Հեքիաթանման

31-12-2011

536332_460502887326701_972217640_aՈւ հիմա թե հասկանում ես այն ինչ ունես, այն ինչ կուզես ու երբևէ իմ մատներից կստանաս, փոքրիկ վախով, իմ նու՚րբ, փոքրի՚կ, ես մազերդ կշոյեմ: Բեր այսօր էլ ես քեզ համար հեքիաթ պատմեմ բալի մասին ու մասրենու: Ցուրտ է նորից: Ախր գիտեմ, որ հեքիաթս կարևոր չէ էլ քեզ համար, դու գլուխդ հարմար դրել ու լուռ ննջում ես իմ կրծքին, մեծացել ես արդեն վաղուց: Է, աղջիկս, թե իմանայիր ես քեզ համար ինչքան արև եմ գողացել, ինչքան -ինչքան գիշերներում աչուկներիդ համար երազ, իսկ քո հոգուն ես խաղաղ քուն եմ մուրացել, թե իմանայիր, որ այս կյանքում քեզ հետ մենակ եմ մնացել, լոկ երկուսով, էլ մարդ չկա, չկա շշուկ ու արձագանք, թե հասկանայիր, որ ձեռքերովս ես երկնքում քեզ ծիածան եմ նկարել ու մեղմ ժպտայիր, այդժամ կասեի, որ մեծացել ես բալիկս: «Կասե՞ս հայրիկ, թե ինչ ասել է բաժանում, թե ի՞նչ է մահ կամ էլ կորուստ»: Մահը այն է, երբ արևը հորիզոնում կարմիր դառնում, բոցկլտում է ու քուն գնում վաղվա համար, անհետանում: Բաժանումը… Երբ մայրցամաքին օվկիանոսներն են բաժանում, երբ սարերը բաժանում են մեզ ջրերից, ու ամպերը մեզ արևից, բայց ոչ երբեք սահմանները մարդուն մարդուց ու բանտերը ու պատերը: Իսկ կորուստը, երբ գիշերվա մեջ մթին քո ստվերն է ձուլվում իմին ու կորչում է, երբ երկնքից աստղ է կորչում, երբ խավարում լուցկին վառվում ու վերջանում է, երբ սեղանին կամ թեյի մեջ ջրից թրջվում ու շաքարն է անհետանում… Կորել է , չէ՞: Քնիր ձագուկս հիմա, թող քո կյանքում լինի այնպես, ինչպես գրում եմ ես հիմա, թող կորուստդ լինի արցունք, բաժանումդ քնից քուն ու լուսաբաց: Ես քեզ համար էլի արև կգողանամ ու կմուրամ բարի երազ, մթնում հանգչող աչուկներիդ լույսի համար: Ու առավոտ … Մի օր կգամ, կգամ քեզ մոտ ու քեզ կասեմ. «Բարև փոքրիկ»: Ու ամպերիդ միջից էլի դու կփարվես կրծքիս հիվանդ և կխնդրես հեքիաթ պատմեմ, որ շուտ քնես: Քո երկնքում, ծիածանի հետ ամպերի, բալն էր ապրում ու մասրենին… Հա, հիշեցի… Ու լինում է , ու չի լինում…

Google