Դուք երբեք չեք տեսել

11-03-2017

         Դուք երբեք չեք տեսել, թե ինչպես են մաքրում ձյունն այնտեղ, որտեղ հաջորդ օրը կամ ժամեր անց պիտի այցելեք: Ինչպիսի մանրակրկիտությամբ, ինչպիսի ջանասիրությամբ: Երբեք չեք տեսել, թե ինչպես են մաքրում փողոցները, միջանցքները, սենյակները, ամեն ինչ դասավորում ինչպես հարկն է, փոխում վաղուց չաշխատող լամպերը, անգամ՝ նոր, բայց արդեն մեծ ծառեր են տնկում: Եվ ամեն անգամ դուք տեսնում եք այն, ինչ արդեն կա ու վստահ եք, որ միշտ է այդպես: Ձեզ դիմավորում են լայնաժպիտ մանկավարժներ, գոհունակ դեմքով արվեստագետներ, փայլուն երիտասարդներ, ովքեր թվում է, որ ոչ մի խնդիր չունեն կյանքում, որ նրանց միայն մնում է ապրել, արարել և երջանիկ լինել միշտ այնպես, ինչպես այդ պահերին են: Ու այդ բոլորը ու մենք ձեզ ներկայացնում ենք թվեր, թե ինչ ահռելի աշխատանքներ են կատարվել, ինչքան աճ է գրանցվել կամ ինչքան ընտանիքների խնդիրներ են լուծվել ու դուք հպարտանում եք մեզնով, մեր արածով, ընդհանուրի համար ստեղծված բարիքներով… Բայց…

Եթե միայն…

Փոքր ժամանակ, երբ մեր մայրերը կարգադրում էին հավաքել սենյակն ու նոր միայն իջնել բակ, մեզանից եթե ոչ յուրաքանչյուրը, ապա բացարձակ մեծամասնությունը արագ – արագ սկսում էր մանր իրերը լցնել դարակները, գուլպաները հրել մահճակալի տակ, վարագույրի ծայրով կամ մահճակալի ծածկոցով մաքրել փոշիները, որ առաջին հայացքից ամեն ինչ թվա կոկիկ և իդեալական: Ու գրեթե միշտ մեր բախտը բերում էր, որովհետև մեր բազմազբաղ մայրերը մեզ վստահելով չէին ստուգում անկյուններն ու մահճակալի տակերն ու ժպիտով մեզ թողնում էին բակ: Ու այդպես կուտակվում էր ամեն ինչ մինչև մի օր, երբ պատժվում էինք կամ հենց մեր մայրն անձամբ էր սկսում զբաղվել մեր սենյակի մաքրությամբ: Այդպես մենք անում էինք դպրոցում նաև, երբ մոտավորապես հասկանում էինք, թե մեզ որ օրը կկանչեն դաս պատասխանելու և այդ օրվա դասը սովորելով հինգ կամ չորս էինք ստանում… Այդպես մենք անում ենք մեր  աշխատավայրում, երբ ինչ – որ թափուր պաշտոնի լուր ենք ստանում կամ որևէ ծառայություն մատուցելու, անպայման առաջինը զանգում ենք մեր բարեկամներին, մեր մտերիմներին: Այդպես ենք մենք անում մեր աշխատանքը, երբ արգելված է սոցկայքեր մտնելը, մենք գտնում ենք մի հնար, որ օգտվենք դրանցից ու միայն վերադասին տեսնելով ենք արագ փոխում էկրանը, իբր տքնաջան աշխատում էինք: Այդպես մենք ասֆալտ ենք փռում, այդպես մենք վերանորոգում ենք պետական հիմնարկներն ու ընդհանուր օգտագործման տարածքները, այդպես մենք անգամ մեր մեքենաներն ենք միայն դրսից լվանում կամ երբեմն ձմռանը չլողանալով մաքուր շորեր ենք հագնում…

Մենք այդպես թքում – կպցնում ենք ամեն ինչ: Աշխատում ենք չհոգնել, փորձում ենք ընդհնաուրին հասանելի ինչ – որ բանից մի մեծ քանակություն մեր տուն տանել, շատն ու լավը մոտիկ, ընկեր, բարեկամ, ծանոթներին տալ, որովհետև դուք հենց մեզ եք վստահել, որովհետև մենք հայտնվել ենք այստեղ ինչ –որ առումով նաև նրա համար, որ բարեկամ ենք, ընկեր, ծանոթ ու վստահելի, որովհետև դուք մտածում եք, որ մենք չենք խաբի, որ մենք մեր ծառայողական մեքենաներին հատկացված բենզինը չենք քաշի բաքի մեջից ու վաճառի, որ եթե Աստված մի արասցե պատերազմը հանկարծակի վերսկսվի դուք վստահ եք, որ տեխնիկան կազմ ու պատրաստ է ու ոչ մեկ մտքի ծայրով էլ չի անցկացնի ինչ-որ բան գողանալ, որովհետև ամենամեծ բանը ՝ վստահությունը, արդեն տվել եք նրան…

Բայց դա մենք ենք ու մենք շատ շատ ենք, գրեթե բոլորս ենք: Մենք ամեն մեկս մեր տեղում ազնիվ չենք: Մենք ամրակապվում ենք, երբ հետադարձ հայելիներում կամ դիմացից տեսնում ենք ճանապարհային ոստիկանության մեքենան: Մենք աղբը նետում ենք աղբամանի մեջ միայն այն ժամանակ, երբ վայրը մարդաշատ է ու մենք միշտ բնակարանի վերանորոգումը սկսում ենք պատուհաններից ու դրսի դռնից:

Դուք շատ չեք: Դուք մեր նախագահն եք, մեր վարչապետը: Դուք չեք կարող միայնակ ու անընդհատ վերահսկել մեզ բոլորիս: Մեր վերադասներին, մեր աշխատակիցներին, մեր ենթականերին: Դուք միշտ ուր գնում եք մաքուր է, դուք միշտ ուր գնում եք ժպիտներ են, որովհետև այդ պահին արվել է մաքսիմալը, այդ պահի համար մարդկանց ստիպել են գալ ու ստիպել են ժպտալ, որ դուք չկասկածեք, որ ինչ – որ բան այն չէ, այլապես մենք կկորցնենք մեր աշխատանքը, այդ վստահությունը, լափելու մեր հնարավորությունը ու ամենավատն այն է, որ մեր փոխարեն կգա մեզանից մեկը ու կանի նույնը, ինչ որ մենք՝ մինչև մի օր էլ նրան կկասկածեք կամ կբռնացնեք: Անձամբ: Անձամբ, որովհետև այդ վերահսկողներն ու ձեր ուղարկած մյուսներն էլ էլի մեզանից մեկն են, որովհետև նրանց նույնպես լինում է համոզել, կաշառել, խնդրել: Ու ստացվում է այնպես, որ ինքներս մեզանից գողանում ենք, որ ինքներս մեզ խաբում ենք, որ ինքներս ոչ թե լավ, այլ համարյա ընդհանրապես չենք աշխատում, բայց ամեն ինչում մեղադրում են ձեզ ու մենք ինքներս էլ դժգոհ ենք այս ստեղծված վիճակից:

Մենք ժողովուրդն ենք: Բանվոր, մանկավարժ, արհեստավոր, զինվորական, տնային տնտեսուհի, վաճառող, ընդդիմադիր, անկուսակցական: Բոլոր բոլորս անխտիր:

Պիտի ստիպենք ինքներս մեզ փոխվել: Պիտի մենք անթերի անենք այն, ինչ մեզ հանձնարարված է, ինչի համար մենք ինքներս ենք պատասխանատու, անգամ, եթե մեզ թվում է, որ մեր արածը շատ չնչին կաթիլ է մի մեծ օվկիանոսում, անգամ եթե կարծում ենք, որ մեր փոխվելով ոչինչ չի փոխվի, արդյունքում միայն մենք կտուժենք, իսկ մեր նմանները կշարունակեն նույն կերպ ու ամեն ինչ էլի կմնա նույնը…

Եկել է փոխվելու ժամանակը… Եկեք առաջինը փոխենք ինքներս մեզ…

 

Google