Եսիմինչ

31-12-2011

530839_460522777324712_855779611_aԱստղերն իրենց հիվանդ հոգեվարքն են նետել իմ ուսերին և այնքան սուտ են այդ պատկերները, որովհետև, ո՞վ գիտե քանի հազար կամ միլիոն տարի առաջ են նրանք պայթել կամ ընկել, չէ՞ որ մեզ նրանց լույսը հասնում է հարյուրավոր լուսային տարիներ անց… Հիմա նոր աստղեր կբացահայտեն, նոր փայլատակումներ, որոնք, գուցե, քանի~ միլիարդ ժամանակներ առաջ արդեն հանգել են… Աստղազարդ երկինքն իմ խաբկանքն է, ես հետ եմ մնացել ժամանակից ուղիղ այնքան , ինչքան հեռու են այս աստղերը… Իմ հիվանդ երազները, երազանքները: Դրանք հիմա այն հին խամրած գույներն ունեն, դրանք հիմա նկարվում են ավելի շատ ինձ համար, քան քո… Ես հին կտավիս վրա արտագրում եմ քեզ, որ ծածկեմ տակի տխուրաչյա, երկարավիզ ժպիտը: Քո ժպիտն ինձ արդեն ավելի է դուր գալիս:

Ես չեմ հասկանում հիմա, թե որտեղ են կորել հրաշքները իմ, ես փորձում եմ նորից նյութեր գտնել սիրո, ես ձգտում եմ հիմա նոր վերջալույս կերտել քո անվերջ դողացող ուսերից: Այնքան խառն եմ հիմա, այնքան բառ կա մեջս, որ ճխլում են իրար, իրար վրա պառկում, խանգարում են միայն ու սեր չեն արտաշնչում: Անիմաստ մի ցավ կար ողիս արանքում, որ լվացի քեզնով, երբ մարդկայնացա ու փրկվեցի երազների ծովում: Տես, ասում ես դու, հիմա հիվանդ ես ու զառանցանքդ եմ, ես` քո տեսլականը: Հիմա հիվանդ եմ… Ու բառեր եմ նկարում լույսի, ու ստվերներ եմ գտնում մեջքիդ ծալվածքներում և չեմ ուզում տխրես, տրորվես հիմա կրկին, որ պառկես լուռ ու չխոսես ոչինչ, որ լինես ազատ խաբկանք-աստղերի տակ և չվախենաս ու չմտածես էլի… Ես ուզում եմ, որ դու լինես նորից կրակ, որ մոխրացնես իմ մերկ բազուկները հիմա, որ գալարվես, որ կիսածուռ պատես իմ կյանքը, իմ երեկն ու ներկան… Եվ որպես ծուխ այդպես շարունակվես անվերջ, որ ես խեղդվեմ մի պահ քուլաներում քո մերկ, օղակներում սեղմվեմ և ինձ  գրկես այդպես, այդպես անվերջ լինեմ, դու իմ գրկում լինես… Եվ ի՞նչ անենք, որ մենք ունենք միայն հանցանք, ունենք գործած մեղքեր իրար հանդեպ և սուտ: Ի՞նչ անենք, որ դու նվիրել ես քեզ ուրիշ փարոսների մթում, և ի՞նչ անենք, որ ես քեզանով եմ փակում բոլոր պատկերները իմ տան: Մեզ պետք չէ վաղը, կամ հարյուր տարին, բեր մենք սովորենք այս սուտ աստղերից, բեր փայլենք հիմա ու փայլատակենք, մեր լույսը շաղ տանք տիեզերքով մեկ ու հոգնած ծխենք: Ես քո աստղն եմ, հավատա մի պահ… Ես համ այսօր կամ համ, անկեղծ, չկամ…

Google