Հիասթափությունս

20-04-2014

45uo2YoY5s0                Ես քեզ ասում եմ հիմա անկեղծ ու պարզ, որ իմանաս ու հանելուկներ չփնտրես: Ամեն ինչում մեղավոր էր կատվի ձագն այն փոքր, որ չգիտես որտեղից հայտնվեց ու մեքենայիս անիվների տակ թռավ: Դու ձեռքերով փակեցիր դեմքդ, գուցե և ճչացիր, չեմ հիշում արդեն, բայց ինձ պատեց մի վախ, մի մեղքի բառ ընկավ վրաս ու սարսուռն անդրադարձավ մաշկիս՝ հազարավոր ծակոտկենների տեսքով… Դու գոռում էիր վրաս, ստիպում, որ ես հետ գնամ, որ տեսնենք, թե ինչ եղավ նրան, բայց ես այնքան վատ էի, որ այդ պատկերը տեսնել ի վիճակի չէի: Ես ինձ վատ էի զգում… Չէի վստահում էլ ձեռքերիս, որոնք այդքան ճարպկորեն փրկել էին ինձ մինչ այս պատուհասած միլիոնավոր աղետներից: Ես, որ անընդհատ պարծենում էի, թե առաջին կարգի վարորդ եմ, որ չկա մի այնպիսի տեխնիկա, որ ինձ չենթարկվի, հիմա նստել էի դահիճի նման լուռ, իսկ դու ծանրացնում էիր մեղքս քո ամեն մի բառով: Շունչս կտրվում էր, ես ապրածս չէի զգում, իսկ դու շարունակում էիր, գոռալ, լացել, ու քո հիստերիկ վիճակը կշարունակվեր այդպես, եթե նյարդերս տեղի չտային ու վրադ բարկանալով դուրս չանեի մեքենայիցս…

Ես ուրիշ կերպ էի պատկերացնում քո սեր կոչվածը, որի մասին անվերջ խոսում էիր: Ինձ թվում էր, թե չկա ինչ-որ բան, որ կստիպի քեզ ինձ այդքան ատել, այդքան չար լինել և դա այն դեպքում, երբ ես միտումնավոր ոչինչ չէի արել: Անգամ, ես վստահելով ձեռքերիս ճարպկությանն ու տարիներիս փորձին, աշխատել էի խուսափել անխուսափելիից: Դու այդ անծանոթ ու անտեր կատվի ձագին մի ակնթարթում սիրեցիր ինձնից շատ ու հանուն նրա պատրաստ էիր ինձ հոշոտել: Ամեն դեպքում աչքերիդ միջի ատելությունն այլ բանի մասին չէր հուշում: Այդ պահին ես մենակ էի, աշխարհի ամենամենակը ու զզվում էի ինքս ինձնից:

Ես քեզ ոչինչ չասացի, գնացի: Գնացի, որ տեսնեմ, թե ինչ եմ արել… Թեև դու ասում էիր գնանք, բայց ես չէի ուզենա, որ դու տեսնեիր երեք տոննայանոց մեքենայի անիվների տակ ճխլված կատվի ձագին, արյունը, ինձ՝ այդքան խեղճացած, որովհետև ինքս էլ պատրաստ չէի այդ ամենը որպես իրականություն ընկալելու…

Ձեռքերս դողում էին, ես հազիվ էի քշում մեքենան, դանդաղ մոտենում էի այն տեղին, որտեղ այդ չարաճճի հիմարը թռավ անիվների տակ: Բայց ասֆալտը չոր էր, անգամ արյան նշույլ չկար, իսկ այդ փոքրիկ փորձանքը մի քիչ այնկողմ խաղում էր խաղողի տերևների հետ: Ես ժպտացի: Աչքերս լցվեցին, հանգստացա… Ու այդ վայրկյանին ատեցի քեզ, քո ձայնը, քո անտեղի մեղադրող աչքերը: Իմ մեջ քեզանից ոչինչ չմնաց…

Գնա հիմա, գտիր այդ ապուշ կատվի ձագին ու քնիր հետը…

Google