Դու ինձ չես հիշի

19-03-2014

135782_original            – Դու ինձ չես հիշի, – ասաց նա, – ու այնքան տխուր էր, որ անգամ ես նկատեցի:

Չգիտեի ինչի մասին է ասում: Երբեք էլ լուրջ չվերաբերվեցի նրան: Այդ ժամանակ նստած էինք կիսաքանդ ու խուլ մի այգում, ուր եկել էինք սիրահարված «պինգվինների» վրա ծիծաղելու: Այդքան տխուր ես տեսել էի նրան միայն մի անգամ, երբ այդպես հանկարծակի ասաց, որ միշտ երազել է ձեռքս բռնել:

–  Առ, – ասացի ես ու մեկնեցի ձեռքս: Նա նայեց ինձ ու ժպտաց:

– Չէ, ես երազել եմ, որ ձեռք-ձեռքի քայլենք քաղաքով, որ անգամ այն անտառում, ուր պատմում էիր քո թաքուն տեղի մասին, ձեռքդ բռնած լինեի:

– Վախենում ես կորե՞մ, – հռհռացի ես, – թե՞ դու կկորես: Զզվում եմ քո ռոմանտիկ, ախմախ կապրիզներից:

– Հա, – բարկացած կամ կիսահուզված նայեց աչքերիս մեջ և էլի մի բան էր ուզում ասել, բայց չասեց:

Ես երբեք էլ չհաշվեցի, թե ինչքան ժամանակ անցավ, ինչ էլ չկար: Ես երբեք չհասկացա, թե որն էր մեր բաժանման օրը կամ ինչպե՞ս կորեցի կամ կորեց նա: Դա անկարևոր էր երևի ինձ համար: Նա երազում էր ամուսնանալ, իսկ ես ուղղակի երազում էի: Ես անվերջ երազում էի, անվերջ խոսում, պատմում իմ երազանքների մասին, ուր նա չկար, ուր նրա մասին անգամ խոսք չկար, իսկ նա լուռ լսում էր: Նա սիրում էր ինձ, իսկ ես նրա կոնքի խալը, որի մասին, երևի մինչև հիմա նրա ամուսինն էլ չգիտի: Ու ընդհանրապես, նրա ամուսինը ոչինչ չգիտի ու պետք էլ չի: Երբեմն – երբեմն ես հեռվից նայում եմ նրանց կամ ուղղակի պատկերացնում, թե ի՞նչ ունեն կիսելու, ի՞նչ են գտել իրար մեջ ու ինչու՞ են այսքան երջանիկ ձևանում:

Մի անգամ նա ինձ ասաց, որ ինքը ճիշտ այդտեսակ հարցեր է տալիս ինքն իրեն, երբ տեսնում է, թե ում հետ եմ քարշ գալիս կամ ում պատճառով եմ հեռախոսներս անջատում: Մի օր ասաց, որ նրանք բոլորն էլ նման են իրար ու նման չեն իրեն: Ես մտածեցի, որ խանդը նրան նախանձ է դարձրել, բայց հիմա գիտեմ, որ իր նմանը չկա:
Ես միշտ սխալվել եմ նրան գնահատելուց ու նրա քայլերը մեկնաբանելուց, ես նրան նայել եմ օտարի աչքերով ու միշտ փորձել եմ հավատարմությունը: Երբեք չեմ վստահել նրան ու երբեք չեմ ներել ինձ, որ նա չկա:

Ես այսօր էլ ունեմ նրանց: Իրար այնքան նման ու այնքան մի անգամվա, որ նույնիսկ ոչինչ չեմ պատմում: Հեծանիվ քշելու պես մի բան են, երբ մի անգամ սովորում ու էլ երբեք չես մոռանում, ուղղակի նստում ու քշում ես…

– Դու ինձ չես հիշի, – կուզեմ հետ գա այդ օրն ու նա ինձ ասի այդպես, իսկ ես ամուր գրկեմ նրան ու ասեմ, որ երբեք չեմ մոռանա, որ ժամանակ հետո ես ավելի ու ավելի եմ ուզելու նրա ներկայությունը, որ թերթելու եմ անցած ժամանակիս էջերն ու ամեն մի վայրկյանում նրան փնտրելու, որ գողի նման հետևելու եմ, որ նայելու եմ, թե ինչքան երջանիկ է ու որդերն ուտելու են ինձ, որ երդվելու եմ երբեք չկորցնել, որ դադարելու եմ երազելս ու ամուր բռնելու եմ նրա ձեռքը, որ ոչ մեկս չկորենք ու լինենք ներկա միշտ ու միասին, որ կատարելությունը ստանա մեր միասնության ձևը…

Ես երբեք այդպես էլ չասացի նրան, որ սիրում եմ…

Google