Գոտիներ

05-02-2014

1186018_587474754629513_443265095_aԺամանակն ու արագությունը դարձել են անհրաժեշտություն: Մենք մեր ժամանակն այսօր խնայում ենք արագության հաշվին…

 

Նրա ոտքերը չափազանց բարակ էին, այնքան, որ շալվար հագնելու դեպքում կարելի էր տեսնել, թե ինչքան հեռու են դրանք իրարից ու բոլորը հռհռում էին ու իրար մեջ քննարկում. «Զապո»: Արսենի հետ ծանոթացել էին խանութում, որտեղ աշխատում էր Ալլան:

Ալլան Նունեի հարևանն էր, ով էլ աղջկան տեղավորել էր իրենց մոտ` թանկարժեք շորերի խանութում: Չնայած, Ալլան հենց ինքն էլ, շատ ժամանակ խանութի մյուս աշխատողների հետ բամբասում էր «Զապոյից» ու պատմում, որ այսքան ժամանակ ոչ մի տղա չեկավ դրա հետևից: Միայն պատմում էր, որ դպրոցում ոչ մեկ հետը չէր խոսում, որովհետև միշտ ոջիլ կար գլխին ու ամեն անգամ դպրոցի բժշկուհին բարկանում էր երեխաների գլուխները ստուգելիս, երբ հասնում էր Նունեին ու միշտ ծնող կանչում: Ալլայի պատմելով Նունեի մայրը հացի փռում խմորչի էր աշխատում ու գիշերներն աշխատանքի էր, իսկ ցերեկները քնած, դրա համար երբեք էլ դպրոց չէր գալիս, ինչքան էլ, որ ամեն հինգշաբթի դպրոցական միջանցքով մեկ լսվում էր բժիշկ Լենայի ծղրտոցը: Հետո հինգշաբթի օրերը Նունեն դասի չէր գալիս, հետո տնօրենի մոտ բժկուհու հետ, հետո դասարանում նույն խոսակցությունները ու Նունեն սկսեց չգալ: Արդեն յոթերորդ դասարանում էին: Մի քանի շաբաթ մոր հետ հացի փուռ գնաց, բայց փռում ոչինչ անել չկարողացավ, վտիտ երեխա էր: Հացի մետաղյա սկուտեղները, որոնք ամեն անգամ հաց թխելուց հետո պետք է հանել, լվանալ, հետո ձեթ քսել և տալ հացթուխին, չէր կարողանում տեղաշարժել, չափազանց ծանր էին, իսկ փռի տիրոջը ձեռնտու չէր այդ գործն անելու համար երկու հոգու պահել, քանի որ միշտ մի հոգի էր անում:

Նունեն տանից գրեթե դուրս չէր գալիս, հետո անցան տարիներ, ժամանակներ, մեծացան և մի օր Ալլան կանչեց Նունեին իրենց խանութում աշխատելու: Նունեի մայրը Ալլային գումար էր պարտք ու չէր կարողանում տալ, Ալլան էլ առաջարկեց աշխատանք Նունեի համար: Բայց բոլորին պատմում էր, թե անտեր երեխա է, թող աշխատի, մեղք է, հազիվ շեֆերին խնդրել եմ, որ վերցնեն, նորմալ տեսք էլ չունի: Իսկ տերերը մեծ փորերով մարդիկ էին, ովքեր չէին էլ վերցնի այդ հյուծվածին գործի, եթե Նունեի փորձաշրջանի երկրորդ օրը խանութ չգար իրենց հին և լավագույն հաճախորդներից մեկը` Արսենը:

Արսենը քաղաքում բավականին հայտնի էր, բոլորը նրան ճանաչում էին, բայց այդպես էլ ոչ մեկ ստույգ չգիտեր, թե ինչով է զբաղվում, չնայած փողի տեսանկյունից չէր զիջում անգամ մեծ բիզնեսմեններին: Երբ Արսենը մտնում էր այդ խանութ բոլորը խառնվում էին իրար ու վազում նրա մոտ, անգամ զանգում էին տերերին և զեկուցում, որ Արսենն է եկել, դրանք էլ շտապում էին խանութ նրան դիմավորելու:

Այդ օրն Արսենը լավ խմած էր, երբ շքախմբի հետ մտավ ներս: Բոլորը վազեցին նրան ընդառաջ, ինչպես հարկն է և Ալլան Նունեին բզելով տարավ իրենց հետ: Արսենը նայեց Նունեին, տեսավ նրա վտիտ կերպարը, հաստ մազերն ու աղքատի աչքերը և շրջվելով մենեջերի կողմը նետեց. «Ուզում եմ, որ սա ինձ սպասարկի»: Մենեջերը կարմրեց, սպիտակեց և ժպտաց, ինչպես իրեն սովորեցրել էին բազմաթիվ թրեյնինգների ժամանակ: Նունեն սև շրջազգեստ էր հագել կարմիր գոտիով: Աշխատանքի գալու նախորդ օրը Ալլան նրան իր հագուստներից մի քանի բան էր նվիրել, փոխարենը հետո նորերը ստանալու ակնկալիքով: «Ախր, քեզ սենց չեն վերցնի»,- ասել էր, նայելով Նունեի մաշվոտած շորերին:

 

Մենեջերը պատմեց տերերին, թե ինչ է տեղի ունեցել և դրանք անմիջապես Նունեին վերցրեցին աշխատանքի մի բան էլ բարձր աշխատավարձով: Տաս անգամ ամեն օր այդ խանութ գալուց հետո Արսենը մի օր Նունեին ասեց. «Պիտի հետս ամուսնանաս»: Ու ամուսնացան: Հետո Ալլան բոլորին պատմում էր, որ Նունեն իր ամենամոտ ընկերուհին է ու ինքն է ծանոթացրել Արսենի հետ, անգամ Նունեի մորից իր պարտքը չուզեց ու սկսեց պատմել, թե ինչպես էին դպրոցական տարիներին դասերից հետո գնում նստում Կարապի լճում ու կարդում տղաների լրացրած հուշատետրերը: Թե ինչպես էին բոլորն իրենցից արտագրում շարադրությունները ու որ միշտ նախանձել, զարմացել է գերազանցիկ ընկերուհու ընդունակությունների վրա:

 

Նունեն սիրեց Արսենին, չնայած տարիքով մեծ էր Արսենը: Ամուսնությունից կարճ ժամանակ անց նրանք հիանալի զույգ էին և լրիվ համապատասխանում էին իրար: Նա խանդոտ չէր, չնայած շատ էր սիրում Արսենին, միշտ լուռ հանում էր նրա գուլպաները, երբ գիշերը ուշ կամ լուսադեմին Արսենին բերում էին տուն լրիվ հարբած ու անջատված: Գիտեր, որ հերթական քածերի հետ է եղել, բայց միայն իրեն ցույց տալու և ցուցամոլության կրքին հագուրդ տալու համար: Արսենի ընկերները նույնպես շատ սիրեցին Նունեին ու ամեն անգամ իրար մեջ խոսելով նախանձում էին Արսենին ու Նունեին համեմատում իրենց պառավների հետ, որոնց հետ Նունեն այդպես էլ չկարողացավ ընկերուհի լինել…

 

Ես Արսենենց հարևանն էի: Նրա եռահարկ առանձնատունը մեր բակում էր: Առաջ մեր հինգհարկանի շենքում էին ապրում, հետո, երբ բակի հողամասերի վրա կառուցում էր իր տունը, երևի, միակն էի հարևաններից, ով համաձայն էր, որ այդտեղ Արսենը տուն կառուցի: Քաղաքապետարանին ուղղված նամակի տակ միայն մեր ընտանիքն էր ստորագրել: Հարևանները բոլորը դեմ էին, բայց Արսենը կառուցեց տունը ու հարևաններից մի երկուսին էլ լավ ծեծեցին նրա տղաները շենքի հետևում: Այդ հողամասերը հարևանները ժամանակին ցանկապատել էին ու այդպես մնացել էր: Անգամ մեքենա չունեին, որ ավտոտնակ կառուցեին ու ժամանակի ընթացքում բազմաբնակարան շենքի պատուհաններից թափվող մանր մունր աղբն այդ հողամասերն իսկական խոզանոցի էր վերածել, իսկ այսօր մեծ ու ընդարձակ եռահարկ տունն է, ավտոտնակով ու կիսափակ լողավազանով: Տունը կառուցելուց հետո մեր տուն մարդիկ եկան և ասացին, որ Արսենը կանչում է: Ես երբեք ոչ մեկից չեմ վախեցել և այսօր էլ, վախենալու ոչինչ չունեմ, որովհետև վախենում են կորցնելու ինչ-որ բան ունեցող մարդիկ, իսկ ես ժամանակի ընթացքում ամեն ինչ հասցրել էի կորցնել:

Ինձ տարան հյուրասենյակ, ուր բազմոցին կիսապառկած էր նա ու հեռուստացույց էր նայում: Ինձ տեսնելով ոտքի կանգնեց, բարևեց ու հրավիրեց նստելու: Նունեն մեզ սուրճ բերեց, իսկ տան աշխատողը միրգ և տարբեր քաղցրավենիքներ:

— Լավ տղա ես, — ասաց Արսենը, — անունդ ի՞նչ ա: Առաջ ես քեզ չեմ տեսել:

— Գևորգ, — պատասխանեցի ես, ու լռեցի:

— Տղերքն ասին, որ մենակ դու ես թղթի տակ ստորագրել, մնացած սաղ չուզող են: Ես տուն եմ սարքել ապեր, կազինո կամ գարաժ չի, որ դեմ են, իմ թաղում տուն եմ սարքել, որ ապրեմ, իրանց համար էլ այգի եմ սարքել, իրանց երեխեքի համար կարուսելներ, չնայած իրանց չի հասնում, բայց երեխեքը թող լավ մարդիկ մեծանան:

Արսենը ճիշտ էր: Տունը սարքելուց հետո մի մեծ տեղանք էր վերցրել, ծառեր էր տնկել, նստարաններ դրել, ցայտաղբյուր, երեխաների համար ճոճանակներ ու սղարաններ տեղադրել: Ամեն երեկո շենքի ու անգամ կողքի բակի բնակիչներն իրենց երեխաների հետ հավաքվում էին այդտեղ, իսկ ծերերն էլ տաղավարում նարդի կամ շախմատ էին խաղում, երբեմն էլ նրանց հետ նաև Արսենն էր խաղում:

— Դու լավ տղա ես, — նորից ասեց Արսենը, — իսկ ես քո նմաններին հարգում ու սիրում եմ, տենց մարդիկ քիչ են, սաղ նախանձ են ու չուզող, դրա համար ուզում եմ ես էլ քո համար մի լավ բան անեմ, որ իմանաս, որ կյանքում ամեն ինչն էլ գնահատվում ա:  Լսել եմ պոլիտեխնիկում դաս ես տալիս: Ի՞նչ անեմ: Ուզու՞մ ես ամբիոնի վարիչ բան դասավորեմ:

— Չէ, շնորհակալ եմ, սիրում եմ իմ գործը, ոչինչ էլ պետք չի, ամեն ինչ ունեմ:

— Դե տես, հենց մի հարց ունենաս, կապ չունի, թե ինչ, կզանգես ինձ կամ իմ անունը կտաս, կասես, որ իմ ընկերն ես, եղա՞վ: Էսօրվանից մենք էլ հարևաններ չենք, ընկերներ ենք, եղա՞վ: Ձեռքդ տուր, — ես սեղմեցի նրա պարզած բարակ մատներով, նուրբ ձեռքն ու շնորհակալություն հայտնելով դուրս եկա: Երեկոյան Արսենի ընկերներից մեկը եկավ մեր տուն ու ինձ մեքենայի բանալիներ տվեց: Ասեց, որ դա Արսենի կողմից նվեր է և եթե հրաժարվեմ, շատ կնեղանա: Սև գույնի մերսեդես էր, իմ կյանքի առաջին մեքենան, շքեղ, փայլուն, այնպես, ինչպես չէի էլ կարողանա երազել երբևէ: Աշխատավայրում և շենքում բոլորը հետևիցս փսփսում էին, տարօրինակ նայում, մի տեսակ փոխվել էր ամեն ինչ, իսկ երկուշաբթի ռեկտորը կանչեց իր մոտ և ժպտալով ասաց, որ իմ ազնիվ և նվիրված աշխատանքը խրախուսելու համար ինձ նշանակում է ամբիոնի վարիչ, չէ՞ որ արդեն երիտասարդ կադրեր են պետք ինստիտուտին և վերջում էլ չմոռացավ հարցնել, թե ես Արսենին ի՞նչ բարեկամ եմ:

— Ընկերն եմ, — պատասխանեցի ու դուրս եկա:

 

 

Արդեն երեք տարի է անցել այդ ժամանակից ու իմ կյանքում բավականին բաներ են փոխվել: Շատ բաներ սկսել եմ հասկանալ ինքնուրույն ու բացի դա արդեն շատ լավ եմ մեքենա վարում: Սկզբում դժվարանում էի, ամեն գիշեր, գրեթե, դուրս էի գալիս խուլ ու աներթևեկ փողոցներ ու փորձարկում մեքենաս, քշել էի սովորում: Հիմա արդեն մեկ տարի է, ինչ բոլոր ծանոթներս զարմանում են, թե որքան լավ եմ քշում: Արդեն ամրագոտի էլ չեմ գցում: Մեքենայիս համարները Արսենենց համարներից է, իսկ այդ համարներով մեքենաները ոչ մի ավտոտեսուչ չի կանգնեցնում: Ես հասկացել եմ, թե ինչ է արագությունը, չնայած չափազանց ուշադիր եմ:

 

Նոր աշխատանքս ինձ ավելի շատ ազատ ժամանակ ու նոր ծանոթներ տվեց: Դրանց մեջ էր նաև պետհամալսարանի շրջանավարտներից Արևիկը: Ծանոթացանք բանկետի ժամանակ, որը Ծաղկաձորում անցկացվող ինչ-որ գիտաժողովից հետո էր: Մենք սկսեցինք հանդիպել, սիրահարվեցինք ու արդեն մի քանի ամիս է որոշել ենք աշնանն ամուսնանալ:

 

 

Ամուսնությունից արդեն երեք տարուց ավել էր անցել, բայց Արսենն ու Նունեն երեխա չունեին: Վերջին շրջանում հաճախ էին նրանց տանից վեճի և լացի ձայներ լսվում, հատկապես գիշերվա ուշ ժամերին: Փշրվող սպասքի, ապակիների ձայներն ու Արսենի գոռգոռոցներն արդեն սովորական էին դարձել բոլորի համար: Բակում ամեն ինչ փոխվել էր: Այգում կորել էր աշխուժությունը, հազվադեպ էին այդտեղ մարդիկ հավաքվում, ամեն ինչ մռայլ էր: Երբ բակ էր Մտնում Արսենի «Բենթլին», բոլորը փակում էին պատուհանները ու ներս քաշվում: Մի անգամ նույնիսկ Նունեն տնից փախավ: Չնայած, տղաները բռնել ու հետ էին բերել ճանապարհի կեսից: Այդ օրն Արսենն այնպես էր ծեծել կնոջը, որ մի քանի օր տանը պառկած էր:

 

Արևիկը միշտ կշտամբում էր ինձ, երբ ես առանց ամրագոտի մեքենա էի վարում: Մենք հաճախ էինք վիճում դրա համար: Այդ օրը ևս վիճել էինք ու ես բարկացած գնում էի նրա մոտ: Ես ահավոր շտապում էի, գիտեի ժամանակը կարճելու գաղտնիքը, բայց հիմա կարծես չէր ստացվում, որովհետև րոպեներն անցնում էին, իսկ ճանապարհը շարունակում էր երկար մնալ… Մեքենայի միալար գվվոցը մերթընդմերթ փոխվում էր կամ խլանում կախված ասֆալտի ձևից, իսկ սիգարեթիս մոխիրը լցվել էր շալվարիս…

 

 

Դիմացի երթևեկելի գոտիով եկող մեքենան գաղտնիքներս գիտեր, նա միացրել էր հեռահար լույսերն իմ պես ու սլանում էր փողոցով: Ես արդեն տուն էի հասնում: Լուսարձակների լույսերի արանքում տեսա, թե ինչպես փողոցով վազում էր Նունեն սև շրջազգեստով ու կարմիր գոտիով, ձեռքին տոպրակ կար: Հետևից Արսենի տղաներն էին գնում կիսավազելով: Ես չգիտեմ Նունեն նայեց ինձ, թե ոչ, բայց կտրուկ թեքվեց և հատեց փողոցը: Ամեն ինչ կատարվեց ժամանակի չափվող ամենափոքր միավորի մեկ տասներորդում: Դիմացից եկող մեքենան Արսենինն էր: Նա նկատեց վազող Նունեին, կտրուկ արգելակեց և ղեկը թեքեց այսկողմ: Լսեցի միայն անիվների տնքոցը ասֆալտին, «Բենթլիի» լուսարձակներն եկան դեպի ինձ, փայլեցին աչքերիս առաջ ու ես արգելակեցի… Բարձիկը բետոնի կարծրությամբ հարվածեց դեմքիս, ես փորձեցի ամուր բռնել ղեկից, բայց իներցիայի ամենազոր ուժով դիմապակու միջով թռա…

19.08.2013թ.

Google