Հարթ

09-08-2015

1384534919-composition-with-roses-31Դու գրկել ես նրան, նա` քեզ, ես` ուրիշին…

Կաթի շիշ կա քո ձեռքում, իսկ իմում վարդեր: Անհոտ, թանկարժեք ու դեղին:

 

Մի ժամանակ միշտ գալիս էիր երիցուկներ հավաքած ու ճանապարհներից ինքս էի քեզ համար դաշտային ծաղիկներ բերում… Դրանց դառը հոտը տնով մեկ խուտուտ էր տալիս ինձ, բայց ես սիրում էի քեզ ու քո ծաղիկների հոտը…

 

Կապույտ, մոխրագույն էին մեր տան պատերը, բրոնզով վրաները գծեր քաշած: Քո մահճակալին միշտ գաջի փշրանքներ էին թափվում առաստաղի ճաքերի արանքներից ու առավոտյան արթնանում էիր հողոտ: Ինչ լավն էր մեր այդ հին տունը…

 

Հիմա ամեն ինչ նորոգ է ու կոկիկ, հարթ հավասար ուղիղ: Դաշտային ծաղիկներ չկան ու չեն լինի էլ: Թանկարժեք մեքենայով ու կոշիկներով դաշտերում թրև չեն գալիս և բացի դա քո ծաղիկների դառնահոտը գուցե ներծծվի պատերի մեջ ու ամեն ինչ էլի փչանա:

Մեր մահճակալները միացան, դարձան մեկը` մեծ, ծանր, փայտագույն: Սրա տակը տեղ էլ չկա անգամ, որ կեղտոտ գուլպաներս «միամիտ» թաքցնեմ: Համատարած հարթությունն ամեն ինչ հարթացրեց, հմուտ արհեստավորները մեր երկուսի սրտերի ճաքերն ու վերքերն էլ շաղախեցին, ծեփեցին, փակեցին ու ծխեցին: Հիմա ամեն ինչ հարթ է, կոկիկ ու ես երկար ժամանակ է, որ տուն չեմ գալիս: Դու արդեն վաղուց չես աշխատում ու չես մտածում, թե երբ քնես, ինչքան փող հավաքես, որ քեզ կոշիկ առնես, ձմեռ է գալիս: Ես ունեի փոքրիկ, կարմիր զգեստապահարան, որ ինքս էի սարքել, իսկ դու` պայուսակ: Հիմա մեր մեծ սենյակում, մեծ պահարաններում տեղ չկա անգամ նոր գուլպաների, դու նվիրել ես քո հին պայուսակը, ես իմ պահարանը դեն եմ նետել: Ու նստած փափուկ անկողնուն դու գրկել ես նրան ու կաթի շիշ կա քո ձեռքում: Ես դեղին, թանկարժեք վարդերը մի ձեռքիս, իսկ շամպայնը մյուս, մի գողտրիկ անկյունում համբուրվում եմ նրա հետ: Երեկ ուրիշի, վաղը` չգիտեմ:

 

Մենք քաղաքի կենտրոնում պայմանավորվում էինք, որ միասին մետրոյով տուն գնայինք, իսկ հիմա ես իմ մեքենայով, դու` վարորդի հետ: Ես գնում եմ քաղաքից դուրս, քաղաքից հեռու, այս փոքրիկ քաղաքից ու մեր մեծ տանից, իսկ դու նրա հետ բժշկի, խանութ, տուն: Երբեմն երբեմն ես տեսնում եմ, թե նա ինչքան է մեծացել:

 

Վերջին անգամ արցունքներով լաց էր լինում: Ընկեր բժիշկներիցս մեկը բացատրեց, որ այդպես նա կարոտում է ինձ, որ արդեն ճանաչում է իմ հոտն ու այդպես ինձ տեսնելիս ուրախանում է: Ես հուզվեցի, կարոտեցի, բայց խմեցի ընկերության կենացը, մեր ծանոթության, այս երկու հրաշք աղջիկների, որ այսօր ճակատագրով մեզ հանդիպեցին (ինչ – որ զզվելի ռեստորանում), անգամ ծնողների (ու մտքովս էլ չանցավ իմ մասին հիշել կամ քո կամ նրա), հետո բարով տեսանք էլի ու առավոտյան մոռացա, թե ինչպես է կարոտում ինձ նա:

 

Ես չգիտեմ, թե ինչպես ես կարոտում ինձ դու: Գուցե նույն կերպ: Գուցե ավելի ծանր, բայց մեր հարթ տան մեջ, ուր ամեն ինչ դասավորված է հատիկ առ հատիկ, ուր պատերին քո նկարներն արդեն չկան կամ իմ, կարոտին անգամ տեղ չկա, որովհետև զբաղված են բոլոր պատերն ու անկյունները, անգամ ահռելի մեծ զգեստապահարանները:

 

Ես կարոտում եմ իմ անցյալը, քեզ` անցյալիս մեջ ու կյանքս թերթված էջերով: Ես հասա իմ բոլոր նպատակներին, բայց քեզ թողեցի ճանապարհի կեսից: Ես վազեցի դաշտերով, տրորեցի քեզ համար աճած ծաղիկները, ընկա այս ամեն ինչի հետևից ու չզգացի, թե դու ինչպես մնացիր հեռվում: Հետ գալ ես չեմ կարող:

Առավոտյան նա կարթնանա, իսկ դու չես էլ քնել: Կաթի շիշը կլինի ձեռքիդ ու կսպասես արթնանալուն, ես թաց անձեռոցիկով կսրբեմ ինձ, ինչ-որ թղթեր կդնեմ մահճակալի կողքի պահարանին, կթողնեմ գուլպաներս գետնին, սրան չեմ արթնացնի ու կգնամ մեկ ուրիշի մոտ կամ աշխատանքի: Դու այդպես էլ կնայես հեռախոսիդ, նա կնայի քեզ, (գուցե կաթն էլ չուզի) և աչքերի անկյուններում երկու կաթիլ արցունք կհայտնվի…

Google