Չէ՞ որ նա եղևնի էր

31-12-2011

481773_460527920657531_258940159_aԽնձորենին ու եղևնին միասին էին մեծացել։ Երկուսին էլ տնկել էին նախորդ տանտերերը։ Երևի պատահական չէր, որ կողք-կողքի էին տնկել, որովհետև այգու այդ մասում ուրիշ ծառ չկար։ Եղևնին միշտ հիանում էր իր զմրուխտյա շքեղ շորերով, իր ձիգ կեցվածքով։ Սրտի խորքում ուրախանում էր` նայելով կռացած խնձորենուն, որի տերևներն ամեն աշուն թափվում էին` մերկացնելով նրան։

Բայց եղևնին անհանգիստ էր։ Այսօր լսել էր տերերի խոսակցությունը. «Վաղն անպայման պետք է կտրենք եղևնին, արդեն բավականին մեծացել է»։ Մի անորոշ ցավ էր կրծում նրա սիրտը։ Նախանձով հիշում էր, թե ինչպես ամեն աշուն խնձորենուց քաղում էին նրա պտուղները` խնձորները։ Թե ինչպես խնամքով դասավորում էին դրանք դույլերի մեջ ու տանում։ Իսկ իր պտուղները՞։ Միշտ ընկնում ու փտում էին իր բնի տակ։ Ոչ ոք ուշադրություն չէր դարձնում դրանց։ Իսկ խնձորենուց ընկած պտուղները զգուշությամբ վերցնում էին ու դնում դույլի մեջ։ Խնձորենին իր թևերով պաշտպանում էր պտուղները քամուց, փայփայում նրանց։ Իսկ ինքը՞։ Չէր էլ զգում, թե ինչպես են աճում կոները, ինչպես են ընկնում։ Այդժամ հասկացավ, որ ինքն ընդամենը զարդ է, և իրենից աճած եղևնիներն էլ իր նման զարդ կլինեն։ Նա դողում էր, չէ՞ որ այդքան երիտասարդ է, մատղաշ։ Գուցե այդ պատճառո՞վ է այդքան գեղեցիկ, գրավիչ։ Աչքի առաջ անընդհատ խնձորենին էր` գարնանային, սպիտակ շորերով։ Ամբողջովին ծաղկած։ Իսկ ինքը չի ծաղկում։ Կյանքում առաջին անգամ նկատեց, թե ինչ գեղեցիկ է խնձորենին, որովհետև… մայր է։ Եվ սրտանց ուզեց խնձորենի լինել։ Անորոշ քրտինք էր պատել եղևնուն։ Նա զառանցում էր, սեփական փշերը ծակում էին իրեն։ Եվ հպարտ, ձիգ եղևնին կռացավ։ Լսեց, թե ինչպես ճռճռաց մեջքը։ Աչքերը փակեց։ Երազում ծաղկել էր։ Սպիտա~կ, գեղեցի~կ։ Ասես նորահարս լիներ։ Երբեք իրեն այդքան երջանիկ ու թեթև չէր զգացել…

Առավոտյան անորոշ մշուշի միջից լսեց տերերի աղաղակները։ Չբացեց աչքերը, չտեսավ, թե ինչպես են հարյուրավոր խնձորներ աճել իր վրա, ինչպես է իր զմրուխտը թաղվել խնձորների մեջ։ Բայց… խնձորների ծանրությունից նրա նուրբ իրանը կոտրվեց։ Չէ՞ որ նա եղևնի էր…

28.11.2003

Google