Եվ…

31-12-2011

525648_460504870659836_1840632209_aԴանդաղ, ինչպես ծովն է քնում իր երկնքի տակ խաղաղ, ես բացում եմ հորիզոններս քո առաջ ու քեզ խնդրում դառնալ նկար իմ հոգու մեջ ու ծավալվել ալիքի պես մինչև գագաթ, հզորությամբ պարուրել ինձ ու քարանալ:

Հասուն մի երգ քո կարոտը տնից հանել ու շան նման հալածում է ինձ ամեն տեղ: Չէ, չեմ ուզում, որ ինձ թողնես անեզրության ճիշտ մեջտեղում ու հեռանաս, քեզ հետ տանես այն ցավերը, որ երբևէ անհոգ ձայնով նվիրել ես իմիջիայլոց: Ես բարձրանում եմ քո քանդակած անդունդներից ու վեր հառնում տառապանքիդ անզոր ճիչով, ու բռնում եմ հոգուդ խաղը մատներիս տակ, գալուստ դառնալու նոր ծնված կյանքիդ ժամանման համար: Թե ինձ տվել ես դառնության աղեղ և թիրախ չկա, նենգ քմծիծաղով ինքնասպանության փորձեր եմ ձևում, ու իմ բեմադրած ամբողջ կատակը մի թղթախաղ է դարձել հիմա լոկ, բեր ուստի պոկենք մեր երազների դրոշմները ողջ, բեր մեզ բաժանենք հազար մասերի, խառնվենք իրար, որ նորից կազմվենք առանց առաջվա կողմնապահության: Բեր չհավատանք մեր սուտ անցյալին ու նորից կերտվենք արշավելու նորահայտ ներկան ու գալիքների բարձունք նվաճենք այնտեղից մի լավ գոռալու համար… Ես մատնվել եմ քո լուռ արցունքին, ես հեռացել եմ ինքս ինձանից ու դարձել օտար, որ հպարտանաս քո ունեցածի մենաշնորհով, որ չմեղադրես անցյալում կերած… մեղքերի համար: Դեռ չի մեռել ոչ ոք վշտից, ու արցունքից աչք չի ցամքել, բայց այդ դեռ-ը հույս չի տալիս, ոչ էլ հավատ: Մնա այնպես, ինչպես ես քեզ նկարել եմ իմ հոգու մեջ, ու մի փորձիր տանել ինձնից այդ նկարը, որ հնությունը տան պատերիդ լոկ քողարկես…

Google