Հրաժեշտից առաջ

31-12-2011

527376_460524577324532_1283596374_aԵս քեզ ներում եմ…

Իմ սխալներին տեր չկանգնելու և դրանց ծանրությունն ինձ հետ չկիսելու համար…

Ինձ բաց թողնելու և կյանքում ուրիշի հետ երջանկանալու մտքի հետ համակերպվելու համար… Այդ միտքը գլխումդ ծնելու համար…

Մեր ապրած կյանքը, մեր ներկան պատմություն դարձնելու, իսկ ապագայի պլանները ողջ հեքիաթ դարձնելու համար…

Ամեն ինչ անցյալ ժամանակ տանելու համար…

Իմ բաց թողած օրերի ու քեզ չվայելած րոպեների համար…

Քո ջանքերի ու փորձերի անպտուղ լինելու համար…

Վստահ ու անցավ ինձ ճանապարհելու, ինձ ամեն ինչից չփրկելու ու ետ չպահելու համար…

Ծնկած ժամանակ ինձ հարվածելու ու ցավս տրորելու համար… Ինքդ քո ցավերին չդիմանալու, քո ձեռքով քո սերը մերժելու համար…

Ինքդ քեզ խաբելու, ինձ չհավատալու և նոր` ուրիշ հավատներին ինքնապատրաստվելու համար…

Իմ հեռանալուն անհամբեր սպասելու, ինձ մենակ թողնելու և ապաշխարությունս անտեսելու համար…

Ինձ քո ու խղճիս առաջ պարտք թողնելու համար…

Չասված բոլոր լավ բառերի համար…

Իմ քանդած ու ավիրած սիրո համար…

Այն սիրո, որ այդքան բանի միջով անցնելուց հետո, չնայած պարտավոր էր, բայց չդիմացավ…

Ներում եմ քո չկրկնվող մազերի գույնի, բալերինայի վզի ու ուսերի համար… Քո հպարտ ծիծաղի, քո աչքերի փայլի ու մատների շոյանքի համար, որոնք հավետ իմն են, բայց այսուհետ իմ հետ չեն լինելու…

Ես քեզ ներում եմ քո չներելու և իմ չծնված բալիկների համար…

Google