Գոհարը

06-02-2014

21a_enl-e1393546384592Քառասունին մոտ կին էր փարթամ կրծքերով, գրեթե միշտ, կանաչ խալաթով: Մեր հարկում էր ապրում` մեջտեղի մեկսենյականոցում: Հիվանդ ամուսին ուներ, ով, ինչքան ինձ հիշում եմ, անկողնուն գամված էր: Նա իր այդ կարճ խալաթով ամեն օր 8 անց 30 իջնում էր խանութ, երբ խանութը նոր էին բացում: Այդ ժամին դպրոց էի գնում: Ես կանգնում էի դռան ետևում և սպասում, թե երբ կլսեմ նրա դռան փականի ձայնն ու զուգահեռ դուրս գալիս մուտք: Երրորդ հարկում էինք ապրում:

 

—         Բարի լույս, — ամեն անգամ ասում էր ինձ նա, բայց ես չէի պատասխանում. Տանն արգելել էին ինձ բարևել նրան, որովհետև մերոնք չէին խոսում հետը: Պապս ասում էր. «Բոզ ա» ու ես մտածում էի, որ նա գաղտնիք պահել չգիտի, որովհետև այդպես մեր դասարանի Արմենին էին ասում բոլորը:

 

Ես դանդաղ իջնում էի աստիճաններով, մինչ նա կփակեր իրենց տան դուռն ու արագ կիջներ: Այնպես էի անում, որ ամեն անգամ կես հարկ ներքևում լինեմ, որ նայեմ, թե ինչ է երևում նրա կարճ խալաթի տակից և տղաներին պատմեմ: Բայց նրա ոտքերն ահավոր հաստ էին ու ես այդպես էլ երբեք ոչինչ չէի տեսնում ազդրերից բացի, չնայած տղաներին ինչեր ասես պատմում էի «տեսածներիցս» : Ամեն անգամ ավելի գունավոր ու տարբեր: Նա երբեք ներքև չէր նայում ու միշտ քայլում էր հայացքը բարձր և դա ինձ հնարավորություն էր տալիս ամեն հաջորդ անգամ երկար ու ջանասիրաբար հետևել խալաթի փեշերի տատանումներից առաջացած բացերի ներսին: Ամեն օր 8 անց 30 իջնում էր խանութ, հետո գալիս էր տուն ու այլևս այդ օրը դուրս չէր գալիս տանից: Նրա դռան զանգը ահավոր բարձր էր ու երբ լսում էի այդ զանգը վազում էի դռան մոտ, որ դիտանցքից նայեմ, թե ովքեր են հյուր գալիս: Մի անգամ դրա համար վզակոթիս լավ ստացել եմ:

 

Տղաները մեծերից լսել էին պատահաբար, որ երեք հազար դրամով Գոհարն «ամեն ինչ անում ա» : Մենք որոշել էինք բոլորով փող հավաքել ու մեր միջի ամենահամարձակին` Գուգոյին, ուղարկել մոտը: Այդ ժամանակ դժվար էր երեք հազար դրամ հավաքելը, մանավանդ, որ բուֆետի փող ունենում էր միայն Կարենը, այն էլ, որ իմացավ Գուգոն է գնալու սկսեց էլ փող չտալ, իբր ուսուցչուհին ծնողական ժողովում ասել էր, որ ինքը բուֆետում երբեք չի լինում ու տանն էլ փող չեն տալիս:

 

600 դրամ հազիվ էինք հավաքել ու որոշեցինք կողքի բակի տանիքից անտենաներ գողանալ ու հանձնել մետաղի ընդունման կետում: Ես, Գուգոն, Արտակը հաջորդ օրը երեկոյան յոթ հատ անտենա գողացանք, տարանք Արմենենց նկուղ, կոտրատեցինք, լցրեցինք տոպրակի մեջ, որ առավոտյան տանենք հանձնելու: Ողջ գիշեր քուններս չտարավ: Առավոտ շուտ չգնացինք դպրոց, կանգնել սպասում էինք, թե երբ է բացվելու մետաղի ընդունման կետը, որ հանձնենք: Բայց պարզվեց, որ անտենաները ալյումինից չէին, այլ եսիմինչ անպետք մետաղից ու գումար չտվեցին: Գլխիկոր վերադարձանք: Ճանապարհին լիմոնադի շիշ գտանք, տարանք հանձնեցինք, մեկ հատիկ սիգարեթ առանք ու բարձրացանք տանիք: Հերթով ծխում էինք ու մտածում որտեղից փող ճարել:

 

Դիմացի բակի տղաները փողով բլոտ էին խաղում: Ես ու Գուգոն որոշեցինք հետները խաղալ: Տղերքից համաձայնություն ստացանք, վերցրեցինք մեր հավաքած 600 դրամն ու բոլորով գնացինք դիմացի բակ: Սրանք տարիքով մեզանից մեծ էին: Գուգոն գնաց, առանձին հետները խոսեց ու բոլորով հետ եկան: Համաձայնվել էին: Տաղավարում նստած էինք չորսով, տղաներին արգելել էին մոտ գալ, նրանք կանգնել էին հեռվում ու նայում էին մեր կողմ: 200 դրամի վրա էինք խաղում: Առաջին անգամ հաղթեցինք շատ հեշտ, սրանք էլ առաջարկեցին 400-ի վրա խաղալ: Մենք ոգևորված համաձայնվեցինք: Հաջորդ երկուսը արագ պարտվեցինք ու գլխիկոր եկանք տղաների մոտ: Նրանք արդեն գիտեին… Ու քանի որ մենք տղաներին հուսախաբ էինք արել, Գուգոյի հետ որոշեցինք մեր պապերի թոշակից 1500-ական գողանալ: Գուգոն մի քանի անգամ արել էր ու մնացել էր անպատիժ, բայց ես գիտեի, թե ինչ է ինձ սպասվում, երբ պապս իմանա: Ու չնայած դրան, չէի կարող չհամաձայնվել:

 

Մի քանի օր հետո եկավ փոստատար Պետրոսը: Պապս քնած էր: Ես ստորագրեցի նրա փոխարեն, վերցրեցի 8000 դրամ թոշակն ու Պետրոսից հետո տանից շուտ դուրս եկա: Գուգոն արդեն արել էր իր սև գործը: Նրանց տունն առաջին մուտքում էր:

Տղաներով հավաքվեցինք Արմենենց նկուղում «ժողովի»: Սեղանին երկու հատ հազարանոց և երկու հատ 500 դրամանոց թղթադրամներն էին, ու մենք նստել էինք ութ հոգով երկար իշավոտնուկներին ու լուռ էինք: Գուգոն ասաց, որ չի գնա, որովհետև գիտի, որ բոլորն էլ ուզում են: Ինքն այդպես չի կարող: Նա ճիշտ էր, բայց մեզանից յուրաքանչյուրն ուզելուց բացի, նաև վախենում էր և այդ վախը թաքցնելու համար պնդում էր, որ Գուգոն գնա: Երևի, Գուգոն էլ էր վախենում, որովհետև այդպիսի շանս յուրաքանչյուրին մեկ անգամ էր տրվելու կյանքում: Այդպես վիճեցինք մոտ մեկ ժամ ու եկանք համաձայնության: Արմենը դարակից խաղաքարտերը բերեց: Երդվեցինք, որ ում ընկնի առաջին տուզը, նա էլ առանց պատճառաբանության կամ ընդդիմանալու, պետք է խելոք գնա: Այդ պայմանն ավելի շատ բացահայտում էր մեր վախը, քան թե ընկերոջ մասին մտահոգվելու անկեղծ ցանկությունը: Երկրորդ շրջանին խաչի տուզն ընկավ ինձ: Բոլորը թեթևացած շունչ քաշեցին ու երանությամբ լի աչքերով նայեցին ինձ: Ոտքերս սկսեցին դողալ, բայց երդվել էի… Որոշվեց, որ Արտակը պետք է հետս գա, կես հարկ ներքևում սպասի, որպեսզի բոլորը համոզվեն, որ մտնում եմ Գոհարենց տուն, այլ ոչ թե մեր:

Մենք քայլում էինք, ճանապարհը կարճանում էր, բայց ես դեռ չէի որոշել, թե ինչ եմ ասելու ու տղաներից հարցնելն էլ մի տեսակ պատվի հարց էր: Ես ու Արտակը գնում էինք առջևից, տղաները մի քսան քայլ հեռավորությամբ հետևում էին մեզ:

 

Արտակը սպասեց կես հարկ ներքևում, ես մոտեցա Գոհարենց սպիտակ, ներկաթափ դռանն ու կանգնեցի: Լեզուս պապանձվել էր: Ոտքերս այնքան ուժգին էին դողում, որ թվում էր, թե ուր որ է վայր կընկնեմ: Մի ամբողջ հավերժություն հետո մատս դրեցի զանգին: Դռան փականի ձայնի հետ մեջս ամեն ինչ տակնուվրա եղավ, քիչ էր մնում պտտվեի ու փախչեի, բայց զգում էի, թե ներքևում ինչպես է ականջները չորս արած կանգնել Արտակը:

Դուռը բացեց Գոհարը: Նա կանգնել էր իր կանաչ, ինձ այդքան հարազատ կարճ խալաթով իմ առաջ ու մի ձեռքով բռնել էր դուռը: Դրանից նրա խալաթը մի կողմ էր թեքվել` լայնացնելով կրծքի բացվածքն ու այնտեղից դուրս էր ցցվել Գոհարի հսկայական կուրծքը: Ես կանգնել էի անշարժ ու թվում էր, թե մեռել եմ:

—         Բարի լույս, — ասաց Գոհարը: Ես անկարող էի խոսել:

—         Ի՞նչ է եղել, զարմացած շարունակեց նա:

—         Ես փող ունեմ, — քրթմնջացի ես:

—         Ի՞նչ, — չլսելու տվեց:

—         Երեք հազար դրամ, — շշնջացի ես:

—         Ի՞նչ ես խոսում, — զարմացավ նա, ու երբ արդեն ես լրիվ պատրաստ էի շրջվել ու փախչելուն, նա ժպտալով նայեց, — արի ներս:

 

Ես մտա ներս, հետևիցս աղմուկով փակվեց դուռը: Այդ ձայնով ես հաղթեցի դրսում կանգնածներին ու բոլորին, բայց զգացի, որ արդեն շունչս կտրվում է:

Գոհարն արագ անցավ ներս ու բղավեց.

—         Առաջ արի, մի կանգնի դռան տակ:

Ես գնացի ներս: Մեկ սենյականոցը մուգ կարմիր վարագույրով բաժանված էր երկու մասի: Վարագույրը փակ էր ու ետևից լսվում էին ընդհատ ու ցածր տնքոցներ: Դիմացի պատի տակ ընդարձակ բազմոց էր դրված, փոքրիկ կլոր սեղան դիմացը և հեռուստացույց` ասեղնագործ կտորով ծածկած:

—         Սուրճ կխմե՞ս, — Գոհարի ձայնը ինձ ետ բերեց կյանք:

—         Հա, — պատասխանեցի ես, թեև սուրճ երբեք չէի խմել:

—         Դառը՞, թե՞ քաղցր:

—         Քաղցր:

Գոհարը գնաց խոհանոց: Ես մնացել էի կանգնած ու չգիտեի նստե՞ի, թե՞ մնայի այդպես:

—         Չես նստու՞մ, — ասես մտքերս կարդաց Գոհարը:

Ես գնացի դեպի դուռը:

—         Հիմա կգամ, — ցածր ասացի ես:

—         Ի՞նչ:

—         Կգամ հինգ րոպեից, բան եմ մոռացել:

—         Սուրճդ խմի, կգնաս, — ասաց նա մոտենալով ինձ, — կնայեմ բաժակդ:

—         Չէ, մինչև լինի, կգամ, — կիսատ պռատ ասացի ես ու դուռը բացելով արագ դուրս թռա:

Մեր տան դուռը բաց էր: Վազեցի ներս գոռալով.

—         Պա~պ, թոշակդ ստացել եմ:

Հյուրասենյակում լիքը մարդ կար: Հայրս գլուխն առել էր ձեռքերի մեջ, ծխում էր:

—         Սը~ս, — մատը բերանին դրեց վերևի հարևան Նունեն: Պատգարակը ձեռքներին կապույտ խալաթներով երկու բժիշկ մտան տուն Նունեի ամուսնու հետ: Հորեղբայրս պատից իջեցնում էր ժամացույցը, մայրս ու մորաքույրներս սավաններ էին փռում հեռուստացույցի և պահարանների վրա…

06.02.2014թ.

Google