Հայր

31-12-2011

59482_460516430658680_822169304_aԵրբ ցավում են արմատներս, հայր իմ,

այրիդ թաքուն անեծքներ է ուղարկում քեզ գտնելու,

Ու մատներդ իմ մազերը չգտնելով շոշափում են բաժակդ մեծ.

Ուրացող  քամին երազներս է գողանում ինձնից….

Ալբոմների մեջ չկա հիշեցում, և ոչ էլ կարոտ…

Հռոմեական ամսանուններով զարդարված մի գիրք և արդեն դեղնած ծխախոտի տուփ…

Հիմա էլ չկա քո բազմոցը հին և բազկաթոռը: Վաղուց թափել ենք: Իսկ պատից կախված ծեր ժամացույցը տկտկում է դեռ…

Օրերն անցնում են անպտուղ ու լուռ, և դու կողքիս չես: Ստուգման գրքույկս շատերն են տեսել, ուրախացել ինձնով, նույնիսկ առաջվա ընկերդ` Սաքոն: Իսկ դու ինչ-որ տեղ նորից հայրացել ու չգիտես էլ, որ ուսանող եմ, որ բանակում չեմ… Քո փոքրիկի համար ես արևներ եմ խնդրելու Աստծուց և աղոթելու եմ, որ կենտ չդառնա, ինչպես մի օր ես:

Եթե գնում էիր, քո բազկաթոռն էլ վերցնեիր քեզ հետ, մայրս ասել է օրերի մեջ քեզ: Ավելորդ բեռներ չես սիրում վերցնել,անպետք, հնամաշ, ու դրա համար մնացի անքեզ, գլխաբաց ու որբ:

…Իսկ ընկեր Թավրիզյանը, մի օր, երբ յոթերորդ դասարանում էի, ասաց` թող հայրդ գա ինձ մոտ, մորդ չբերես, մեղք է այդ կինը: Ու ես մի ամբողջ շաբաթ գրականության դասին Կասկադից քաղաքիս էի նայում, ուր ապրում ենք ես, դու , տղադ ու էլի շատ որբեր: Մի օր տղայիս հետ կգնամ դպրոց, իսկ այն ժամացույցը, եթե ուզում ես, արի տար, շուտով շպրտելու ենք…

Google