Ես այստեղ, դու` չգիտեմ ուր…

31-12-2011

184811_460498123993844_2020500985_a… Լուսաբաց է արդեն … Կամ շուտով… Ծառերի հետևից թեթև կապույտ է դառնում երկինքը: Ես այստեղ, դու` չգիտեմ ուր… Գետնին դրված լիքը մոխրաման, կարմիր մի կետ մթում ու ծուխ, հավիտենական, հարատև իմ ծուխը…

Մեկը կար` ասում էր չծխեմ, որ վատ հոտ չգա ինձանից, որ ինքն ինձ այդպես չի սիրում… Դու ստիպեցիր ծխել, որովհետև դա ինձ դուր էր գալիս, որովհետև դա էր իմ հոտը… Ես այստեղ, դու` չգիտեմ ուր… Ինձ համար միշտ կարևոր է իմանալ, թե որտեղ ես դու, աշխարհի որ կետում, որ երբ աչքերս փակեմ, մտովի պատկերացնեմ քեզ, տեղդ քարտեզի վրա: Ինձ համար միշտ կարևոր է իմանալ դա: Հիմա` չգիտեմ ուր: Ու չգիտեմ հիմա նոր տեղեր ավելացե՞լ են քարտեզիդ վրա, թե՞… Էլ հուշումներս չկա սմսների տեսքով, զանգերի ձայնով, հիմա ես փակում եմ աչքերս ու փորձում գուշակել: Ես այստեղ…

Սա դեռ լուսաբացից շատ առաջ սկսեց խռմփացնել: Սրա հետ չստացվեց, որովհետև ասաց, որ թվում է, թե հիմա սենյակում երեքով ենք… Նա երբեք չի հասկանա, որ միշտ սենյակում երկուսով ենք լինում ու ինքը չկա… Ինքը չկա և ոչ թե դու… Չստացվեց, որովհետև ինքը չկա, իսկ ես էլ… քեզ հետ չեմ … Ու քեզանից հետո անընդհատ չի ստացվում… Ոչ մի տեղ, ոչ մեկի հետ…

Ինչքա~ն վաղուց ես չեմ պարել… Ինչքան վաղուց ես չեմ բռնել իրանդ ու չենք օրորվել երկա~ր երկա~ր… Առաջվա պես պարել չգիտեմ… Ինձ ոչ մեկ ոչ մի նոր բան չտվեց: Ես անընդհատ թեքում էի գլուխս ու ականջիդ շշնջում, ինչ -որ բաներ էի փիլիսոփայում, ինչ-որ հեռու բաներից էի խոսում, միայն ոչ սիրուց… Սիրո մասին ինձ մոտ անգամ գրել չի ստացվել երբեք… Ես թեքում էի գլուխս, որ չզգաս, թե ինչ հարբած հոտեր են գալիս վրայիցս, թե ինչքան եմ ծխած, ինչքան զզվելի եմ… Ու դու համբուրում էիր, սիրում էիր ինձ հենց այդպես: Այդպես կիսատ պռատ:

Մայրդ ինձ նարկոմանի տեղ դրեց, քույրդ անվանեց խուլիգան, դու ժպտացիր թաքուն և ուրախացար, թե ինչե~ր չգիտեն: Ես այստեղ, իսկ դու` չգիտեմ ուր…

Հիշու՞մ ես, մի օր արագ-արագ բարձրացանք վերև, բացեցինք տան դուռն ու միանգամից ննջարան, միանգամից… Անգամ վերելակի մեջ սկսել էինք հանվել… Հետո, մի երկու կամ երեք ժամ հետո, երբ գնացիր սուրճ դնելու, բարձր ծիծաղով կանչեցիր, ես եկա ու սառեցի, տան դուռը լրիվ բաց էինք թողել, անգամ չէինք էլ փորձել ծածկել, ու ցերեկ էր…

Սրա հետ երկար խոսեցինք… Փորձում էի ինչ որ բան գտնել, ինչ որ կայծ, ինչ որ հրաշք… Հետո հասկացա, երբ քնեց… Ամենաիմաստունն է նա բոլոր կանանցից, որովհետև հասկացել էր, որ սենյակում երեքով ենք, չնայած… Ախր միշտ ենք երկուսով, բոլոր բոլոր սենյակներում, աշխարհի բոլոր անկյուններում, ամեն քարտեզների վրա, թեև, ես հիմա այստեղ, իսկ դու՞…

Կյանքիս բոլոր փուլերում ես գրել եմ մի’ տեսակ: Ժամանակը մեծ էր դավաճանությունների մասին գրելու, հետո` ցավի, ափսոսանքի, մերժման, ընդվզման, նույնիսկ` անարժանների… Ամեն դատարկ բանի մասին գրել եմ ու վատ… Քո մասին անկարող եմ տող անգամ գրել, որովհետև տաղանդավոր չեմ, որովհետև հանճարեղ չեմ: Ամենը միայն հիշողություններ են, մտքեր , մտորումներ: Ես այստեղ, դու` ո՞վ գիտե հիմա…

Ինչքա~ն հարազատ ես հիմա, հիմա, երբ գիտեմ, որ չկաս, հիմա, երբ հասկացել եմ, որ անկարևոր էր ամեն ինչս, երբ ընտրեցի սա: Հիմա ամեն ինչ կա… Ամեն ինչ: Ինչի՞ս է պետք առանց քեզ, չէ՞ որ քո համար էի ուզում ամեն ինչ ունենալ… Ինչքան բան չկարողացա տալ քեզ: Ինչքանը վերցրի…

Բայց իրականում, ես այստեղ եմ հիմա` մենակ, իսկ դու` չգիտեմ ո՞ր անկյունում, ո՞րտեղ` ինձ հետ միասին…

Google