Երբ երազանքդ դառնում է քած…

31-12-2011

x_052f10ef

Եթե անհաջող առաջին տղամարդ ունեցած կինն իր հետագա ողջ կյանքում զզվանքով կամ վախով է նայում տղամարդ կոչվող “գարշելի էակներին”, մինչ չի հանդիպում ճակատագրով նախատեսված իր միակին կամ գուցե ուղղակի մի լավ, գրագետ տամարդու (չնայած, դա դառնում է անհավանական այնքան, ինչքան որ կգա սպիտակ ձիով արքայազնը), ապա տղամարդու դեպքում… Ցավալի է, երբ կանանց մեջ սկսում ես միայն էգեր տեսնել…

Նա երկնքից էր իջել, թե ապրում էր այնտեղ, չեմ հասցրել հասկանալ դեռ իմ օրերում… Բայց այն, որ նա յուրահատուկ էր ու մաքուր, վկայում էր անգամ մաշկի հոտը նուրբ… Ես վերցրեցի մի օր նրան կանաչ մարգագետնից ու որպես ծաղիկ քաղեցի գիտակցաբար…

 

Նա…

 

…Երբ դասարանի աղջիկներով 8 կամ 9րդ դասարանում հավաքվում էին Լիդայենց տանը թաքուն ու Լիդայի հոր դարակից գողացած պոռնոները ակնապիշ նայում, նա միշտ փակում էր աչքերը… Նրա համար հետաքրքիր ոչինչ չկար այդ նեգրոշվեդական` սովետական վերջին տարիներին մի կերպ նաև մեր երկիր հասած անորակ ու տգեղ ֆիլմերում… Ու եթե հաշվենք, որ ֆիլմ կոչվում է նաև Փարաջանովի, ասենք` “Նռան գույնը”, ապա… Ֆիլմերում չէ, կասետներում… Չէ, պոռնո չնայելով չեն սրբանում, ուղղակի նա իր տղամարդուն էր սպասում, ով կլինի իր միակն ու վերջինը, ում հետ կկարողանա նկարել աշխարհի ամենաարվեստալի ու հանճարեղ… Ֆիլմը… Ժամանակին, նա նույնիսկ չէր մասնակցում իր ընկերուհիների կազմակերպած` սիրուն տղա գժվացնելու խաղերին… Նա չէր զանգում տղա խոսացնում կամ փչում… Հետո առաջին-երկրորդ կուրսում, երբ նոր ամուսնացած կամ նոր ծննդաբերած կուրսեցիներից մեկին անփորձ ու անհայտ աղջիկներով բերում նստացնում էին հարցաքննության, ինքը կարմրում էր, զարմանում, փորձում պատրվակ բռնել ու փախնել… Դրանից հետո նրա կյանքում հայտնվեց ինտերնետը` միայն էլեկտրոնային փոստ ուղարկելու համար, հետո արդեն` ես…

 

Ես…

 

Իմ հանճարեղ տատը մանկուց ինձ որպես արքայազն էր մեծացնում, բայց բնավ ոչ նրա համար, որ մի օր սպիտակ ձիով հայտնվեմ ինչ-որ էգի կյանքում, այլ որ ապրեմ մաքուր ու ճիշտ, լինեմ ասպետավայել, որովհետև վստահ էր, որ իմ երակներով կապույտ արյուն է հոսում ժառանգաբար… Այն միջավայրում, որտեղ մեծացա, բոլորը զարմանում էին, թե ինչպես կարելի է վեդռո-ին ասել դույլ կամ լիֆտին վերելակ, որ գռուզավիկները կարող են բեռնատար լինել կամ որ անծանոթների հետ պետք է դուք-ով խոսել կամ ձյաձյաները` դրանք քեռիներն են մեր… Ցավոք, կամ բարեբախտաբար տատս ինձ կարողացավ տալ այդ ամենը միայն 11 տարի… Դրանից հետո սկսեցի հասկանալ կամ սովորել, որ կարելի է բետոնի մեխից փամփուշտներ սարքել, բրոնզից ու մի քանի այլ բաներից` ռումբեր… Հասկացա, որ տատս սխալ էր, երբ ինձ միշտ ասում էր, որ ընկածին չեն խփում կամ չի կարելի մի քանի հոգով մենակին ծեծել, որ մեջքից հարվածում են միայն ստոր ու թույլ մարդիկ… Հասկացա, որ ինչքան էլ ասես “ազնիվ խոսք”, քեզ չեն հավատա այնքան , մինչև չլսեն “հորս արև”-ը… Դրանք խառը պատանեկան էսքիզներ… Կարևորը, որ առաջին անգամ հասկացա, թե ինչ է կինը, երբ տասներեք տարեկան էի ու չէի հասցրել պատկերացնել, թե կանայք կարող են նաև մերկ լինել… Հետո` թատերական ինստիտուտ, սեփական բիզնես, փող, ոստիկանություն երբեմն` սուրճ խմելու, էլիտար ու ազդեցիկ ընկերներ, ժարգոնային վարպետություն, անպատժելիությունից ծնված համարձակություն ու կանայք, կանայք, կանայք… Որոնց 95 տոկոսին հարգել եմ ահավոր շատ, 94 տոկոսին` սիրել…

 

Մենք…

 

Առաջին բանը, որ նա ասաց` “Ես օդնոկլասսնիկ”-ով չեմ ծանոթանում, էլ չգրես: Ես թողեցի իմ ամեն ամեն ինչն ու ամենաշատն այդ պահին ուզեցի, որ նրա գեղեցիկ այդ տիկնիկային կերպարն ինձ հետ շարունակվի… Դա բացարձակ իր տված պատասխանից չէր, ուղղակի, ես երբեք այդքան սիրուն մռութ չէի տեսել… Ժամանակ կանցնի, երբ ես աշխարհում նրան իմ կողքը տեսնելուց բացի ոչինչ չեմ ուզի և կյանքը կհամաձայնվի: Ինձ կտա նրան ու փոխարենը կվերցնի ամեն ինչ… Նա եկավ այն ժամանակ, երբ ես խեղդվում էի ու պատուհան բացելու փոխարեն, ես սկսեցի ապրել նրա ափերում… Ու չփոշմանեցի…  Նրա այդ անբռնազբոս ու հպարտ կեցվածքը, ժպիտը` աչքերի արևների մեջ, ինձ փոխարինում էին ամեն բան կյանքում… Ես տվեցի նրան ինչ ունեի, իսկ նա ինձ` ամեն ինչ… Ու կարևոր չէ, թե ինչու կամ ինչպես, բայց նա, որ սկզբում ինձնից անընդհատ նեղանում էր, երբ ես որևէ ժարգոնային բառ էի օգտագործում կամ փողոցում թքում էի, մի օր ինձ ասեց` սիկտիր… Ու նույնիսկ սիգարետը չհանեց բերանից… Առաջին անգամ ես սառեցի ու հասկացա, թե ես… այս ի՞նչ եմ սարքել նրան…

 

Վերջ

 

Ու ինչպես կանայք օրերի մեջ անթիվ հիշում են առաջին տղամարդուն իրենց, այդպես էլ բաներ կան, որ չեն ջնջվում երբեք ոչ կենսագրությանդ, որ կյանքիդ, ոչ էլ հիշողությանդ էջերից… Վերնագրիս պատասխանը թվում էր կստանամ, բայց չկարողացա, որովհետև դրա պատասխանը միայն մերն է, մեր մեջ է… Ու մեզանից յուրաքանչյուրն ունի ցավոք, իր չստացված երազանքի արտացոլանքը…

Ինձ հիմա միայն ցավեցնում է նրա վիբրատորը…

Google