Եղիր, մարդ

24-12-2015

7878787  Քո թևերը, որ փրկել են ինձ արդեն հազար քանի հարյուր անգամ կամ շատ, ու՞ր են: Դու ինձ սովորեցրել ես, որ կարող եմ անել ամեն ինչ, ինչ կամենամ ու դու ինձ կփրկես… Այդպես անգամ փոքր երեխաներին երես չեն տալիս… Դու ինձ սովորեցրել ես, չէ, դու հակառակի նման բան էլ չես սովորեցրել, դրա համար ես սովորել եմ այն, ինչ գտել եմ… Գուցե ոչինչ էլ չե՞մ գտել կամ ուղղակի «փիս» եմ սովորել…

Ես այնքան բան ունեի անելու, որ ուղղակի, չարեցի: Ու պատճառ չկար կամ կային ու այնքան աննշան էին, ավելի շատ ինքնախաբկանքի նմանվող, որ ինքնաարդարացումս էի դրանով պարարտացնում: Ու ես սովորեցի ոչինչ չանել: Իմ այնքան լավ ու գեղեցիկ աղջիկները տարբեր աչքերով, տարբեր գույնի ու հաճախ այնքա~ն իրար նման, ժամանակին ինձ սիրում էին անսահման կամ գուցե շատ, բայց այժմ նրանք էլ չկան, որովհետև ժամանակին ես ինքս էի կարողանում սիրել, ժամանակին ես կարողանում էի նկարել տողեր ու խոսել գունավոր, տարբեր երազների մասին պատմել ու երազանք դարձնել նրանց կյանքը հեքիաթներիս նման անիրական: Նրանք իմ մեջ սիրում էին իրենց երազանքներն ու կյանքը, որովհետև իմ մեջ կյանքի նշույլները դեռ չէին մեռել: Այն ժամանակ ես չէի էլ մտածում, բայց այսօր հիշում եմ, թե նրանք ինչ լավն էին ու ինչ լավն էի ես նրանց կողքին… Այսօր ես անգամ դադարել եմ սիրել, դադարել եմ տեսնել լուսավորը կյանքի ու պատմել դրա մասին գունավոր, դարձնել դրանք երազ:

Իմ նմաններն այսօր այնքան շատ են: Ու այնքան չար եմ ես հիմա ու նախանձ, որովհետև, երբ հոգիդ չես կարողանում լցնել լուսավորով ու ունեցածդ գեղեցիկը միշտ դուրս ես տալիս, մսխում ես, փոխարենը մնում է այն, ինչ տրվում է ամենահեշտը… Իսկ կյանքում վեհ բաները հեշտությամբ չեն տրվում: Հեշտությամբ չեն տրվում անգամ ճիշտ բառերը, որոնք երկար ժամանակ է ինքս չեմ կարողանում գտնել, որպեսզի կարողանամ ասելիքս կիսել, որպեսզի կարողանամ գոնե դրանցով մեջս մաքրել գարշահոտ այս ճահիճից, որի մեջ խրվել եմ ակամա, որի միջից հատուկենտներն են դուրս պրծել…

Ներիր ու ներդաշնակ եղիր ինձ հետ: Ուղղակի, եղիր ինձ հետ ու հանդուրժիր ինձ: Իմ վավաշոտ, վտիտ էությունը, իմ հուսահատ պոռթկումները, իմ ցավերը, դատարկությունը, բամբասանքը… Եղիր ինձ կին, ընկեր, եղբայր, հայր: Միայն եղիր, մարդ… Եղիր, որովհետև ինքնասպան են լինում մենակությունից նաև…

Google