Համբույրը…

01-05-2014

black_bride Այդ համբույրը կլինի թույլ ու հպանցիկ, բայց միլիոնավոր վոլտերի ուժգնությամբ կանցնի մարմնովդ ու աչքերդ տեղից դուրս թռչելու պես կփշրվեն: Դու կանգնած կլինես, կլինես ներկա, վստահաբար գիտեմ: Կնայես ուշադիր, կտեսնես, որ համբույրն այդ ձևական է ու ստիպված, կլսես, ինչպես է տեր հայրն արտասանում ծիսակարգը և ամեն բառը հատ-հատ կքանդի ուղեղդ, քեզ կթվա, որ միլիարդավոր տոննա կշռող մի մուրճ գլուխդ ներսից փորձում է ցրիվ տալ…«Կարող եք համբուրել հարսին», – կասի նա բարձր, կասի նա հրամայական ու խրոխտ և դու կլարես աչքերդ: Այդ համբույրը կլինի սառը և սառնությունը կփոխանցվի քեզ, կկանգնացնի երակներովդ հոսող արյունը, կսառցակալի սիրտդ և ապակու նման փշուր-փշուր կլինի: Քչերը կկարդան աչքերումս, որ երջանիկ չեմ, կմտածեն, թե հոգնել է տղան, բայց երբ շրջվենք , որ դուրս գանք եկեղեցուց, ես կնայեմ քո աչքերին պարզ, ոչինչ չարտահայտող աչքերով, կտեսնեմ ցավդ, որ սեղմել ես ատամներիդ արանքում, կտեսնեմ գուցե ատելություն, չարություն, բայց ես կներեմ քեզ: Ես քեզ կներեմ քո վրեժի համար նաև, ես քեզ կներեմ ամեն ամեն բան, որովհետև գիտեմ, որ դու երբեք էլ ինձ չես ների, որովհետև գիտեմ, որ դավաճան մարդուն հասնում է ամեն ինչ, գիտեմ, որ դա էլ է քիչ նաև… Ես չեմ հիշի, թե ինչպես եմ հավատարմության երդում տվել, չեմ հիշի, թե ինչպես ես միշտ վստահ եղել, որ ես անդավաճան եմ, որ ես ազնիվ եմ, ես ոչինչ չեմ հիշի այդ պահին…
Իսկ ես մտածում եմ, որ կխճաս ինձ, որ կնայես հուզված աչքերով ու կհասկանաս… Ախր, դու ինձ միշտ ես հասկացել… Հիմա ավելի եմ համոզվում, որ դու երբեք էլ չես կարողանա չարությամբ նայել ինձ, որ երբեք ատելի չեմ լինի քեզ ու դա ավելի ահավոր է: Ահավոր կլինի, որ բարձրացնեմ աչքերս վեր, տեսնեմ սրբապատկերները, գնամ տուն, նայեմ հայելիների մեջ, երեխաներ ունենամ, տեսնեմ նրանց աչքերը ու բոլորը գոռան.«հուդա» ու ամեն շողքի ու դատարկության մեջ, անգամ քամուց ավլած մեր մայթերին գրված լինի . «դավաճան»:
Ես կվերցնեմ նրան երկու ձեռքերիս, նա քեզնից ծանր կլինի (նա իմ բեռը կլինի), կտանեմ ննջարան: Նա ատելի ճերմակ զուգագուլպաներ կունենա, զզվելի սպիտակ ներքնազգեստ, որոնք դու երբեք չես կրել: Նա կփորձի լինել գրավիչ, կփորձի տրվել, անմնացորդ, անկիրք: Ես կլսեմ, թե ինչպես ես մենակության մեջ դու հիմի հեկեկում և օդը քո արցունքներն ու հևոցը կբերի, կլցնի ուսիս, ինչպես ամեն անգամ ես քո հուսահատության մեջ գրկել ու հանգստացրել եմ քեզ… Ես չգիտեմ, թե ինչպես կբացվի առավոտը, թե ես երբ կնայեմ երկինք, բայց չվող թռչունների երամի մեջ ես կտեսնեմ քեզ, ես կտեսնեմ իմ երջանկությունը, որը սև փետուրներ կունենա հաստատ ու կչվի ինձնից այլևս երբեք չվերադառնալու…

Google