Սիրելու գրաֆիկ

24-08-2017

 

 

 

 

Սրանք սեր են խաղում սեթևեթանքով

Ու վարդերով իրենց չափորոշիչ:

 

Արի, փրկիր ինձ այս անգոյ կերպից,

Երբ հաճույքներին տրվելը մեղք է,

Եվ անկողնու համար՝ հատուկ գրաֆիկ:

 

Իսկ ինձ քո սերն է անհրաժեշտ հիմա

Հորձանուտի պես չսպասված պահին…

Տե՛ս, ծերանում եմ…

 

Մեռնում է իմ մեջ պատկերացրածս,

Սպանում են սրանք գրաֆիկներով.

Տես, այսօր ուշ է, մեջքս է բռնվել,

Հազում եմ մի քիչ, գլուխս է ցավում…

 

Ես զզվել եմ սեր մուրալով ու հոգնել,

Ծեր են սրանք ու անպահանջ այրիներ,

Հանգցնում են իրենց դժկամ դեմքերով

Սերս, սերդ, իմ կրքակեզ, գիժ փոքրիկ…

 

Աստիճանին անցումների ու պատին,

Տանիքներում խորհրդավոր, անծանոթ,

Խնջույքներին աղմկոտ ու մայթերին մարդաշատ

Սեր ես, սեր ես դու նկարել ինձ համար:

 

Դու տրվել ես անմնացորդ, կրքակեզ,

Քիչ է եղել ամեն օրս քեզ համար

Ու գտել ես ինձ ամենուր, բռնացրել

Ու քամել ես սերս, սերդ, իմ փոքրիկ…

 

Ես մեռնում եմ հիմա անքեզ ու վաղուց

Կորցրել եմ զարկը սիրո երակի

Դադարել է սիրտս խփել անկանոն,

Անգամ գծած այն ազդրերից դիցուհու…

 

Սեր են սրանք հիմա փորձում ինձ պատմել

Կենցաղ դարձած ու դարդոտած կերպարով,

Իմ գիժ, իմ անսկզբունք, իմ անվերջ…

Ու՞ր ես ցնդել տիեզերքից այս կապույտ…

 

Google