Գլխացավ

15-09-2014

domashnij-pavlin-[2560x1600]-[2426474]Իմ փնտրածը եղել ես դու ամիսներում անվերջ

Եվ օրերն են եղել վկան իմ անվերջ որոնումների և երգեր եմ գրել ես քո մասին և սուտ և բամբասանք և սեր:

Ես գրել եմ փորձել, փորձել հանել քեզ պատկերների տեսքով իմ խորքերից ներսի և եղել է գարուն և արև և ձյուն, ես աչքերդ եմ տեսել ակնոցներիդ միջից

Ոչ մի կանաչ այսպես ինձ չի խաբել, ինչպես խորությունը ծովի մուգ ջրերի և աչքերդ կանաչ – կապույտ ասես հորիզոնները երկնքի և ծովի

Կա հստակ մի փրկություն և դա վերադարձն է քո

Դա մնալն է անեզրության կեսին, երբ չգիտես արդեն գնա՞ս, թե՞ կանգնես, երբ վերադարձդ նման է բենեֆիսի

Ես գիտեմ, որ օրեր կանցնեն էլի և կլինեն նման առանց այսուայնի և կլինեն մարդիկ և սեր և կոնքեր մերկ, անգամ առանց խալի

Կար և մեղք և զրկանք և ներում

Տերևներն են անգամ սիրուդ վկան անդարձ ու վառվում են դրանք այգում կույտով` այգեպանն է ավլում և հավաքում դրանց

Տանը հանգիստ է, ինչպես մեծ ամրոցում, բայց ես չունեմ անգամ դրոշ, որ ծածանեմ հիմի, իմ տունն իմ բերդն է առանց համհարզ, զինվոր, անգամ առանց մեկ աղախին

Վերջն է արդեն մաշված իմ բառերի ու տեսքերի տարբեր քո մարմնով գծված

Սովորել են մատներս առանց աչքերի քեզ գծագրել անգամ ավազներին

Սա սեր է, իսկ դու չես հավատում

Չես ամաչում նայել ու զարմանալ

Երբ կա մի տեղ, մի դուռ, որ ինչքան էլ զարկես, մեկ է, փակ է այն ի վերուստ

Թարգմանել ցավդ և սերդ անկարող եմ հիմա, քեզ կբերեմ մի փունջ ես շուշաններ ճերմակ, որ մազերդ բացես ու դրանցով կապես ալիքները աչքերիդ ու ձայները հոգուդ

Դա երեկ է եղել

Գուցե և մինչև ինձ

Հա՞րց է սա, թե պատասխան հարցին

Ո՞վ է դրան նայում, երբ երեկ էր ողջը, իսկ այսօր քամին է աղմկում պատուհանից այնկողմ

Դա է քո ներումը և զվարճանքը օրերի, որոնք ծաղրածուներն են զարդարում կարմիր քթերով և անքիթ

Վճարված է, տիկին

Խեղկատակների բեմն այս վաճառված է, ինչպես ամեն գոյ և ինչ-որ մեկը հիմի իր անկյունում մթի փողի խրձակներն է լուռ հաշվում

Անտարբերություն սպանող մարդիկ գողացել են այսօր շողքերը դեմքիդ

Քո պես մերկ է հիմա քո հայացքը և տգեղ են աչքերդ օրերից հոգնած

Ինձ պես մեկը կսիրահարվեր մի օր քեզ երևի, եթե ամեն ինչից հետո եթեներ չլինեն ու բայցեր, եթե չլինեն բացեր կամ անստվեր հայացք, որից ես վախենում եմ այնպես, ինչպես շուն պատկերող քնած քո մարմնից, որը մեռելային սպիտակ է ու տձև

Կախվածություն ունեցող մարդիկ գուցե նայում են քեզ բաղնիքում, երբ լողանում ես և պատկերացնում քեզ իրենց ձեռքերի մեջ կամ շորերով նայում ու պատկերացնում են մերկությունդ, բայց ես այն նվիրում եմ բոլոր թշնամիներիս, որովհետև դիակի հետ վախենալու է անգամ քնելը

Ես ուշ գտա քեզ, երբ արդեն դատարկել էի թութունը սիգարեթիս ու ծխել էի երազներս

Դու ուշ եղար և ավելի լավ, որովհետև հազիվ եմ այսքան դիմացել, որ եթե շուտ լինեիր ես հիմա սատկած կլինեի կամ հաշմանդամ կամ չէի լինի առհասարակ ու ոչ էլ կլինեին հիշողություններ, թե եղել եմ

Քար և քարեգիր, եղևնի

Մահվան պատկերները վարակիչ են ու իրենց հետ խորհուրդ են բերում կամ վախ

Բայց ես գիտեմ մի մարդու, ով ծիծաղում է մահվան դեմքին հիմա կամ ծիծաղել է մի օր և մահը ցավից կուչ է եկել և գնացել ուրիշի մոտ

Դու նույնպես կգնայիր ուրիշի մոտ, եթե ես ծիծաղեի

Բայց ես զգույշ բռնեցի ձեռքդ, որ ափերդ չքրտնեն ու քեզ վատ չզգաս և բերեցի լողացնելու իմ լոգարանում և փաթաթեցի իմ սրբիչով, որից հիմա դիահոտ է գալիս

Ես մտածում էի, թե նամշել է խոնավ պատերում

Տանը հանգիստ է և դու շուշաններ ունես մազերիդ և քայլում ես կիսամերկ ու շարժում մարմինդ, որ ես տեսնեմ ու զարմանամ, բայց ես արդեն տեսել եմ ամեն ինչ ու մարմնիդ չափսերն աներևույթ կարողանում եմ գծագրել օդում, երբ ծուխը դուրս է գալիս մեջիցս ու մի պահ կանգնում իմ տոթ, անօդ ամրոցում, որը գրավել ես առանց մի փամփուշտ

Սիգարեթս թույլ է, դու հաստ ես սիրում, ես չունեմ հաստ

Ես գիտեմ միայն թե ինչ է լինում, երբ մտքերդ խառնվում են, երբ դու կիսամեռ ես, բայց ուզում ես ապրել կամ մի քիչ մեռնել, որ շուտ անցնի ժամերը թունավորման ու վերադառնաս նորմալ առօրյա և միջիցդ դուրս գան թե այս պատկերները, թե շշերով թույնը, որ անզորությունից կամ երբեմն էլ ուրախությունից ես խմում

Ես գիտեմ, թե ինչպես են խճճվում մտքերը

Բայց կա լուսաբաց և պարզություն

Գլխացավ

 

Google