիվ չեն քո խոսքերը, որոնք մի գրոշի արժեք չունեն: Հուդաները մի օր ի զորու են մեջքից դաշույնով հարվածել: Իսկ ես սովոր եմ ապրել` մեջքս պատին հենած ու մանավանդ հենց քեզ երբեք այն վստահել չեմ կարող: Ընտանիքը հայրենիքի պես է: Հայրենիքը հենց ընտանիքների ամբողջությունն է` մի մեծ ընտանիք: Ընտանիքը թիկունքն է: Պարտության են մատնված բոլոր այն բանակները, որոնց թիկունքն ամուր չէ: Իսկ ես երբեք չեմ պարտվում ու առանձնապես չեմ էլ ուզում զգալ դրա համը:

Երկրորդ փուլի համար մեղավոր էի ես: Որովհետև այդքան տղամարդկություն չունեցա հանգցնելու միջիս նոր-նոր բռնկվող բոցը, որովհետև այն վառելիս մտածում էի` վերջինն է: Մտածում էի, պիտի դողամ վրան, որ չհանգչի: Գայթակղությունն ամենամեծ մեղքերից է: Ու ես տրվեցի դրան:

Դեռ նոր – նոր էի ուզում ուշքի գալ, մենակության մեջ փորձում էի ապաքինվել, ի մի բերել ամեն ինչ, երբ պատահական հասկացա, որ երկմտում ես ընդունել մի լավ, բարի ու հարազատ մարդու խորհուրդը. «Սիկտիր արա, թող էթա»:

Դու չարեցիր, փոխարենն արեցի ես:
Լավ, թե` վատ, ճիշտ, թե` սխալ, դա ամեն մարդու սեփական տեսանկյունն է: Ես ազատ եմ իմ մտքերի ու կարծիքների մեջ այնպես, ինչպես և դու…

Թող քեզ չթվա, թե այս ամառ ես շոգում եմ…

Google