Գրասեղանս

05-02-2014

1376530_617511774959144_192571247_aԻջել է հիմա մի որբ երեկո մեղքերից ծռված ուսերիս վրա ու հատուցումի ժամն էլ չի գալիս, որ լվամ մեղքերս կապույտ արյունով: Ես ինչպե՞ս գտնեմ ծայրը քաոսի, որ արդեն քանի տարիներ ամեն օր ու ժամ դարսել եմ անհոգ: Այդպես գրասեղանիս դարակն է լցվում մանր ու անպետք իրերով տարբեր, երբ ամեն անգամ մաքրություն կոչվող ծեսին այդ շինծու ես ձեռքով քաշում, այնտեղ եմ լցնում ինչ որ պատահի, ինչ խանգարում է: Հիմա, կարծում եմ, ժամանակն է բայց դարակը շուռ տալ հատակին դատարկ ու աղբի դույլը կողքիս դնելով հատ – հատ որոշել ինչ է պետք կյանքում ու ինչը նետեմ այսօր աղբաման: Կապույտ արյունի միֆն էլ կցնդի, եթե մի օր գա ժամը հատուցման, որովհետև դա ներշնչանքի նման մի սուտ է, ինչպես ամեն բան իմ աղբանոցում: Դա ձեռք չեն բերում կյանքի ընթացքում, դա պապենական ցեղով է գալիս, ինչպես խալերը կամ գերբը տոհմի: Բայց ու՞մ հայհոյեմ կամ ինչ իմանամ, թե որտեղ է այդ բացը իմ ես-ի, ո՞ր մի պորտում է արյունս պղծվել կամ էլ ո՞վ ասաց` կապույտ է եղել… Ես չգիտեմ ինչքան ժամանակ է պետք կյանքիս քաոսը վերանայելու ու սկզբից պետքն ու անպետքը ջոկել, դարակներս ողջ դասավորելու կամ էլ ցեղիս մեջ կապույտի բացը գտնելու համար:

Ես գիտեմ, որ դարակումս ոչինչ չի մնա, միայն քո անունը, եթե հասցնեմ դա չկորցնել: Մնա, մնա ինձ հետ, քույր, եղիր միակը նոր, մաքուր կյանքիս…

24.10.2013թ.

Google