Գարուն

31-12-2011

184885_460512983992358_626308029_aԻնչ որ տեղ գարուն էր: Կարմիր, մեծ մեծ ժապավենները գլխին հավատով նա նայում էր հեռու արևածագին, մեկ ժամից դպրոց պիտի գնար: Նա նայում էր բացվող արևի տան ուղղությամբ, ուր որ է դուրս էր գալու: Սպիտակ երկինք էր: Նա նայում էր անտանելի լռության միջով, ուր հատուկենտ ծտերի ձայներ էին լսվում, մի տեսակ գերեզման էր: Լսվեց տրոլեյբուսի միալար, ջութականման վնգյունը: Իրոք առավոտ էր: Ուղիղ կես ժամից նա մետրոյով պիտի անցներ ծանոթ վայրերով, պիտի լսեր անիվների խուլ թխկոցը, այն ձայնը, որ նրա համար առաջին անգամվա նման միշտ լսելի էր: Ոչ ոք ուրիշ այդ աղմուկից բան չէր հասկանում: Կանցնեն ծանոթ թերթավաճառները, այն բարի պապիկն էլի իր գրիչների մասին կգոռա վագոնով մեկ, ու էլի ամեն օրվա պես նույն ուղևորները կնստեն իրենց տեղերում հին , լուռ պայմանավորվածությամբ: Մի տեսակ ավելորդ նույնություն էր, բայց ոչ ձանձրալի: Կգնա, կանցնի էլի ծանոթ արահետով, ուր անհայտ թփերին արդեն տերևներ են աճել, կանցնի սրճարանների միջով, կանցնի քաղաքի աղմուկի ու ծխի միջով ու կհասնի դպրոց:

— Ի՞նչ ես դառնալու, որ մեծանաս, — հարցրեց մի օր լրագրավաճառ ծերուկը:

-Մեծ աղջիկ, — պատասխանեց նա, ինչպես սովորեցրել էր հայրը:

-Դե լավ սովորի,-չգիտես ինչու կամ ըստ սովորության ասաց ծերուկն ու անցավ մյուս վագոն:

Այդ ժամանակ նա մտածում էր, թե ինչքան երջանիկ է այդ ծերուկը, անգամ այն ծամոն վաճառող տղան: Չէ որ նրանք ամբողջ օրը մետրոյում են և վագոնից վագոն են անցնում, իսկ ինքն ընդամենը կես ժամով է լինում, այն էլ անշարժ նստած, քանի որ այդպես է ասել մայրը: Նրանք դպրոց չեն գնում, ամբողջ օրը մետրոյում են անցկացնում, իսկ ինքը չի կարող: Նա միշտ էլ սիրում էր մետրոն, ամռանը հով էր, ձմռանը տաք, հետո մետրոյի հոտը նրան էլ էր դուր գալիս:

-Մամ, ես ուզում եմ թերթ ծախեմ մետրոյում, երբ մեծանամ, -հաճախ ասում էր մորը,- պապան ասում էր չէ, որ մեծ աղջիկ լինեմ այդ ժամանակ ամեն ինչ կարող եմ անել: Մայրը ժպտում էր լուռ ու ձգում աղջկա պոչիկների կարմիր ժապավենները, ձևական կամ ըստ սովորության ուղղում սպիտակ վերնաշապիկի օձիքն ու գրկում նրան:

Կանաչ կանաչ աչքերի մեջ գարուն էր: Արևը բացվեց:

-Մամ, մամ, զարթնի, շուտ արա, երկնքում ամպեր չկան,  պապան հեսա կընկնի ցած, մամ, շուտ արա…

Google