Երջանկությունը

20-05-2014

88Սրանք երջանկություն են փնտրում, իրար մաղթում գունավոր բառերով, ամեն ինչ տակնուվրա անում, ահռելի տներ սարքում, թանկարժեք մեքենաներ փորձում, գեղեցիկ կանանց հետ զբոսնում անվերջ ու ցուցադրական: Սրանք անընդհատ փնտրում են: Ես չեմ կարող ասել կգտնեն մի օր, թե չէ, որովհետև շատերն են գալիս մի գիտակցության, բայց քչերին է տրված վերապրելու լավը… Ես չգիտեմ ովքեր են այդ քչի մեջ ու ովքեր կլինեն, բայց մի բանում վստահ եմ, որ անգամ տանդ պատերն էլ ոսկուց լինեն, դրանց արտացոլանքում էլի տեսնելու ես աչքերիդ միջի անօգնական դատարկն ու քեզ անվերջ դժբախտ ես զգալու այս նյութականի ահեղ մրցավազքում:

Ես ինքս դեռ չեմ հասկացել, թե որն է երջանկությունն ու ամեն անգամ ինչ տեսքով է գալիս, բայց կորուստներից հետո վստահ եմ եղել, որ սա վերջինը կլինի ու մյուս անգամ արդեն կհասկանամ…

Իսկ երջանկությունը շատ հաճախ գալիս է ազնվության տեսքով, երբ արդար ճակատդ դնում ես բարձին ու օրվա հոգնությունից աչքերդ փակվում են, ուրիշ ոչինչ չես հասցնում զգալ, բայց սիրտդ բերկրանքից խուտուտ է գալիս…

Երջանկությունը գալիս է հանկարծակի, թաքուն արված մի լավ գործի տեսքով, երբ ինչ-որ մեկը կամ մի քանիսը խոնավ աչքերով ժպտում են ու չգիտեն ում կամ ինչ ասեն… Այն գալիս է հավատի ու գոհության տեսքով, երբ աչքերդ հառում ես երկինք, բայց ոչինչ չունես խնդրելու, անգամ մեղքերի թողություն կամ ներողություն, երբ նայում ես միլիարդավոր հեկտարների հասնող կապույտին ու շշնջում ես. «Շնորհակալ եմ, Տեր»: Երջանկությունը գալիս է Մեծ, Հզոր մարդկանց կերպարներով, երբ քո կյանքում լինում են նրանք վստահաբար քոնն ու իրենց Մեծությունից բաժին է հասնում նաև քեզ: Երբ իմաստնությունը հոսում է երակներովդ, իսկ դու մեծահոգաբար լսում ես ամեն ինչ ու խորիմաստ ժպտում: Երջանկությունը երբեք չի գալիս հաստատ, այն սողոսկում է թաքուն, ինչպես արյունդ է անվերջ պտտվում երակներովդ, բայց երբեք չես մտածում դրա մասին …

Ես ամեն օր գրկում եմ նրան, ես ամեն օր նայում եմ երկինք ու ոչինչ չունեմ խնդրելու: Ես ամեն օր նրան այդպես ամուր գրկած քնում եմ և գլուխս հանգիստ հանգչում է բարձին, նրանը՝ կրծքիս: Հիմա հասել եմ այն բաղձալի սահմանին, երբ հստակ գիտեմ, թե ինչ տեսք ունի իմ երջանկությունը: Նա գալու է հաստատ ու բոլորն են իմանալու, լինելու է փոքր, բայց արևի նման մեծ ու փայլուն աչուկներով: Ես վերցնելու եմ նրան իմ ձեռքերին, նայելու եմ խաղաղ ու լուսավոր աչուկներին ու բոլորից թաքուն շշնջալու. «Դու իմ կյանքի իմաստն ես»: Նա այդ պահին չի էլ պատկերացնի, որ ամեն ինչ անցողիկ է, որ միմիայն ինքն է շարունակելու արմատներս, որ միմիայն ինքն է, որ վստահ եկել է երջանկության կերպով, նա այդ պահին ոչինչ չի հասկանա…

Բարի գալուստ իմ աշխարհ, փոքրիկ հրաշք…

Google