Էտյուդ

24-03-2014

7385586954_6caa58b7a0_cԴու երբեք հարսի շոր չես հագնի և մայրս գդալով մեղր քեզ չի տա: Մենք եկեղեցի էլ երբեք չենք գնա, որովհետև, թեև բարձրաձայն չենք պայմանավորվել, բայց երկուսս էլ հիշում ենք, թե ինչպես եկեղեցում մոմավաճառ պառավները խաբեցին երկուսիս էլ առանձին-առանձին ու մենք մեզ՝ մեր մեջ խոստացանք, որ էլ երբեք չենք վերադառնա այս տոնավաճառը: Դրանից հետո ես հիշեցի Հիսուսին, ով ասում էր, թե ինչու՞ եք Հորս տունը շուկա դարձրել, դու՝ չգիտեմ ում, բայց հեռացանք կորցրած: Եկեղեցի գնալով չէ, որ մենք մեր աղոթքը պետք է ուղղենք առ Աստված և չկորցնենք մեր հավատը, այնպես, ինչպես դու հարսի շոր հագնելով չէ, որ պիտի լինես այն միակը ու վերջինը, որն արդեն կաս:
Քեզ ես երբեք չեմ կարողանա ներկայացնել բոլորին ու ասել՝ ծանոթացեք, կինս է, բայց դու կլինես ու կաս կինս այնքան, ինչքան ես կապրեմ: Դա այն վերջին անունն է, որով ես քեզ կկոչեմ մի օր ցածրաձայն, փոքր-ինչ հատուցելու համար այն ամենի փոխարեն, ինչ ինձ տվել, նվիրել ես դու: Սխալ էր մեր սկիզբը ու հիմա չկա էլ ելք, բայց հավատա, որ մի օր երկուսով կհեռանանք, կփախչենք այս բոլոր պիտակներից ու կլինենք ավելի երջանիկ: Ես հանգիստ կբռնեմ քո ձեռքն ու կզբոսնեմ, կհամբուրեմ քեզ առանց վախենալու, թե մեկը կարող է նկատել… Ես ինձ կնվիրեմ քեզ:
Քեզ երբեք այցի չեն գա իմ բարեկամները ու ոչ մեկ նվեր չի բերի, բայց փոխարենը ես քեզ ծաղիկներ կուղարկեմ ու իմ անունից կգրեմ. “կնոջս”: Ու մենք կունենանք լիքը երեխաներ, որոնց դու կսիրես այնքան, ինչքան ինձ ու ես այդ ժամանակ քեզ կսիրեմ առավել ու մենք կքնենք միասին, կողք-կողքի:
Ես այսօր աղոթում եմ քեզ համար, ես այսօր վախենում եմ կորցնել քեզ, ժամանակ տուր ինձ, իմ միակ, ու ես կգամ քեզ մոտ…

Google