Գազանի նման…

18-04-2013

22Գուցե հուզված եմ հիմա կամ նեղացած փոքր – ինչ, բայց հոգնել եմ արդեն անպատասխան իմ դերից: Ես ճանաչում եմ իմ մեջի շանը, իմ մեջի ձիուն կամ այն անհայտ ու անորոշ մի նոր կենդանուն, որ հավատարմության նոր խորհրդանիշն է, որ դեռ անհայտ է անսուրբ աշխարհին… Ես չեմ դատողը, թե ովքեր են կողքիդ, ես չեմ որոշողը ընկերներիդ ցանկի, բայց այդ կեղծ ժպտացողների ու մեջք ծռողների բանակն ինձ խորթ է… Ես դեռ շատ փոքր եմ, շատ աննշան ու թույլ, բայց քեզ համար կյանքը սեղանին դնողներից ամենաառաջինն եմ ու ամենաազնիվը… Դու սա երբեք չես կարդա, դու միշտ նյարդայնանում ես այս տեսակ խոսքից, բայց իմ միջից հիմա դուրս գալ է ուզում այս պոռթկումի բեռը… Ես քեզ չեմ ճանաչում, ես քեզ շատ քիչ գիտեմ… Բայց իմ իմացածն ու ճանաչածը ուժեղն է, հզորը… Քո մասին ինձ շատ են պատմել, ես ինքս շատ եմ կարդացել, լսել… Չգիտեմ, թե ինչն է քեզ խանգարում, բայց իմ հասկացածի չափով տեսնում եմ, որ ամենահարազատներիդ ես հաճախ նեղացնում, որ վստահելիներիդ ու քեզ համար կյանք տվողներին միշտ նեղացնում ես ու թողնում ետին պլանում… Գուցե սա ինձ թվու՞մ է… Գուցե ինձ չես ճանաչել այնպես, ինչպես ես կամ իրականում… Գուցե ինձ էլ ես դասել նրանց շարքին, ում մեջ անվստահ ես, ովքեր կեղծ են անգամ իրենց բարևների մեջ, ովքեր պատրաստ են նեղության դեպքում լքել քեզ կամ ճամբարափոխ լինել… Երևի, ես ինձ չեմ կարողանում ներկայացնել այնպես կամ այնքան, որ դու հասկանաս, թե ինչքան շատ եմ սիրում, թե ինչքան շատ ես իմ մեջ… Ես երևի երկրորդն եմ կամ երրորդը, համենայնդեպս, առաջին տասնյակի մեջ եմ այն մարդկանց հետ, ովքեր ամենաշատն են ուզում քո հանգստությունը, ում համար քո առողջությունը, քո խաղաղությունը հիմնաքարային է… Այն մարդկանցից մեկը, ով պատրաստ է քեզ հետ անցնել ամեն ինչի միջով, այն մարդկանցից, ում, թեև վանում ես կամ կարևորություն չես տալիս, բայց ովքեր քեզ համար սարեր շուռ կտան, ովքեր կուրորեն հավատում ու սիրում են քեզ, այնպես, ինչպես սեփական ծնողին… Գուցե վաղը չլինի այն, ինչ այսօր կապում է մեզ, գուցե վաղն ավելի սխալ լինի ամեն ինչ, քան այսօր, բայց զգացմունքների առումով իմ մեջ ամեն ինչ հաստատ է և խոր և ոչինչ ի զորու չէ խարխլել այդ ամենը… Անկախ ամեն ինչից, մենք կապված ենք հոգևոր թելերով ու գուցե դու դրա մասին չգիտես… Այնքան բան ունեմ ասելու քեզ, որ երբեք երբեք գուցե չասեմ, որովհետև իրական կյանքում դու այնքան հեռու ես, ու ես ինչպես այն տասնյակի միջի մարդիկ մի տեսակ վախենում եմ քեզնից… Ավելի շատ դա վախ չէ, այլ պատկառանք, հարգանքի ծայրահեղացում… Ես չգիտեմ երբ ու ինչ կլինի ինձ հետ, ինչ կլինի մեր հարաբերություններում, բայց վստահ եղիր, որ միշտ պատրաստ ես քո կողքին եմ, ինչ էլ, որ լինի, որ թեև երբեմն ահավոր նեղացած, երբեմն հուզված, բայց միշտ կլինեմ ու միշտ պատրաստ պատառոտելու բոլորին, ով մի վայրկյան անգամ կփորձի սև կատվի նման անցնել ճանապարհովդ… Ծնունդդ շնորհավոր…

Google