Հովանոց

01-03-2014

vvsh_33_071Ես այսօր հասկացա, որ կյանքում փնտրածս եղել ես դու: Թեև այսքան ժամանակ մտքովս երբեք չէիր անցել: Ինձ թվում էր, թե երջանկությունը կամ կյանքի իմաստ կոչվածը պետք է փնտրել կյանքիդ ընկերոջ, լավ կնոջ մեջ: Ու անընդհատ դեգերումների ու փնտրտուքների մեջ էի: Ապարդյուն էին բոլոր փորձերս, բոլորն իրար նման ու անպտուղ:

Այսօր այս հուսահատ մենության մեջ հանկարծ մտածեցի քո մասին: Պատահական: Քաղաքում անձրև էր գալիս, ես քայլում էի արագ-արագ, որ հասնեմ մեքենայիս: Բոլոր անցորդներն անձրևանոցներ ունեին, միայն ես էի, որ գլխաբաց քայլում էի իմ ամառային կոշիկներով: Այդ պահին ուզեցի հովանոց ունենալ, որ ես էլ չթրջվեմ: Այնպիսին, ինչպիսին բոլորի ձեռքին կար: Ու հասկացա, որ անձրևանոցի հետ էլ մենակ կլինեմ, արդեն չեմ շտապի, բայց կիսատ կլինի ամեն ինչ: Ու այդ վայրկյանին պատկերացրեցի քեզ:

Դու կլինես փոքր: Երեք, չորս կամ հինգ տարեկան: Մենք միանման հագնված կլինենք: Դու մի քիչ երկար գանգուրներ կունենաս, սպիտակ մաշկ ու շատ խոշոր, խելացի աչքեր: Ես ձեռքիս հովանոց կունենամ, մեծ, սև: Ու դու էլ, բայց փոքր: Հա, դու անպայման պետք է ունենաս հովանոց ձեռքդ բռնած, ես իմ հովանոցը քեզ համար չեմ պահի, դու պետք է այդ ժամանակվանից սովորես ինքնուրույն լինելը: Դու երբեք չպետք է իմանաս, որ եթե քաշես հովանոցդ, ապա կհայտնվես իմի տակ: Դա միշտ այդպես կլինի, բայց դրա մասին պետք է հասկանաս շատ տարիներ հետո, երբ դու կբռնես իմ մեծ, սև հովանոցից:

Ես բռնած կլինեմ քո ձեռքը և ճանապարհը ցույց կտամ, բայց ինչքան էլ հոգնես, ես քեզ չեմ գրկի, դու ինքնուրույն պետք է անցնես ճանապարհը: Ես միայն քեզ կտանեմ այնպես, որ չընկնես ջրափոսերը: Ես քեզ ցույց կտամ, կսովորեցնեմ, թե որոնք են ջրափոսերն ու ինչպես շրջանցել դրանք, որ ոտքերդ չթրջվեն:

Մենք միասին կկանգնենք բոլոր կարմիր լույսերի տակ, անգամ, եթե ուրիշներն անցնեն: Դու կսովորես երբեք չանցնել կարմիր լույսերի տակով: Կսովորես երբեք չլինել ամբոխի մի մաս: Չհետևել այդ ուրիշներ կոչվածին: Հետո նաև կսովորեցնեմ, թե ինչու պետք է կանգնել կարմիր լույսերի տակ ու ինչի համար են ընդհանրապես դրանք:

Ես կքայլեմ քո կողքից, հավասար: Դու ինքդ պետք է ընտրես ճանապարհը, որը պետք է անցնես: Իմ մեքենան էլի կանգնած կլինի շատ հեռու այն տեղից, որտեղ մենք կլինենք ու դու կգտնես ամենակարճ ճանապարհն ու ամենահարմար անցումները: Ես ուղղակի կգամ քո կողքից: Ես քեզ չեմ թողնի, որ սխալ ճանապարհներով գնաս, որովհետև ձեռքդ բռնած կլինեմ, բայց դու ինքնուրույն պիտի գնաս ու միշտ իմանաս, թե որոնք են սխալ ճանապարհները, որ ոչ թե ես քեզ արգելում կամ ուղղորդում եմ, այլ ինքդ չես ուզում այդպես:

Մենք ճանապարհին կհանդիպենք իմ ընկերներին, կանցնենք այն տեղերով, ուր ես եղել եմ, ուր ծնվել եմ, սովորել ու աշխատել, ուր ապրել եմ: Դու պետք է պարտադիր իմանաս գենիդ պատմությունը: Ես քեզ կծանոթացնեմ բոլորի հետ ու դու կհարցնես. «Այսինչն է՞լ էր ընկերդ»: Ես կպատասխանեմ. «Ոչ: Դա Այսինչն էր»: Ու դու կհասկանաս, որ ընկերներին պետք է ճիշտ ընտրել, որ այսինչն ու այնինչը ընկերներդ լինել չեն կարող:

Ես քեզ երբեք չեմ ծանոթացնի Նրանց հետ: Երբ խանութում մենք քո համար փոքրիկ-փոքրիկ կոշիկներ ընտրելիս լինենք, գեղեցիկ աչոնիկների ու մորաքույրների ժպիտներին փոխադարձ չեմ պատասխանի ու ոչ էլ համարս կգրեմ ՀԴՄ կտրոնին, որ հանկարծ չտեսնես: Այդպես դու կսովորես հարգել քո մորը ու այն մարդուն, ում կյանքում ընտելացրել ես քեզ: Այդպես դու կսովորես հավատարիմ լինել:

Ես քեզ փոքրիկ շունիկ կնվիրեմ: Դու ամեն անգամ ինձ կստիպես, որ տանենք նրան ման տալու, կկերակրես ինքդ, կխաղաս: Միասին ծառեր կտնկենք ու կջրենք, կխնամենք դրանք և նաև նրանք, որոնք մինչ քեզ ես արդեն տնկել էի:  Կսովորես հոգատար լինել, պատասխանատու:

Ես գիտեմ, թե ինչքան կարևոր է քեզ համար քնելը, բայց ես քեզ ամեն օր ինձ հետ կարթնացնեմ, միասին կլվացվենք, կլվանանք ատամներն ու տանից դուրս կգանք: Ես աշխատանքի, դու` մանկապարտեզ կամ հետո դպրոց: Դու պետք է սովորես օրդ ճիշտ կազմակերպել ու ռեժիմ ունենալ:

Ես քեզ համար գրքեր կկարդամ, որ հետո սիրես գրքերը, որովհետև կյանքի իմաստությունն ու էլի շատ բաներ քեզ միայն գրքերն են տալու: Գրքերից կսովորես ազնիվ ու իմաստուն լինել, որովհետև դրանք չեն սովորում: Դրանք հոգու մեջ են լինում, իսկ հոգիդ միայն գրքերը կմաքրեն: Դու ինձ անվերջ հարցեր կտաս, որոնց բոլորին ես կպատասխանեմ: Ես երբեք քեզ չեմ խաբի ու անպատասխան հարցեր չեմ թողնի: Այնպես, ինչպես ես շատ փոքր ժամանակ քեզ բարձր նետում էի վերև ու բռնում, այդպես էլ իմ ճշմարիտ պատասխաններից դու կսովորես վստահել ու լինել վստահելի:

Դու պետք է իմանաս, որ ես միշտ կողքիդ եմ, կամ ու երբեք չվախենաս ընկնելուց: Դու պետք է ընդհանրապես ոչնչից չվախենաս, որ կարողանաս մեծ քայլեր անել: Ես քեզ կսովորեցնեմ քայլել: Մենք կվերցնենք մեր հովանոցներն ու իրար ձեռք բռնած կքայլենք շիտակ ճամփաներով: Դու պետք է սովորես իմ նման ուղիղ անցնել այն ճանապարհը, որը մի օր ես, գուցե, կիսատ թողնեմ… Բայց դրա մասին պետք չէ, որ այսօր իմանաս…

Google