Դու կիմանաս

05-02-2014

sariԴու կիմանաս, թե ես երբ եմ մեռնում, որովհետև մահը թաքցնել չի լինում, ինչպես պոռնիկ լինելը շատերի…

Դու հարցնում ես. «Սև, մե՞ծ ա, թե՞ փոքր», չնայած այդպես ժամանակին ես քեզ եմ հարցրել, բայց նույն բանը չէ, այլ ուրիշ ու ես հիմա մտածում եմ , թե ի՞նչ կապ ունի մեծ ա, թե՞ փոքր, կարևորն էն ա, որ կա… 

Կարար չլիներ:

Կարա՞ր չլիներ, ես էլ արդեն վստահ չեմ անկեղծ, որովհետև դու շատ ազատ ես մեր ընտանիքի համար ու հայրս իր ավանդական մորուքով կնայեր քեզ իր ավանդական հայացքով ու հայացքներով ու կասեր. «Բոզ ա»: Ու դու կլսեիր, ու քեզ վատ կզգայիր, որ դու շատ անգամ թեև իմ հետ գիշեր ես լուսացրել, բայց բոզ չես, արվեստագետ ես…

Իսկ հայրս հին մարդ ա, ինքը հայի հինն ու լավը պահողներից ամենամեկն ա, որ նահապետ ա ոչ մենակ մեր, այլև մեր շարքում եղած ուրիշ տների համար, որովհետև ոչ մի մեռել չեն վերցնում առանց նրա:

Ես տան ամենափոքրն եմ ու ինքը ինձ չի հասցրել դաստիարակել իր պես, ոնց որ մեծ եղբայրներիս ու իրանց հարսերին ու հիմա իրա թոռներին. էդ ժամանակ ինքը թուրք էր խփում, դրա համար ես սենց բեդովլաթ մեծացա ու կաթնակեր աղջիկ չեմ կարում տուն բերեմ: Դրա համար ես քեզ կյանքում մեր տուն չեմ տանի, որովհետև երբ դու գնաս կամ դեռ չգնացած տանն ինձ կսատկացնեն մեծ եղբայրներս ու հերս՝ իրա ռեմենով:

Ես իրանց չեմ կարա ցույց տամ քո պատվոգրերն ու գրանպրիները, որովհետև կասեն՝ ում տակ ասես պառկել ա, որ ունի, իսկ իմ արունի մեջ հաստատ թուրքի կա ու հերս մի վատ կեսգիշեր կհարբի, կհիշի մորս ու իրանց ցեղն ու թուրքերին, ու ինձ էլի ռեմենով կսատկացնի:
Ես չեմ կարա փախնեմ տանից, որովհետև էլ կյանքում հետ չեն թողնի կամ մի օր մի տեղ ախպերներս կբռնեն ու կտանեն հորս մոտ, որ ինձ շանսատակ անի:

«Մե՞ծ ա, թե՞ փոքր»: Ախր, ի՞նչ կապ ունի: Կարևորն ինքը լավ ընտանիքից ա, կարևորն իրա հերը աշխատող մարդ ա ու մորը չի թողել գնացել Ռուսաստան: Մենակ մոր պահած երեխեն ի՞նչ պիտի ըլնի ու համ էլ հորս հասնում ա խնամուն նարդի կրելը:

Փոքր ա կամ մեծ ես էլ դեռ չեմ իմանում ու ինձ լրիվ մեկ ա: Ինքը ինստիտուտ բան չի գնացել, ոչ մեկին չի բարևել, հերն էլ քարտաշ ա, տունն էլ՝ երկու փողոց էն կողմ:

Ես ուժեղ եմ միշտ քեզ թվացել, որովհետև հորս երբեք չես տեսել ու չես էլ տեսնի, Աստված չանի, մանավանդ, երբ իմ հետ ես:

Ես գիտեմ, որ դու ոչ մեկի տակ չես պառկել ու նույնիսկ իմ, որ քո հայրը երևի վատ մարդ ա, բայց մայրդ ոսկի կին ա, որ քեզ դժվար պահել ու մեծացրել ա ու դու հանճարեղ նկարներ ես նկարում ու շորեր ես կարում քո նկարներից ու քեզ հարգում են, որպես մեծ արվեստագետ, բայց աղջիկ ես, ու իրավունք չունես էդքան քսվես ու քեզ հեռուստացույցով ցույց տան, որովհետև ինքն ամեն օր նայում ա, թե ովքեր են երևում էկրանին, որ բոլորի դեմքերը հիշի, որ մի օր ներսի թուրքի դեմ զենքը վերցնելուց բոլորին հատ-հատ ճանաչի: Ինքը մեզնից լավ գիտի էդ գենդեր-մենդերը, էդ ղզօղլաններին:

Ես տան փոքրն եմ: Ես երբեք էլ երևի չեմ մեծանա, չնայած արդեն երեսուն եմ լինելու, ես տան փոքրն եմ ու պիտի օջախի ծուխը վառ պահեմ: Դու զզվում ես անգամ իմ ծխից, բայց համակերպվել ես, որովհետև քեզանից շատ ես ինձ սիրում, որովհետև դու հենց էն կինն ես, ում հետ ուզել եմ մեռնել խոր ծերություն:

Դու շատ հեշտ կիմանաս, թե ես երբ եմ մեռնում, որովհետև մահը թաքցնել չի լինում, ինչպես քեզ ես չեմ կարողանում թաքցնել, ինչպես չեն կարողանում թաքնվել իմ մտքերը…

03.01.2014թ.

Google