Դաշնակահարը (վեպ)

26-04-2014

_MG_4808   Ես միշտ զզվել եմ կոկիկ հագնված, խնամված և սանրված տղաներից, (չնայած, մայրս պատմում էր, որ հայրս ուներ աշխարհում ամենանուրբ ձեռքերը` բարակ, խնամված մատներով), Միշտ խուսափել եմ ընկերություն անել դրանց հետ…
Մեր պատանեկան ընկերախմբում կոշտուկապատ ու կեղտոտ ձեռքերով, եղունգները սևացած տղաներ էինք բոլորս, անում էինք ինչ պատահեր, ում համար պատահեր, ինչքանով պատահեր… Տասներկու տարեկանից մի փոքր մեծ կլինեինք… Բոլորս գիտեինք, թե ինչպես մշակել վերքերը, ավելի լավ, քան ցանկացած բժիշկ: Մենք դրանք պարզապես լվանում էինք սառը ջրի տակ, եթե կարողանում էինք մոտակայքում ջուր գտնել ու վերջ… Վազվզում ու գիժ-գիժ ֆուտբոլ էինք խաղում ասֆալտի վրա` ոտաբոբիկ, գլխաբաց, հաճախ ընկնում էինք, արյունլվա լինում ու դա սովորական էր… Չկար որևէ ֆուտբոլային օր, եթե վերջում` խաղից հետո, չէինք քոթակում «հակառակորդներով» իրար: Մեր ամենասիրած խաղը դա պատերազմն էր` կռիվ-կռիվը, երբ բաժանվում էինք երկու մեծ թիմերի ու հարձակվում միմյանց «որջերի» վրա դաժանաբար ծեծելով ու տանջելով հակառակորդներին, մինչև ընկերները կհասնեին օգնության… Մենք այնքան էինք լիզում մեր վերքերը, որ շատ փոքրուց գիտեինք ինչ համ ունի արյունը… Մենք ազնիվ տղաներ էինք ու երբեք դանակ չէինք ունենում մեզ մոտ, հազվադեպ տնից վերցնում էինք մի քանի ժամով, որ ծառերից պոկած կանաչ ճյուղերի կեղևը նախշերով հանենք ու դրանցից մեզ համար ճիպոտներ սարքենք: Մենք ազնիվ էինք, անգամ, երբ հոլ էինք խաղում…
Ժամանակն անցնում էր աննկատ, բայց դանդաղ… Մեկ օրվա մեջ այնքան բան էինք անում, որ թվում էր, թե օրը մի հավիտենականություն է, մի ամբողջ կյանք… Ազնիվ էինք, երբ մեկս մյուսիս հեծանիվն էինք սարքում ու դրանից հետո երկար ժամանակ եղունգների տակից լվանալ չէր լինում շղթայի յուղը… Չգիտես ինչու ու ում համար, երևի զուտ հետաքրքրությունից, պայթուցիկներ էինք սարքում, տարբեր տեսակի մինի ռումբեր, հեծանիվների վրա լույսեր ու հազար ու մի բան էինք սարքում… Մեր բակի բազմահարկերի բոլոր բնակիչների լույսերը մենք էինք սարքում, իրերը մենք էինք կրում, բակի ցանկապատներն ու խաղադաշտերը ինքներս էինք ներկում… Ժամանակներ էին, որ համատիրություններ ու ԺԷԿեր չկային կամ կային, բայց թղթերի մեջ միայն… Լավագույն դեպքում` երրորդ ձև տալու անձնագրայինին… Մենք մեր մրոտ ձեռքերով դրսերում հաց էինք ուտում ու կրակի մեջ հազար բան էինք խորովում… Մենք, գրեթե, չէինք լվացվում… Իջնում էինք ձորն ու լողանում էինք գետի սառը ջրի մեջ կամ եթե մի տեղից մի քիչ շատ փող էր գալիս գնում էինք «20 կոպեկնոց»… Մենք շատ էինք ծեծկռտվում ու շատ էինք ծեծ ուտում ու դրա համար ժամանակի հետ սկսեցինք ոչնչից չվախենալ…
Մեզ ոչ ոք մեքենա վարել չսովորեցրեց, բայց այսօր մերոնք լավագույն վարորդներն են` ամենաավագներից հետո… Մեզ ոչ մեկ արհեստ չսովորեցրեց, բայց մեզանից ամեն մեկն ամենալավ արհեստավորն է ամենատարբեր ոլորտներում…
Հայրս ուներ աշխարհում ամենանուրբ մատները, ինչպես մայրս էր պատմում, բայց ես միևնույնն է զզվում էի խնամված ձեռքերով տղաներից… Նրանք անազնիվ էին կամ նենգ… Նրանք զենք բռնել չգիտեին… Նրանցից մեկն էր, որ իր նուրբ մատներով բանակում քնած ժամանակ սպանեց մերոնցից մեկին… Ավտոմատով… Մի ամբողջ պահունակ, որովհետև վախեցել էր, որ կզարթնի… Այդ ժամանակ արդեն գնացել էի ինստիտուտ ու հիմնականում բոլորը բարակ մատներով նրբլիկ, սանրված տղաներ էին, որոնցից կանացի օծանելիքի հոտ էր գալիս… Ես փոքր էի, որ ամերիկայի մորաքույրս ծնունդիս օծանելիք նվիրեց… Մենք բոլորով ուրախացանք ու դրանից պայթուցիկ սարքեցինք… Տղաները բոլորը բանակում էին, իսկ ես ինստիտուտում` բանակ չգնացողների հետ…
Արդեն հանդիպել էի Տանյային ու մենք խուլ այգիներում քայլում էինք իրար ձեռք բռնած գաղտագողի, երբ նուրբ ձեռքերով տղաները մի քանի հոգով դանակներով խփել էին մեր միջի ամենաավագին ու ամենաուժեղին: Նա բանակից եկել ու տաքսի էր քշում: Սրանք էլ փող չէին ունեցել…
Հայրս ուներ ամենանուրբ մատները, սակայն ես նրան այդպես էլ չտեսա… Նրա մատները երբեք չխճճվեցին գանգուրներիս մեջ, ինչպես, ասենք, Տանյայինը, փոխարենը դրանք լավ մտնում էին անծանոթ երկրների անծանոթ մարդկանց գրպաններն ու այնտեղից հանում ամեն ինչ… Այդ ամեն ինչի հետ մեկտեղ նա ոչինչ էլ երբեք չունեցավ, բացի ուսերին ու ծնկներին եղած դաջվածքներից… Նա անգամ գերեզման չունեցավ, երբ մի օր Մոսկվայի մերձակայքում ՕՄՕՆը շրջապատել էր «Նրանց»:
Տանյան ինձ ստիպեց նոր սանրվածք ունենալ, մանավանդ, որ արդեն դիպլոմ պետք է ստանայի, ստիպեց, որ պիջակ հագնեմ, որն անընդհատ խեղդում էր… Նա ուզում էր նմանվեի ավագ եղբորը, ով եսիմինչապետարանում էր աշխատում… Այդ ժամանակ արդեն համատիրություններ կային, բաժնի պետեր, վարչության պետեր, օգնականներ, խորհրդականներ, համակարգիչներ, բայց մեր բակում ոչ ոք ոչինչ չէր ներկում… Մեքենաներով սլանում էին բարակ, նրբլիկ մատներով տղաները իրենց նրբուհիների հետ, հարբում, մերոնց մեքենայի տակ գցում, կրակում… Նրանց մեծ մասերը համատիրություն էին, վարչության պետ, չինովնիկ, օգնական… Հետո բարակ մատներով նրբլիկ տղաներն առան ու քանդեցին նաև «20 կոպեկնոցը», հետո քանդեցին եսիմինչերը, եսիմինչերը և այդպես շարունակ, որ շինեն, բայց իրենց կիսատ պռատ շինած կնիկների ու ընկերուհիների պես կիսաշինեցին ամեն ինչ…

ՎԵՐՋ ՆԱԽԱԲԱՆԻ

Google