Դու կուզեիր, որ նա երբեք չլիներ

05-02-2014

1004683_585155131528142_1193305382_aԴու կուզեիր, որ նա երբեք չլիներ, որ ազատ մնայի իմ կերպարի մեջ, որ չտեսնեիր ինչպես մեր խանդավառ սիրուց արևներ են քաշվում տիեզերքի խորքեր…

Դու կուզեիր, որ նա երբեք չգար, եթե մի օր այսպես գնալու էր անդարձ, եթե իմ աչքերն էր տանելու իր հետ…

Դու կուզեիր, որ ես աչքեր չունենայի, որ ի սկզբանե դրանք փակ լինեին, որ չտեսնեի նրան, որ չհասնեի այստեղ…

Դու կուզեիր, որ ազատ լինեի միշտ, այնպես, ինչպես օվկիանոսն է հուժկու, այնպես, ինչպես ես էի միշտ իմ մոլեգնած կյանքի առասպելներում բարկ…

Բայց նա եկավ թեթև, ճակատագրով գուցե, կամ էլ կյանքի դաժան կատակներից էր դա, որ սեղանիս դրեց մի մեծ խաղի փաթեթ ու դերերը բաշխեց կողմնակալի նման… Արդեն չեմ էլ հիշում ով էր գլխավորը այդ մեծ, երկար խաղում, որ ակամա սկսվեց, ուր երևի ոչ ես և ոչ էլ նա էր խաղում… Խամաճիկի թատրոն էր դա, մեկ մարդու ներկայացում, որտեղ չկար կուլիս, միայն հանդիսատես, միայն ծափեր, սուլոց, մեխակների փնջեր, գերեզմանին դրված կոտրած պոչուկներով, ժապավեններով սև ու ոսկեզօծ տառով…

Դու կուզեիր, որ նա երբեք չլիներ, թեև այդ մասին մտածել ես հիմա, մինչ այդ ուրախ էիր կամ էլ նույնիսկ տխուր` խանդի տարբեր դիմակ ու գլխարկներ դրած… Բայց նա եղավ մի օր, եղավ քեզ հակառակ կամ էլ գուցե բոլոր քո նմաններին, եթե իհարկե քեզնից բացի իմ կյանքում եղել են այդպիսի դեմքեր… Նա եղավ ու չեղավ մի հրաշալի օր ու ես ուրախ չէի, այլ օրն էր հիասքանչ, երբ դրանից հետո իմ մազերի սևում սպիտակներին գտա ու մտքերիս մեջ… Մինչ այդ սև էին նաև իմ մտքերը բոլոր, երիտասարդ ու խենթ իմ կերպարի նման, բայց այդ փոշուց սպիտակ դրանք նույնպես կորան կամ խառնվեցին անզգույշ անզորության գետին…

Դու կուզեիր, որ նա չլիներ, թեև նա այդպես էլ քո մասին չիմացավ, թեև այդպես էլ դու նրան չճանաչեցիր ու չհասկացար, թե ինչու ու ուր գնաց…

Իմ կոկորդին կանգնած միակ բանը հիմի սիգարետի ծխից դեղնած մաղձն է դառը, որ օր օրի հետ թանձր թունավորում է ինձ ու հազացնում անվերջ ու ստիպում է թքել… Բայց թքել եմ վաղուց ու ոչ սիգարետից ու ոչ գետնին, ինչպես դա պապերն են անում, այլ թքել եմ նրա, կյանքի ու մնացած կիսատ խաղի ելքի վրա…

Ամեն դեպքում ես իմ բնույթով հաղթող եմ միշտ ու կհաղթեմ, թեև արդեն ոչինչ չկա, բայց այն, որ ես լավ եմ խաղում և միշտ բլեֆ ունեմ գիտեմ միայն ես ու գիտեր նաև նա…

14.08.2013թ.

Google